Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում դատավոր Սերժ Ռուշանյան նախագահությամբ քննարկվում է ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ մեղադրյալներից մեկը մեղադրական եզրակացություն չի ստացել եւ անհրաժեշտություն է առաջանում դատական նիստը հետաձգելու, քանի որ մեղադրվողը, ըստ օրենքի, երեք օր առաջ պետք է ստացած լինի մեղադրական եզրակացությունը, որպեսզի դիրքորոշում հայտնելու հնարավորություն ունենա, սակայն դատավորը որոշեց շարունակել դատական նիստը, ինչը փաստաբան Վրեժ Ներկարարյանի համար հիմք հանդիսացավ կարծելու, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում։ «Կա ողջամիտ կասկած, որ դատարանը չի կարող անաչառ դատավարություն իրականացնել։ Եթե չենք ղեկավարվելու քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով, ցանկանում եմ ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն»,- հայտարարեց փաստաբանն ու խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի գրավոր կազմի բացարկի միջնորդությունն ու ներկայացնի դատարան։ Դատավորը 40 րոպե ընդմիջեց դատական նիստը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։
Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս.Մանուկյանի մեղավորության մասին։
Ի դեպ, Սուրեն Մանուկյանն օրերս հայտարարել էր, որ դատական նիստի ընթացքում, հրապարակելու է 2 սկանդալային տեսանյութ, որոնք լույս կսփռեն այս քրեական գործի բոլոր հանգամանքների վրա։