կարևոր
370 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-20 12:18
Իրավական

Ակնհայտ անհիմն մեղադրանք է․ Սուրեն Մանուկյանի մայր գործին կցված գործով դատական նիստը հետաձգվեց

Ակնհայտ անհիմն մեղադրանք է․ Սուրեն Մանուկյանի մայր գործին կցված գործով դատական նիստը հետաձգվեց

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում  ընթացող Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը, պաշտպանական կողմի միջնորդությամբ, հետաձգվեց․ հաջորդ նիստը դատարանը նշանակեց նոյեմբերի 27-ին։

 Սուրեն Մանուկյանի նկատմամբ նոր քրեական վարույթ էր նախաձեռնվել՝  մայր գործով նիստի ժամանակ  տեղի ունեցած միջադեպի առթիվ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հոդվածով։ Դատական նիստի ավարտին, երբ  գործով արդեն նախկին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ, որոշումը վրդովեցրել էր  Մանուկյանին, ինչի հետևանքով ասել էր․ «Ինչ ուզում ես կայացրու, թքած ունեմ քո որոշման վրա։ Սրիկայի՛ մեկը, հանցագործներով հավաքվել՝ որոշում եք, թե ես հանցագո՞րծ եմ»։

«Այդ գործի նախաքննության ավարտին մեղադրյալը՝ Սուրեն Մանուկյանը, շատ հպանցիկ էր ծանոթացել նյութերին, քննիչին խնդրել էր, որպեսզի իրեն տրամադրեն վարույթի նյութերը, որ մինչև դատական նիստը կարողանա ամբողջական ծանոթանալ։ Նյութերը չէին տրամադրվել, և որպեսզի դատական նիստերի ընթացքում պաշտպանական կողմն իր հիմնավոր փաստարկներով կարողանար հանդես գալ, օբյեկտիվ անհրաժեշտություն էր նախ ստանալ նյութերը, գործին լիարժեք ծանոթանալ, հետո նոր մասնակցել դատական նիստերին»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ Անդրադառնալով Սուրեն Մանուկյանին վերագրված մեղադրանքին, փաստաբանն ասաց․ «Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ ակնհայտ անհիմն մեղադրանք է»։

Նաև նշենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
 

Հերմինե Զեյնալյան