կարևոր
5899 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-22 15:17
Արցախ

«Սպայկա»-ն չի անջատում շարժիչները. ո՞ւմ միջոցներն են վատնվում

Մոտ մեկ ամիս է, ինչ դեպի շրջափակված Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։ 400 տոննա հումանիտար բեռներով լցված երկու տասնյակ բեռնատարները, որոնք պատկանում են «Սպայկա» ընկերությանը, մեքենաների շարժիչները մշտապես աշխատեցնում են, որպեսզի բեռնատարների սառնարաններն աշխատեն ու օգնությունը չփչանա։  Մեկ ամիս շարունակ բեռնատարների շարժիչները պարբերաբար աշխատեցնելը կապված է հսկայական ծախսերի հետ, որը, «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի խոսքով, հոգում է ընկերությունը։

«Հումանիտար օգնությունը տրամադրելու համար անհրաժեշտ մեքենաները անվճար են տրամադրվել և այնտեղ կանգնելու ընթացքում, բնականաբար, պետք է ապահովվի համապատասխան ջերմային ռեժիմ, որն արվում է։ Մենք տեղադրել ենք արբանյակային համակարգ եւ հետեւում ենք, որ համապատասխան ռեժիմը պահպանվի»,- ասաց Բաղդասարյանն ու նշեց՝ տրամադրել են համապատասխան բյուջե, որպեսզի իրականացնեն ողջ գործընթացը։

Հարցին՝ արդյո՞ք պետությունը որոշակի գումար հատկացրել է ընկերությանը՝ ծախսերը մեղմելու համար, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց՝ նման խնդիր չեն բարձրացրել, ամեն ինչ իրականացվում է ընկերության կողմից։

Ստացվում է, խոշոր ընկերությունը հսկայական ծախսեր է անում, որպեսզի Լաչինի միջանցքի սկզբնամասում կանգնած տոննաներով հումանիտար բեռը չփչանա։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները նոր չէ, որ առաջնորդվում են «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» սկզբունքով, եւ ամենևին զարմանալի չի լինի, որ սկսեն քննարկել այլընտրանքային ճանապարհով՝ Ակնայով (Աղդամ) սնունդ ներկրելու հարցը։ Իսկ այս սկզբունքով առաջնորդվող իշխանությունների պարագայում բեռնատարները կանգնելու են, կանգնելու ու վերադառնալու Երեւան։   

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ «Սպայկա» ընկերության և իշխանության խնդիրն է հասկանալու, թե այդ ծախսերն ովքեր են հոգալու։ Չի կարծում, որ երբ այդ նախաձեռնությունը եղել է, Հայաստանում եղել են միամիտներ, ովքեր մտածել են՝ հենց նույն օրը բեռները մտնելու են Արցախի Հանրապետություն։

«Այդ բեռների տեղափոխումն ուներ այլ նշանակություն՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ Լաչինի միջանցքը իսկապես փակ է»,- ընդգծում է Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով այս օրերին Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին՝ պատգամավորը շեշտում է՝ Արցախում մի խումբ անձինք, այդ թվում պետական բարձր պաշտոններ զբաղեցնող, մտել են Հայաստանի իշխանությունների խաղի կանոնների դաշտ, ովքեր Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում և արագացնում են հանձման գործընթացը։

 

 Անի Նահապետյան