Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 20-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ավարտին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ։ Դատարանն այդպիսով չի բավարարել փաստաբանների ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Նախորդ դատական նիստին, դատարանը որոշում էր կայացրել 3 ամսով հետաձգել կալանքի ժամկետը, որը լրանում էր նոյեմբերի 12-ին։ Դատարանը փոխարենը վկաներին լսելու կամ ապացույցներ հետազոտելու, որոշում է 20 օր շուտ քննարկել Սուրեն Մանուկյանի կալանքի քննարկման հարցը։ Սովորաբար կալանքի ժամկետը փոփոխելու կամ երկարաձգելու հարց քննարկվում է ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ դատավորի քայլերը թույլ է տալիս մտածել, որ նա հրահանգ կամ ցուցում ունի անընդհատ Սուրեն Մանուկյանին պահել կալանքի տակ։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։