Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ոգու վերջին ամրոցն էիր դու
և մեր հավատքի տաճարը, Արցա՛խ,
բայց քեզ դավեցին անկյանք աչքերով
տերերն աշխարհի՝ բարբառելով, թե՝
իրենց նավերը
չեն կարող լողալքո լեռներն ի վեր:
Դավաճանված ես նորից ու կրկին...
և քեզ դավել են աշխարհի բարձր
գահերին բազմած ու տիտղոսակիր
պարոններն անսիրտ, տիկինները շիկ,
որ ամենօրյա անխափան հոսքով
համայն աշխարհի բոլոր կողմերից
քեզ հղում էին ճերմակ բացիկներ,
հանց առհավատչյա անկաշառ սիրո:
Միգուցե դրանց հավատում էիր,
որ չկար ուրիշ մի հասցեատեր:
Դու մի՛ համարիր նրանց դավաճան...
Դավաճան էին որդիները քո՝
լեռներիդ նման հպարտ, չճկվող
և լեռներիդ պես վերձիգ, առնական,
բայց... դյուրահավատ,
բայց... հոգով մանուկ,
որ չգիտեին՝ դավելը, Արցա՛խ,
կոչումն է նրանց,
ինչպես որ քոնը՝
չխոնարհվելը ոսոխիդ առաջ:
Մենք էինք, Արցա՛խ, որ քեզ դավեցինք,
երբ արհամարհեցինք վիշապի նման
քո շուրջը պրկվող օղակը փշե,
շարունակեցինք աշխարհը հիշել
քո երկնագագաթ ձիգ բարձունքներից:
Դավաճանված են որդիները քո,
և քո լեռները դավաճանված են ...
Դարպասները միշտ ներսից են բացվում,
և քեզ էլ, Արցա՛խ, նախ՝ ներսից առան:
Քո դարպասները բացեցին նրանք,
որ երդվում էին լինել քեզ ծառա,
սակայն ուրացան հանց վերջին պոռնիկ ...
Իսկ նրանք, Արցա՛խ, չունեն հայրենիք...
Հայրենիքը, նախ, հոգում են կրում,
ապա՝ շուրթերին,
և եթե հոգին դատարկ անոթ է,
ուրեմն նեռն է այնտեղ ոգորում:
Քո որդիների սուփրան միշտ բաց էր,
այսօր նայում են, թե ով հաց կտա,
օջախիդ դուռը երբեք չէր գոցվում,
թափառական են որդիքդ, Արցա՛խ:
Խռով է նրանց հոգին աշխարհից,
իրենք իրենցից խռով են, մոլոր,
բայց նրանց միտքը քեզ հետ է նորից
քեզ է տենչում նա ամեն աստծո օր:
ԱԲՐԱՀԱՄ ՇԻՐԱԿՅԱՆ