կարևոր
3304 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 12:02
Քաղաքական

Դարձ դէպի հայրենիք

Դարձ դէպի հայրենիք

Եօթանասուն տարի երազը կարողացանք պահել.
տեսնենք՝ հիմա իրականութիւնը պիտի կարողանա՞նք պահել։
Մովսէս Պչաքճեան

Լաւ կառավարուած երկրի մը մէջ աղքատութիւնը բան մըն է,
որմէ պէտք է ամչնանք։ Գէշ կառավարուած երկրի մը մէջ
հարստութիւնը բան մըն է, որմէ պէտք է ամօթ զգանք։
Կոնֆուցիոս

Այս հատորը Մարգար Շարապխանյանի 1977-2003 թթ. Հայաստան ինը այցելությունների, նրա հանդիպումների, ապրումների, խոհերի, ձեռքբերումների, կորուստների պատմությունն է։

Այդ ուղևորությունների ընթացքում հեղինակից անբաժան են եղել տիկին Էլիզը և համաշխարհային, հայ մշակույթի մեծերը…

Խորհրդային Հայաստանն ու Հայաստանի Հանրապետությունը պատմական իրողություններ են, որոնք հայ ժողովրդի համար եղել են դարերով երազած ԱՊԱԳԱ ու հիմա սփյուռքահայի ճակատագրի մատյանում դարձել են ՏՈՒՆ։ Հեղինակը հեռու է ինքնախաբեությունից, տեսածը, կարդացածը, լսածը դիտարկում է «Հայաստան ամէն բանէ վեր» (Շավարշ Նարդունի, էջ 5) անխախտ սկզբունքով։

«Ազգովին ո՞ւր կ’երթանք։ Ո՞ւր պիտի հասնինք այսպէս, քիչերուն հոգն է կարծես» (էջ 6),— սա Մարգար Շարապխանյան մարդու, հայի ամենամեծ մտահոգությունն է։ Հեղինակի միտքն ու հոգին տագնապեցնող այս հարցը, դժբախտաբար, արդիական է նաև մեր օրերում՝ գրքի հրատարակությունից երեսուն տարի անց…

Մարգար Շարապխանյան հայը այս երեսուն տարիների՝ 1977-2003 թթ․, եզրագծերում տեսնում է սաղմերն այն ապազգային երևույթների, որոնք այսօր դրսևորվում են որպես քաղաքական ծրագիր… Հեղինակը պնդում է, որ իր գրքի էջերը պիտի դառնան «գալիք պայծառ օրերուն» առաջաբանը (էջ 10)։

Տա՜ ԱՍՏՎԱԾ…

Բայց եկեք հեղինակի հետ անցնենք աշխարհի մի ծայրից մյուս ծայրը ձգվող ճանապարհները, տեսնենք ծանոթ ու անծանոթ մարդկանց, լսենք գրողի մտորումները և փորձենք այս ամենից դուրս գալ նույնքան հուսավառ ու խանդավառ, որքան պարոն Մարգարը…

Երևան հասած ամեն սփյուռքահայ կամա թե ակամա ամենուրեք Արարատ է փնտրում, ու նրա գոյությունը մի քանի շաբաթով դառնում է մտովի կամ բարձրաձայն զրույց Լեռան հետ։ Չեմ մոռանա լոսանջելեսաբնակ ամուսինների զարմանքը, երբ Մուղնիից վերադառնալիս ցույց տվեցի Արարատը… Օրեր շարունակ մայրաքաղաքում փնտրել ու չէին գտել, ու հիմա չգիտեին՝ հավատայի՞ն երջանկությանը, թե՞ չէ…

Ծանր խոհեր և լքվածության զգացումն են համակում սփյուռքահային, որը չի ուզում անհաղորդ մնալ Հայրենիքի ու հայաստանաբնակների հոգսերին, երազում է ճակատը մաքրել «հինէն մնացած հնգատառ ու անպատկառ» բառից, «յուսալի հոգիներ» ու «տաք սրտեր» է փնտրում, չի գտնում, բայց չի կորցնում ապրելու և «մանաւանդ ապրեցնելու» հույսը։ «Ակնարկդ կը սեւեռես ձիւնափառ Արարատին։ Կարծես վերջին յոյսդ ըլլար ան» (էջ 310)։

Պարոն Մարգարի կենսագրության մեջ արձանագրված բացառիկ երջանիկ պահերից մեկն էլ սա է. «Արարատը կը պսպղայ իր ձիւնածածկ տեսքով։ Պանդոկի մեր պատշգամբէն շատ յստակ կը տեսնուի ան։ Երկուքով ուրախ տրամադրութիւններու մէջ ենք։ Արարատը երբէք այսքան տիրապետող, այսքան մօտ ու այսքան հեռու չենք զգացած։ Ապրումներու ժայռակոյտ մըն է արդարեւ այս լեռը» (էջ 159)։ Տարիներ անց Երևանում բնակարան գնելու նախապայմանը մեկն է՝ պատուհանից պիտի երևա Արարատը։ «Սփիւռքահայի անբուժելի հիւանդութիւն» (էջ 287)։

Հայրենիքում նորությունն ազգային գաղափարախոսության տարածումն ու խորացումը չէ. «Նորութիւնը անձնասիրութիւնն է եւ ոչ թէ՝ ազգակերտումը» (էջ 311)։ Հանրահայտ ճշմարտություն է՝ ժողովուրդները «չեն մահանար, այլ անձնասպան կ’ըլլան» (էջ 203)։ «Հայաստանի Հանրապետությունում նորաձեւ այլանդակութիւններու ականատեսը կ’ըլլաս» (էջ 309),—կարդում ես ու մի պահ տեղափոխվում մեր օրեր, բայց, դժբախտաբար, պատկերը կրկնվող է, այնինչ Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հովհաննիսյան, 1886-1955) «Որդիների պայքարը հայրերի դէմ» (Սելանիկ, 1927) «լրջախոհ գործին մէջ» հայ երիտասարդներին հորդորում է զգույշ լինել, քանի որ «Դալարների տակ հաճախ մահաթոյն օձ է թաքնուած լինում» (էջ 307)։

Մարգար Շարապխանյան մարդը, հայը, գործիչը գիտի մի ճշմարտություն. «Երկիր կառավարելը բնատուր կոչում մըն է։ Ժողովուրդիդ ու Հայրենիքիդ համար անսակարկ նուիրում մը» (էջ 312),— առանց որի երկիրն ու ժողովուրդը քայլում են դեպի անդունդ։ Սրան գումարվում է «օտարին կապկելու» (էջ 315) հին հիվանդությունը, և եզրակացություն. «Ամէն տեղ իշխողը դրամն է» (էջ 323)։

Մարգար Շարապխանյանի «…Ազգովին մենք պատրաստ չէինք այս յեղաշրջման» (էջ 326) կասկած-եզրահանգումը դառն է, բայց երբ հետադարձ հայացք ես նետում անկախության տասնամյակներին, հասկանում ես՝ միակ ասպարեզը, որտեղ «հրաշագործել ենք», թալանն է՝ պարզ գողությունը դարձնելով իշխանության նշանաբան ու գործունեության ծրագիր։ Դժբախտաբար հայոց հողի վրա շատ չեն ծնվում նվիրյալներ, բայց նվիրյալ ձևանալու արվեստը կատարելագործել ենք ու պարբերաբար իշխանություն ենք փոխում։ Իրականում փոխում ենք թալանի ձևերն ու միջոցները՝ իշխանական լծակները փոխանցելով մի կեղտոտ ձեռքից մյուս անմաքուր թաթին…

Պատմության քառուղիներով «գնում է հայը՝ բողոքը ճակատին» (Էդուարդ Ակնունի՝ Խաչատուր Մալումյան, 1863-1915, «Դէպի Երկիր», 1911, Պոսթըն)։ Մարգար Շարապխանյանը Է. Ակնունու այս աշխատությունը երկրորդ անգամ հիշատակելիս (էջ 318-320) մեծ հատված է մեջբերում՝ փորձելով մեծ հայրենասերի՝ ժողովուրդ և Հայրենիք պաշտպանելու դասերը փոխանցել նոր սերունդներին։ Մանավանդ դեռևս 1986-ին աշակերտների հետ Խորհրդային Հայաստան էր եկել այն խոր համոզումով, որ իր սաները՝ «դաշնակցականների ճուտիկները», կարող են իրենց հայրերի երկիրը գալ և «Իրենց նպաստը կը բերեն մեր ազգի բազմացման ու զարգացման… չեմ գիտեր՝ ապագան ի՛նչ ցոյց կու տայ» (էջ 60)։

Անմոռանալի է այս պատկերը. 1977-ին Մարգար Շարապխանյանն առաջին անգամ Երևանում տեսավ հայ մուրացկանին (էջ 55)։ Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) և Արամ Հայկազի (Չեքեմյան, 1900-1986) գրական ժառանգությունից գիտեմ՝ Խարբերդում, նաև Բարջանճ գյուղում և Շապին Գարահիսարում հայ մուրացկաններ չկային… Գրքի 141-րդ, 151-154-րդ, 244-րդ էջերում նկարագրված են մուրացող մեծահասակներ ու երեխաների մուրացիկության մի քանի դեպքեր… Մենք՝ հայաստանաբնակներս, անցել ենք այդ դժոխքով, հիմա էլ ապահովագրված չենք նման տեսարաններից։ Շա՛տ լավ եմ հասկանում գրքի հեղինակի զայրույթը և ցավը. օտարները հայի երկարած ձեռքի մեջ դրամ են դնում ու անցնում… Ձուկ բռնել սովորելու փոխարեն վարժվեցինք ուրիշի բռնած ձուկն ուտելուն ու ազգովին հայտնվեցինք հոգեբանական, բարոյական, նաև շատ հմտորեն սարքած հոգևոր թակարդի մեջ՝ քիչ-քիչ կորցնելով մարդկային ու ազգային արժանապատվությունը, ձեռք բերեցինք աղանդավորի ԱՆՀԱՅՐԵՆԻՔ կեցվածք հենց մեր ՀՈՂԻ վրա…
Մարգար Շարապխանյանի համար անցյալի հիշատակները թանկ են, բայց նա դժվարանում է հասկանալ «բոլշեւիզմի կարօտախտով տառապողներին», որոնց անվանում է «յաւիտենական դժգոհները» (էջ 102)։ Շարապխանյանին դժվար է մեղադրել մեր խայտաբղետ իրականության կուսակցական և միակողմանի ընկալման մեջ, բայց դժվար, անգամ անհնար է կարծել, թե մեր երկրում կատարված փոփոխությունները մի՛շտ տրամաբանական են եղել և ծառայել են առաջադիմությանը։ Շատ լավ է այս հեռանկարը. «…Անպայման պիտի գայ օրը, երբ խղճմիտ ու հեռատես մարդիկ պիտի հայտնուին նաեւ Մեր Երկրին մէջ…» (էջ 223), բայց պայծառ ապագան դեռ շատ հեռու է մեր դառն իրականությունից։ «Կ’ապրինք այս օրերուն ազատ կոչուած երկրին մէջ՝ առանց ազատութեան իմաստին ծանօթացած ըլլալու։ Ու այս մէկը հայաստանաբնակ հայուն յատուկ չէ միայն» (էջ 145)։

«Երեւանցին կը սիրէ խօսիլ» (էջ 80),— արձանագրում է Մարգար Շարապխանյանը,—ում աչքից չեն վրիպում «ընկերային ու քաղաքական կեանքը հայացնելու մեծ ճիգը» և «ոգեւորիչ երեւոյթները» (էջ 88)։ Թվարկեմ՝ Եռագույնը, «Մեր Հայրենիք»-ը, հեղափոխության առաջնորդի արձանները քանդելը, պայթեցնելը, մայրաքաղաքի ակնառու զարդերից մեկի՝ այդ արձանի պատվանդանի պայթեցումը և նման «ձեռքբերումներ․․․»։ Այնինչ անցյալ չունեցող ժողովուրդները զրկվում են ներկայից ու ապագայից, պատմական հիշողությունն անցյալին վերադառնալու պարտադրանք չէ, այլ ինքնաճանաչման միջոց…

Կանադաբնակ ուսուցիչը «երջանիկ սերունդի»՝ սաների հետ տեսնում է մայր երկրի անկախացումը, բայց թարմ է «Առաջին հանրապետութիւնը կերտած ու տեսած» մարդկանց հուսախաբությունը։
Պատմությունը կրկնվո՛ւմ է։

ԱՅՈ՛։

Ու հիմա Մարգար Շարապխանյանը զուր է փորձում մտքում համատեղել «Հայաստանի հող, Հայաստանի զինանշան ու այս մեծ մայրիկը՝ հայերէն չխոսող իր թոռներուն» հետ (էջ 171), չէ՞ որ «Հայերէնով Ամերիկայի մէջ դրամ չես կրնար վաստկիլ» (էջ 170) չմեղանքը կա ու գործում է, ավելին՝ արդեն տարածվում է Մայր Հայրենիք ներկայացող Հայաստանի Հանրապետությունում։

Ճիշտ է, «Մեր սարերի նման տղերքը» (էջ 224), փա՜ռք ԱՍՏԾՈ, կան, կռվում են, բայց «Տարօրինակութիւնների երկիր մըն է մեր երկիրը» (էջ 224)՝ հիասթափություններով ու խանդավառ ոգևորությամբ… Սարսափելի է այն երկրի ապագան, որտեղ «Սովորելը համարում են երկրորդական, անտեղի ու անիմաստ։ Եթէ փող ունենան, բարձրագոյնն էլ կ’աւարտեն, լաւ գործ էլ կ’ունենան, լաւ կ’ապրեն եւ ամենակարեւորը՝ դիրք ու «ճիփ» կ’ունենան։ «Ճիփը» դարձել է անձի ուժի, խելքի եւ հարստութեան չափման միաւոր։ Ահա՛ մեր ապագան…» (էջ 240)։

Այսքանից հետո մնում է պարզապես ասել՝ փա՜ռք ԱՍՏԾՈ, որ դեռ կան այս հողատարածքը իրե՛նց երկիրը համարող մարդիկ, որոնք երկրի ՏԵՐ ու ԾԱՌԱ են. մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Ահա թե ինչու այսքան ծանր պատմական շրջան ապրելուց հետո ՀՈՂՍ (թեկուզ վիրավոր ու մասնատված) կա՛։ Ուրիշ հարց, որ հայի այս ՀԱՅ տեսակը, որպես օրենք, անտեսված է։ Սա՛ է հազար երանգ ունեցող ու այդպես էլ անճանաչելի մնացած ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։
Բայց կա ազգային ողբերգության ևս մեկ ու չբացահայտված դրսևորում. Թարգմանչաց տոնը «Սփիւռքի մէջ է, որ իմաստ ունի։ Մենք Սփիւռքի մէջ այսօր կ’ապրինք 4-րդ դարու ճգնաժամը։ Կը կորսնցնենք գիր ու լեզու» (էջ 131)։

Չեմ ուզում միջամտել, բայց նաև անզոր եմ լռել, տասնամյակներ շարունակ չափազանցրինք մեր մշակույթի դերը՝ այն համոզումով, որ մեր հզոր մշակույթը մեզ հայ կպահի աշխարհի չորս ծագերում։ Չպահե՛ց։ Ավելին, մաս-մաս կորցրինք մշակույթը և հասանք մեր օրերին, երբ ՀՈՂԻ կորուստն ու հազարավոր պատանիների նահատակությունը դիտարկեցինք սովորական երևութ, չզայրացանք, չզարմացանք, չըմբոստացանք…

Ընթերցե՛ք ու վերընթերցեք Համաստեղի «Այծետոմար» երգիծական պոեմը ու այսօր մեր ՀՈՂԻ ճակատագիրը տնօրինող բոլո՛ր «հերոսներին» կտեսնեք իրական դեմքերով, կհասկանաք մեր երկրում պարբերաբար կրկնվող ողբերգության արմատը․ ապրեցինք ու ապրում ենք վայրագ ցեղատեսակի կողքին, չճանաչեցինք նրանց իսկակա՛ն էությունը։ Համաստեղի պոեմում էլ խաղաղության կոչ արեցին հարևաններին, ու Չոր գյուղից մնացին միայն ավերակներ…
Մի՞թե մենք ի վիճակի չենք մեր անցյալից դասեր քաղել…
Պատասխան չունեմ։

Տաթևի վանքի սրբազան կամարների տակ ապրում են անցյալի հիշատակները, և սփյուռքահայն զգում է «հողի քաշողական անուրանալի ուժը» (էջ 95)։ Ընդգծում եմ անուրանալի բառը. ինչպե՞ս եղավ, որ մենք՝ Տաթև պարբերաբար ուխտի գնացող հայաստանաբնակներս, կորցրինք այդ ուժի կենդանի զգացողությունը…

Չգիտեմ։

Առաջին հայացքից թվում է՝ Զանգեզուրը «տարբեր Հայաստան» է (էջ 93)՝ Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Զորավարի (Օզանյան, 1865-1927) փառքով ճաճանչավորված, բայց տեսեք՝ ի՛նչ է մտածում Խնձորեսկի անհույս աղքատությունը տեսած հայ մարդը։ «Իմ տեսած ժողովուրդին կենսամակարդակը սակայն ինծի համար այդ գիշեր (եւ շատ մը ուրիշ գիշերներ) հակառակ ամէն օր հոգեպէս ուրախ զգացած ըլլալուս՝ ենթագիտակցութեանս մէջ երբէք չդադրեցաւ մտատանջ ընելէ։ Զիս անհանդարտեցնող բան մը կար մթնոլորտին մէջ, որ կը կրծէր հոգիս։

Արդեօք ժողովուրդիս մէջ օտարական մը զգալու անպատուաբեր զգացո՞ւմն էր։ Վստահ չէի» (էջ 99-100)։

1990-ի աշնանը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ «ազատ խօսքը, ազգային ոգին» (էջ 105) էին իշխում, գոնե Երևանի սահմաններում փոխվում են «օտարաբոյր անունները»։ Դժվար է հավատալ, որ այդ տարիներին իբր թե կրթություն ստացած «հայերի» ոհմակն այսօր կարող է սահմանամերձ ու ոչ սահմանամերձ բազմաթիվ տարածքներ անվանել թուրքական վաղուց մոռացված անվանումներով, նվիրել թուրքին. 1990-ականների «հայամետ» իշխանության այս ժառանգները չեն էլ ամաչում թուրք անունը կրելուց։

Համոզված եմ՝ Մարգար Շարապխանյանը, թեկուզ և ոչ հստակ ձևակերպումով, Հայաստանի Հանրապետություն իր այցելությունների ընթացքում ավելի ու ավելի խորն է զգացել այն անդունդը, որի մեջ ենք հիմա ազգովին՝ անկախ բնակության վայրից։ Ի պատիվ Մարգար Շարապխանյանի՝ հավաստեմ՝ նա դեռևս 2003-ին արձանագրում էր, որ օտարամոլությունը, հատկապես վարակի արագությամբ տարածվող «ճաշակէ զուրկ ամերիկեան բաները» վկայում են՝ ազատությունն ընկալել ենք որպես «դռնբաց արտօնագիր մը», և «որ ամէն մարդ իր ուզածը ընէ իր ուզած ու հասկցած ձեւով» (էջ 117)։ Սա անբուժելի հիվանդություն է, ու ծերունի հայի ձևակերպումը ցավոտ է ու ցավի պես կենդանի. «Վստահ, Հայրենիքին համար մեռնողները աւելի երկար պիտի ապրեն մեզի նման մեղկ ապրողներից» (էջ 260)։ «Անցեալով հպարտացող ժողովուրդ մըն ենք մենք, կը սիրենք մեռելներով ոգեւորուիլ, տուն կանչել, իսկ ողջե՞րը հապա» (էջ 220)։ Հարցի պատասխանը մեկն է՝ Հայրենիք կառուցելու համար պետք է հրաժարվել «քաղաքական ապիկարութիւնից», «ազգային անմիաբանութիւնից» (էջ 222)։

Հնարավո՞ր է։

Համառ հայրենասեր Մարգար Շարապխանյանը համոզված է․ «Անտեսանելի կապեր կան հոգիէ հոգի, որոնք միայն հայերուս յատուկ են։ Անշօշափելի ու անքակտելի կապեր։ Տարբեր է հայը ու այդպէս ալ պիտի մնայ, որքան ատեն որ Սփիւռք եւ Հայրենիք գոյութիւն ունենան» (էջ 97-98)։

Ծանր է Մարգար Շարապխանյանի հիասթափությունը հայաստանաբնակ մի քանի մտավորականներից (մեկին նկարագրում է տխրահռչակ «ջիփով», մյուսին՝ հմտորեն ստելու պահին…)։ «Արդեօք նոյն ժողովուրդի զաւակնե՞րն ենք մենք» (էջ 215) կասկածը կրծում է ՀԱՅ մարդու սիրտը։ «Ճիշդ է նաեւ, որ մտաւորականութիւնը դեռ չէ ստանձնած առաջնորդի իր դերը եւ չէ դրսեւորած իր հաւաքական ուժականութիւնը» (էջ 329)։ Հույսով շնչող տողերը պարզապես լավատեսություն են… Ճշմարտությունն այն է, որ մեր երկրում հերթական ապիկար իշխանությունը միշտ իր կողքին ունի, այսպես կոչված, մտավորականններ։ Պատճառն այն է, որ մենք ազգովին չենք տարբերակում դիպլոմավորին (վերջին տարիներին՝ նաև դիպլոմ չունեցողներին) և իսկական մտավորականին՝ անկախ զբաղմունքից։ Փաստորեն «սրտբաց ու համարձակախօս» (214) թվացող այս մարդիկ էլ են վարակված Հայաստան աշխարհում տարածված շահամոլության բացիլներով…
Հավելեմ՝ նաև տարածում են այդ վարակը հենց միայն իրենց գոյության փաստով…

Մարգար Շարապխանյանն անդրադառնում է նաև 1940-ական թվականների ներգաղթի թեմային։ «Ոմանք կեղծ հայրենասիրութեամբ վարակուած էին եւ մեծ ակնկալութիւններով ճամբայ ելան, իսկ ուրիշներ անբիծ հայրենասիրութեամբ տոչորուած էին։ Այս վերջինները դժբախտութիւնը ունեցան զրկանքներու եւ տառապանքներու ենթարկուելու» (էջ 26),— սա է առաջին մեկնությունը։ Ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում իրար չհասկանալու պատճառը Մարգար Շարապխանյանն անվանում է ոմանց «կարմրախտէ» վարակված լինելը։ Հայկական օդանավի վրա նկարած եռագույն Արարատը ոգևորում է սփյուռքահայերին. «Է՜հ, Մարգար, ժողովուրդ էինք, ազգ դարձանք» (էջ 115)։ Հանդուրժողականության ոգին չկա հայության մեջ, և դա շատ վառ դրսևորվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում, իսկ կորուստների համար զղջալու օրը հեռու չէ… «Ժամանակը մեր դէմ կ’աշխատի» (էջ 284),— նախազգուշացնում է Մարգար Շարապխանյանը, որին պարզապես հունից հանում են «Ասիկա մեր երազած Հայրենիքը չէ» (էջ 314) արտահայտությունը, «մակերեսային հայրենասիրութիւնը, աժան տգիտութիւնը» (էջ 314),—ինչպես բնորոշում է հեղինակը։

Առաջին սիրո հետ հանդիպման ջերմություն ուներ առաջին այցը Արցախ։ Անկողնուն գամված ազատամարտիկ Մխիթարի անմխիթար վիճակը հունից հանել է պարոն Մարգարին… Այստեղ էլ նույն անհույս իրավիճակն է, աղաղակող անտարբերությունը, սոցիալական անհավասարությունը… Մարգար Շարապխանյանը ստեղծված վիճակից ելք է փնտրում ու մտորում, թե․ «Հիմա ժողովուրդը աւելի մեծ թափով Հայաստան կ’երթար ու այս արտագաղթի խայտառակութիւնը տեղի չէր ունենայ» (էջ 232), եթե 1940-ականների ներգաղթը կազմակերպված չլիներ. «Ստալինի այս փտախտը կը փորձէին մեզի ներկայացնել որպէս փայլուն եւ հզօր վարչակարգ» (էջ 253)։
Համաձայն եմ։

Բայց ինչպե՞ս հասկանալ խորհրդային երկրի քննդատության մեջ չափ ու սահման չճանաչող գաղափարամոլությունը. սա հիմա էլ է խանգարում հայության միասնությանը։

«Զրկանքի օրեր են» (էջ 31) ապրել հայության զանգվածները 1990-ականներին, երբ հերթ էին կանգնում հացի ու ամեն ինչի համար։ Մեկ անգամ հացի փուռ գնացի ու հազիվ փրկվեցի փռի կրակների մեջ այրվելուց։ Տանը լուսահոգի մայրս նայեց խանձված դեմքիս ու մազերիս, անգամ չնկատեց ձեռքիս երկու փոքրիկ հացերը և գոռաց վրաս, որ հաց հայթայթելը իմ գործը չէ։ Դրանից հետո ի՜նչ դժվարությամբ ու ի՜նչ գնով (բառացիորեն՝ ոսկու) ձեռք բերած մի պարկ ալյուրից ամեն օր հաց էր թխում՝ կոտրված դաստակների ցավն արհամարհելով, որպեսզի թոռների հետ հաց հասցնի մենակ ապրող հարևաններին ու հայրերի լքած փոքրիկներին կողքի շենքի տասնչորսերորդ հարկում՝ նաև ցերեկը անլույս աստիճանները բռնած բարձրանալով (հավելեմ՝ երկու անգամ սրտի շատ լուրջ խնդիրներ ունենալուց հետո)…

Սա մե՛ր կյանքն էր, մենք սա՛ ստացանք «նվեր», երբ անխնա քանդեցինք մեր պապերի ու հայրերի կառուցած երկիրը՝ բարեկարգելու փոխարեն… Հետո մեզ հաջորդող սերունդները քանդեցին մեր իբր թե սարքածը, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք։

Խոստովանեմ՝ լավ չէի հասկանում Արամ Հայկազին, երբ ոչ միայն ինքը չէր ուզում տեսնել ծննդավայր Շապին Գարահիսարը, այլև մյուսներին էլ խորհուրդ էր տալիս չայցելել կորցրած Բնօրրանի ավերակներ։ Մարգար Շարապխանյանը գրում է, որ ինքնաքսորի մեջ ապրող հույն բանաստեղծներից մեկը (անունը չի հիշատակվում) «Յաճախ կը թելադրէր իր շուրջիններուն, որ չայցելեն այն վայրերը, զորս սիրած են ժամանակին, եւ որոնք որպէս աղբիւր ծառայած են իրենց երեւակայութեան՝ այն վախով, որ անոնց իրականութիւնը կրնայ յուսախաբ ընել զիրենք» (էջ 154)։

Հայ և հույն գրողները հավանաբար ճիշտ են վարվում, բայց Մարգար Շարապխանյանը ոչ միայն շարունակաբար այցելում էր, այլև արդեն քանի՜ տարի ապրում է Հայրենիքում։ Ճիշտ է, ինչ-որ չափով վիրավորական է, որ հունարենի՝ Շ գիրը չունենալու պատճառով ազգանունն աղավաղվում է… Ոչինչ, ահա՛ Մեսրոպ Մաշտոցի հիշատակին անդրադառնալու ևս մի առիթ. «Հոգի՜դ սիրեմ, Մեսրո՛պ Մաշտոց, գիր ստեղծելը այդպէս կ’ըլլայ…զոյգ-զոյգ…հապա ի՞նչ կը կարծէք» (էջ 246)։
Բայց Մաշտոցին հասցեագրված գոհաբանությունը նաև լրացուցիչ ազդակ է՝ արևելահայերենի ուղղագրությանն անդրադառնալու. դեռ 1900-ականներին քանի՜ անգամ եմ փորձել զրուցել, բացատրել ուղղագրության դաշտում «պատերազմողներին», որ ՀԱՅ մարդը պարտավոր է երկու ուղղագրություններին էլ տիրապետել։ Ամենակարևորը՝ ուղղագրության համար մղվող աննահանջ մարտերում կամաց-կամաց թուլացրինք արևելահայերենի դիրքերը։

Առանց տիկին Էլիզի անավարտ կլինեին ոչ միայն Մարգար Շարապխանյանի գիրքը, այլ նաև իմ խոսքը։ Գրքում տասնյակ անգամ հանդիպում ենք այս ՀԱՅ տիկնոջը, և ուզում եմ կրկնել պարոն Մարգարի խոսքից մի հատված, այն էլ ի՜նչ հատված. ««Ի՜նչ լաւ է,— կը մտածեմ՝ մեղմ ժպիտ մը դրոշմելով շրթներուս,— այսքա՜ն տարի ետք տակաւին նոյն ալիքին վրայ կը գտնուինք», ու մտածածս ինքնասիրաբար կը պահեմ մէջս։

— Նորէն բաներ մը անցան մտքէդ,— կը յարէ ան՝ դէմքիս նայելով։

Չեմ պատասխաներ։ Բայց դուն, ընթերցո՛ղ, այլեւս կը ճանչնաս զիս. երբ մեղմ ժպիտ մը դրոշմեմ շրթունքներուս, կը նշանակէ, որ … բաներ մը կ’անցնին մտքէս …»» (էջ 229)։

«Ազգիդ ու քո գերեզմանը Սփիւռքն է։ Լա՛ւ իմացիր» (էջ 329) և «Հայրենիքն է մեր օրրանը, մեր օճախը, մեր յաւերժութիւնը։ Իրմէ դուրս ելք չկայ, հանգիստ չկայ, փախուստ չկայ» (էջ 320) հորդոր-խնդրանքներով է ավարտվում այս գիրքը։

Կարդում եմ ու մտածում՝ այս ամենը շա՛տ լավ գիտեն նաև նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ բռնել են ու հիմա էլ բռնում են պանդխտության անհույս ճամփաները…

Սիմոն Վրացյանի (Գռուզյան, 1882-1969)՝ «Հին թղթեր նոր պատմութեան համար» (1962, Պէյրութ) գրքում ձևակերպած «…Այն ժամանակ հաւանական է, որ շատ բաներ չանէինք այնպէս, ինչպէս արինք» (էջ 9) արժանապատիվ ու ցավոտ ափսոսանքը Հայաստանի Հանրապետության այսօրվա վայ-ղեկավարների համար մտքի ու խղճի անհասանելի բարձունք է. չէ՞ որ նրանց կառավարող միջազգային կառույցները չեն կարող վրիպել, ուրեմն ամեն ինչ ճիշտ է, և անսխալ են խաղաղություն մուրալու անզիղջ ջանքերը, ամեն օր եղած-չեղածը քանդելու մոլուցքը ու դարավոր թշնամուն պարզապես նվիրվող ՀՈՂԻ նկատմամբ դրսևորած անհոգ անտարբերությունը …

***
Տասնամյակներ անց Շարապխանյան ամուսինների հետ փորձում ենք ճշտել՝ ե՞րբ ենք առաջին անգամ հանդիպել։ Պահպանված լուսանկարներն անգամ չեն օգնում…

Հավանաբար կարևոր էլ չէ, պարզապես հետաքրքիր է։

Արդեն քանի՜ տարի հայաստանաբնակ ամուսինների հետ վիճաբանում ենք, քննարկում մեր իրականության ամենատարբեր հարցերը։ Պատահում է՝ իրար չենք հասկանում, բայց երբեք չենք նեղանում, որովհետև մեզ համար չգրված օրենք է բաժանվելուց հետո էլ քննարկած հարցի մասին մտածելը, արտահայտած կարծիքները փորձել հասկանալը, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ է՛լ ավելի խորքից քննենք ու գտնենք խնդրի լուծման ընդունելի տարբերակը։
Բարեբախտաբար, Շարապխանյան ամուսիններին ինձ միավորող արժեքների շարքում առաջնայինը դպրոցն է՝ անունով Մուղնու կամ Ուշիի, բայց իրականության մեջ՝ ՀԱՅ ԴՊՐՈՑԸ։

Ռուսերեն սովորելու հարկադրանքը հիմա դարձել է հետաքրքիր զբաղմունք և հայաստանաբնակների հետ զրուցելու ընթացքում մեկ-երկու ռուսերեն բառերով զարմանքի ու հիացմունքի խոսքեր լսելու հաճելի առիթ։

Խորհրդային դպրոցի շրջանավարտիս համար նույնքան բնական է ռուսերենի լավ իմացությունը և դրա շնորհիվ ռուս գրականության մեծերին բնագրով կարդալու հաճույքը, որքան տիկին Էլիզի կամ պարոն Մարգարի համար եվրոպական լեզուներով գիրք կարդալը։ Հետաքրքիր է տեսնել, թե Ուշիի երեխաներն ինչպե՜ս են դասերից հետո այցելում Շարապխանյաններին, փորձում նրանց օգնությամբ լուծել մեր ազգային կոչվող դպրոցի հայոց լեզվի դասագրքերում առաջադրված հանելուկները… Տիկին Էլիզը վրդովվում է, երբ խոսում է այդ «առաջադրանքների» մասին…

Լա՛վ գիտեմ, թե ազգային դպրոցի անկումը սկզբնավորող դպրոցական «նոր» ծրագրերն ինչպես են հաստատվել, այն օրերի նախարարն ու փոխնախարարուհին ինչպե՜ս էին խուճապի մատնվել, երբ լսել էին, որ հայ գրականության ներկայացված ծրագրերը և դասագրքերը մերժելու ենք։ Մերժումից հետո գտան «ելքը», և կրթական գործը գլորվեց ու գլորվում է դեպի անդունդ… Ապազգային այս գործով քանդեցին և՛ազգային հռչակված դպրոցը, և՛ՀԱՅ ընտանիքը. պապիկ-տատիկները սարսափեցին դասագրքերից, հայրիկ-մայրիկները սկսեցին փող աշխատել՝ որպես իրենց սիրասուն բալիկների լրացուցիչ պարապմունքների վճար… Դպրոցներում բազմացավ ու իշխող դարձավ «դաս+ա+տու+ներ»-ի տեսակը. սրանք են տնօրինում երկրիս ճակատագիրը՝ հերթական անգամ փոխելով կուսակցական պատկանելությունը ու ապահովելով նոր տերերի հաղթանակը….

Ազգովին հայտնվեցինք բացառիկ, իսկապես աննախադեպ իրավիճակում, երբ վճարում ենք չսովորելու համար։

Պատկերացրեք Շարապխանյան ուսուցչի վիճակը, երբ հայտնվեց այս իրավիճակում։ Ի պատիվ նրա ասեմ՝ խուճապի չմատնվեց, և Շարապխանյան ամուսիններն սկսեցին աշխատել Ուշիի դպրոցում՝ իրավիճակը շտկելով, հարուստ փորձն օգտագործելով։ Այսօր Շարապխանյան ամուսինները հետևորդներ ունեն, ուրեմն արդյունքներ կլինեն։

ԳՅՈՒՂԸ մարդկության, ժողովուրդների հարատևման ակունքներից է։

Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև գյուղի դիմագիծը, բայց ԱՐԱՐՄԱՆ ոգին կենդանի է պահում ավանդույթները, որոնց միջավայրում պիտի մեծանան այսօրվա ու վաղվա հայության սերունդները, որոնց համար թուրք կոչվելը վիրավորանք է …

Մարգարիտա Խաչատրյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ