կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 10:35
Քաղաքական

Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական վիճակը վնասում է խաղաղության գործընթացին․ ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատար

Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական վիճակը վնասում է խաղաղության գործընթացին․ ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատար

Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը: 

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան ութ ամիս՝ չնայած այն բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը դարձել է համապարփակ՝ բացառությամբ բժշկական նպատակներով մարդկանց տարհանումների: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անհրաժեշտ պարագաների ծայրահեղ պակաս ունի, ինչը քաղաքացիական բնակչության համար կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: ԿԽՄԿ-ի ջանքերը տրածաշրջանում մեծ ազդեցություն են թողնում, ուստի անհրաժեշտ է ապահովել այդ կազմակերպության լիարժեք գործունեությունը մարդասիրական մատակարարումների և բժշկական տարհանումների համար»,- ասաց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:   

Նրա պնդմամբ՝ մարդասիրական ապրանքների առաքումը չպետք է քաղաքականացվի որևէ նպատակով: Անմիջապես պետք է վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ համաձայնագրի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, քանի որ կողմերը պարտավորություն են կրում ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը:

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելով քաղաքացիներին ապրանքների մատակարարումը Աղդամով։ Բայցևայնպես, դա չպետք է դիտարկվի որպես տարբերակ՝ չբացելու Լաչինի միջանցքը: Առաջին հերթին, պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգությանը և ապրանքներով ապահովելուն, պետք է խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջև երկխոսությունը: Դա անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ձևավորման համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անցյալ ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ամենօրյա կրակոցներ են եղել: ԵՄ-ի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, դիտարկումներ է անում և հաղորդումներ ուղարկում իրավիճակի վերաբերյալ: Առաքելության նպատակն է նպաստել հակամարտության լուծմանը և վստահություն ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա միջադեպերից ու վերադառնալ երկխոսության: ԵՄ-ն, մաասնավորապես Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն, ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ 2021 թվականից ի վեր: Շառլ Միշելի հյուրընկալությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպման շրջանակում երկու երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1992 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նաև նախապայման է սահմանազատման գործընթացի համար»,- նշեց ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:

Նա կոչ արեց դադարեցնել կոշտ հռետորաբանությունը, ինչն էլ կարող է խաղաղության և հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմք հանդիսանալ։ Պնդեց, որ երկխոսությունը բարեխղճության հիմքով շարունակում է արդիական մնալ:

ԵՄ հանձնակատարի կարծիքով՝ անհրաժեշտ է հանձնառու լինել բնակցությունների արդյունքներին և ձգտել փոխադարձ վստահության ձևավորմանը:

«Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղում ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը վնասում է խաղաղության գործընթացին: Խնդիրները պետք է լուծվեն, անհապեղ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ վստահության մթնոոլորտի ձևավորման նպատակով»,- նշեց նա։

Հանձնակատարի հավաստմամբ՝ ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն հանձնառու լինել երկու կողմերի միջև երկխոսությունը դյուրացնելու և տևական խաղաղություն ապահովելու հարցում՝ ի շահ և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության: