կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 20:37
Հասարակություն

 ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը. ՀԺՄ

 ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը. ՀԺՄ

Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ ամենավայրի արշավն էր տարվում: Չբավարարվելով ամենաայլանդակ հայհոյանքներով, անեծքներով, սադրանքներով ու վիրավորական https://www.youtube.com/watch?v=irbEhwa2AgA արտահայտություններով՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ https://www.youtube.com/watch?v=8p0Qz8-e4Pk նետելով ու դրոշի կոթով https://www.youtube.com/watch?v=tOGd1i0bBJU հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կրկնում ենք՝ ամեն բան տեղի է ունեցել ուղիղ եթերում. տեսանյութերն առկա են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցողին, վերջ տալ այս ամենաթողությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին՝ զսպել իրենց համակիրների ու աջակիցների բնազդները:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը, վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք նաև միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ