կարևոր
5596 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-06 21:39
Արցախ Աշխարհ

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Հայտնել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: 

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։

Մի շարք պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։

Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը: Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի և ՄԻԵԴ իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։ 

«Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգի գրավոր հարց էր ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, և արդյոք առկա սպառնալիքը հետևանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին և ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։

Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաև այլ հեղինակային կարծիքներ և զեկույցներ, ինչպես օրինակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին և արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետևանք թողնել Ադրբեջանի անդամակցության և կոնվենցիոն պարտավորությունների ակներև խախտումները։