կարևոր
3940 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 16:47
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը հանրային աջակցություն ունի. այն համեմատելու չէ ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ. Մետաքսե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանը հանրային աջակցություն ունի. այն համեմատելու չէ ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ. Մետաքսե Հակոբյան

Արցախում Սահմանադրական փոփոխությունների են պատրաստվում, անցում կկատարվի նոր՝ խորհրդարանական համակարգի: Համապատասխան փոփոխվող հոդվածը Արցախի ԱԺ-ի գլխադասային հանձնաժողովում է: Հիմնական պայքարը երկու թեկնածուների միջև է՝ Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի:

Փոփոխությունների անհրաժեշտության և այս պահի նպատակահարմարության մասին «Փաստ» լրատվականը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում և արդյո՞ք այն ընդունելի է Արցախի ընդդիմության և արցախցիների համար:

-Դեռևս 2020 թ.  նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը հադես եկավ սահմանադրական փոփոխությունների պահանջով, քանի որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում մեր երկրի գործող իրավիճակին և ճգնաժամային իրավիճակներում լուծումներ չունի: Գործընթացները սկսեցինք ընթացակարգին համապատասխան և, ըստ դրա, դեկտեմբերին պետք է հանրաքվե տեղի ունենար, բայց Արայիկ  Հարությունյանը որոշեց, որ հանրաքվեի կարիք չկա և մեկ հոդվածի փոփոխությամբ կարող ենք փոփոխություններն իրականացնել:

Ընդդիմությունը, իհարկե, դեմ էր, բայց չնայած դրան, այդ փոփոխությունը բերվեց Խորհրդարան, հետո էլ հետ կանչվեց: Հիմա նորից մեկ հոդվածի փոփոխությունն ԱԺ-ում է:

-Այս պահին փոփոխության անհրաժեշտություն կա՞:

-ՍԴ փոփոխությունները պետք է լինեն և ամբողջ փաթեթով: Չեմ կարող ասել հանրությունն ամբողջությամբ ծանոթացել է՝ կո՞ղմ է, թե՞  դեմ, դա ցույց կտա հանրաքվեն, բայց բոլոր առողջ  քաղաքական ուժերը գտնում են, որ ահրաժեշտ են այդ փոփոխությունները: Շատերն այդ փոփոխություններին նայում են, որպես իշխանությունից ազատվելու շանս:

-Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ:

-Չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է տալ հենց իրեն: Ես նման հնարավորություն չեմ ունեցել: Նաև կուզեի հարցնել, թե ինչով է պայմանավորված մեկ հոդվածի փոփոխության հրատապությունը:

-ՀՀ իշխանությունը սատարում է Արայիկ Հարությունյանին: Սա ինչպե՞ս կանդրադառնա Արցախում կատարվելիք փոփոխությունների վրա:

-Իհարկե, կա երկու անձերի համագործակցություն՝  Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան: Երբ 2018թ-ին Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ստորակետի ճշտությամբ համաձայն է Փաշինյանի յուրաքանչյուր գործողությանն ու խոսքին, ապա հիմա էլ որևէ բան չի փոխվել: Այդ երկու անձինք որոշում են ողջ հայության ճակատագիրը: Ցանկացած որոշում համատեղ են ընդունում կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանը որոշում է, Հարությունյանն իրականացնում է:

Ականատես եղանք, թե ինչպես  ՔՊ-ական ուսապարկերը ջանք ու եռանդ չէին խնայում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին փնովելու գործում: Փորձում էին հիմնավորել, թե ինչու պետք է Վարդանյանը չլինի Արցախի պետնախարար: Նույն ցանկությունն ունեն նաև երկու թշնամական պետությունների ղեկավարները: Մարդ, ով պատրաստ է անձը մի կողմ դնել, գնալ զրկանքների հանուն Արցախի, հարմար չէ թշնամական պետություններին և Հայաստանի իշխանությանը: Ընդ որում, սա առաջին անգամը չէ:

-Արցախի ընդդիմությունը և Վարդանյանի աջակիցները, ովքեր, ըստ հարցումների, քիչ չեն, ի՞նչ հակառակ քայլեր են պատրաստվում անել:

-Միանշանակ Վարդանյանը հանրային աջակցություն ունի: Այն համեմատելու չէ, ո՛չ Հարությունյանի, և ո՛չ էլ Փաշինյանի հետ: Մենք արդեն 2 ամսից ավելի է շրջափակման մեջ ենք, և եթե չլիներ պետնախարարը, ապա Արցախում քաոս կլիներ և չէր լինելու այլևս այն հավատը, որ մենք պայքարով ինչ-որ բանի կհասնենք: Հիմա արցախցիներն այդ դաժան զրկանքները տանում են՝ հույս ունենալով, որ ինչ-որ կարգավորումներ են տրվում և դրանք կարճաժամկետ չեն լինելու, կարողանալու ենք լուրջ քաղաքական հաջողությունների հասնել: Հիմա այդ զրկանքները կրում ենք գլուխներս բարձր և այդ կերպ աջակցում ենք պետական այրերին, որ քայլեր անեն: Աստված մի արասցե, իրենց ցանկությունները կամ զրկանքները կրելու նպատակները հանկարծ չարդարանան, կարծում եմ,  արցախցիներն այն իրավիճակում են, որ ընդվզում է լինելու: