կարևոր
4165 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-23 19:05
Հասարակություն

«Նիկոլի թվին» Իջևանի դենդրոպարկին 4 միլիոն դոլարի վնաս են տվել, դենդրոպարկը մտադիր են լուծարել. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» Իջևանի դենդրոպարկին 4 միլիոն դոլարի վնաս են տվել, դենդրոպարկը մտադիր են լուծարել. Ոսկան Սարգսյան

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարությունը ցանկանում են լուծարել ավելի քան 60 տարվա տարեգրություն ունեցող, Սայադյան ընտանիքի 3 սերունդների ջանքերով ստեղծված Իջևանի դենդրոպարկը։

Դենդրոպարկի լուծարելու պատճառն այն է, որ արգելոցապարկային համալիրի տնօրինությունը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը վախենում են հաշվարկել, արձանագրել Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Իջևանի դենդրոպարկին պատճառված շուրջ 4 միլիոն դոլարի վնասը։ Ավելին, գործարանի կողմից դենդրոպարկին այդքան մեծ վնասներ տալուց հետո, 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։

2023թ․ ապրիլի 14-ին Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը Լ․ Տեր-Սիմոնյանին զեկուցագրով հայտնել է, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 38164721 քրեական վարույթով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց ընթացքում արգելվում է իրականացնել չորացած ծառերի և թփերի հատումը, հանումը և հեռացումը։

Վերոհիշյալ քրեական գործով նշանակված փորձաքննություններով պետք է ճշտվեն Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստի գետի հունում ապօրինի շինարարարության, Իջևանի դենդրոպարկի ջրառը ջրազրկելու հետևանքով դենդրոպարկին հասցված վնասները։ Սակայն այդ փորձաքննությունները չեն անցկացվում։

Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստև գետի հունում կատարված ապօրինի մեծածավալ շինարարության հետևանքով ավելի քան երկու տարի առաջ դենդրոպարկի ջրառը զրկվել է Աղստևի ինքնահոս ջրից։

Դենդրոպարկի ջրառը վերագործարկելու համար պահանջվեց երկու տարի և յոթ ամիս, որի ընթացքում դենդրոպարկում չորացան շուրջ 1500 հազվագյուտ, արժեքավոր ծառեր, թփեր և մոտ 24 հազար տնկի։

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Աղստևի աջ ափին պատ կառուցելով՝ դենդրոպարկի ջրառն այժմ վերագործարկել է։ Աղստև գետի մաս հանդիսացող ջրային հողն առանց ՀՀ ջրային կոմիտեի եզրակացության վարձակալությամբ Իջևանի գինու, կոնյակի գործարանին հանձնելու և գործարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու դեպքի առթիվ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն նախաքննությամբ մինչ այժմ որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։

Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Գործարանը շարունակել է անօրինական կառուցապատումը և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։

Ոսկան Սարգսյան

Լրագրող