Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն պիտի ընդունվի, ես այս պահին չեմ կարող ասել բովանդակությունը, որովհետեւ տեքստի վրա դեռ աշխատում են․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Արցախից այսօր հայտնեցին, որ վաղը ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Իշխանյանը բացառում է, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակից ելնելով իշխնությունը եւ ընդդիմությունը տեղի տան, համաձայնվեն ԵՄ նախագահ Շառլ Միշելի՝ Աղդամով հումանիտար օգնություն ստանալու առաջարկին։
«Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը այդ առաջարկը կընդունի։ Գոնե անցած օրերի քննարկումները եւ Բրյուսելից հնչած այդ տեսակետից հետո որեւէ նախանշան չի եղել, որ Արցախում որեւէ մեկը խոսի հումանիտար բեռները Աղդամով ընդունելու մասին, չկա նման բան»,-ասաց նա։
Վերածննդի հրապարակում մի քանի օր առաջ նստացույց սկսած Արցախհի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ծայրահեղ քայլերի գնալու մասին հայտարությունների հետեւում Իշխանյանը չգիտի, թե ինչ է թաքնված։
«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նկատի ունի, եւ թե որն է լինելու այդ ծայրահեղ քայլը։ Մենք չունենք պատասխանն այդ հարցի»,-ասաց նա՝ նշելով, որ հապաղել է Արցախի իշխանությունը։
Ըստ Դավիթ Իշխանյանի՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո Արայիկ Հարությունյանը պետք է այնպիսի քայլեր աներ, որը համահունչ կլիներ Արցախում ստեղծված խնդիրներին։
«Մենք միշտ էլ խոսել ենք խնդիրների մասին, հորդորել ենք ականջալուր լինել, փորձել ենք բեկում մտցնել Արցախի ներքին կյանքում, բայց ունենք այն , ինչ ունենք»,-հավելեց նա։
Հայաստանում եւ Արցախում այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, Իշխանյանի խոսքով, կառավարվում են մի կետից՝ ՀՀ իշխանություններից։
«Ես կարծում եմ, որ ճշմարիտ են կարծիքները, որ Արցախի իշխանություններն ուղղորդվում են Հայաստանի իշխանությունից։ Պետք է նաեւ արձանագրել, որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցողը ավելի շատ իմիտացիա է, քան բնական գործընթաց։ Ցավոք, ընդանուր որոշումներ չենք կարողանում կայացնել»,-ընդգծեց նա։
Իսկ ի՞նչ առաջարկ ունի ընդդիմությունը։ «Ընդդիմությունը վաղուց էր խոսում ճգնաժամային կառավարման համակարգ ստեղծելու մասին, վաղուց էր առաջարկում լուրջ փոփոխություններ անել։ Բայց մենք ընդհանուր ոչ մի հաջողություն չկարողացանք արձանագրել»,-հավելեց Իշխանյանը։