Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատյան դաշտը պատուհասած կարկուտը վնասել է ավելի քան 17 հազար հեկտար տարածք ու գյուղացիներին պատճառել մոտ 35-40 միլիոն դոլարի վնաս. լրագրողներին այսօր ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա շեշտեց, որ անկախացումից ի վեր հայ գյուղացին տարերային աղետներից նման վնաս չի կրել, եւ հիմա կառավարությունը պետք է օժանդակի յուրաքանչյուր գյուղացու, յուրաքանչյուր ընտանիքի, ընդ որում` գումարով:
«Ոչ թե սերմով ու պարարտանյութով, իհարկե, կարելի է նաեւ օգնել այգիները վերականգնել եւ պահպանել, բայց առաջնահերթ գյուղացուն այսօր պետք է գումարային, ֆինանսական օգնություն, եւ վարկն էլ հետաձգել, ու տոկոսը գոնե մեկ տարով սառեցնել, որ գյուղացին կարողանա իր բնակավայրում գոյատեւել: Որովհետեւ եթե սերմեր են հատկացնում, դա հարցի լուծում չէ. Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական տարին սկսվում է մարտ ամսից, եւ այսօր սերմերով օգնել... Օրինակ` առվույտի սերմ տվեցին` ի՞նչ պետք է այս տարի տա, որ գյուղացին էլ վաճառի, կամ լոլիկի բաց ցանք անի, ուրեմն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նոր պետք է լոլիկի բերք տեսնի»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Նշելով, որ պարարտանյութը, իհարկե, կարեւոր է, նա, սակայն դիմեց ՀՀ ղեկավարությանը, որ գումարային օգնություն էլ պարտադիր հատկացվի գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան իրենց տներում այս ծանր տարին անցկացնել եւ չարտագաղթել:
Ինչ վերաբերում է հակակարկտային ծառայությանը, ապա Հրաչ Բերբերյանը «լուրջ հայտարարություն» արեց ու նշեց. «Խոսքը հակակարկտային ծառայության ստեղծման հիմքերի մասին է: Ասեմ, որ ստեղծվել էր գյուղատնտեսության հիմնադրամ, որտեղ ես խորհրդի անդամ էի, դա 8-9 տարի առաջ էր, եւ որոշվեց, որ Արգենտինայից պետք է ձեռք բերվեն այս հակակարկտային սարքերը: Խորհրդի 11 անդամներից միակը ես էի, որ դեմ եմ ստորագրել այս սարքերին եւ հիմնավորել եմ, որ այդ սարքերը Հայաստանում չէին փորձարկվել: Երկրորդ դժբախտությունը եղավ այն, որ, ներկրելով ացետիլենային այս համակարգերը, հետագայում դրանց ացետիլենային պարկուճները փոխարինվեցին պրոպան-բութանով: Իմ խորին համոզմամբ` սա նման է, որ, օրինակ, բենզինով աշխատող մեքենայի վառելիքը փոխարինեն դիզելայինով»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Երրորդ դժբախտությունը, ինչպես ներկայացրեց ագրարագյուղացիական միավորման նախագահը, այն էր, որ սարքերը տեղադրվել են գյուղերում, այսինքն` ով գումար է ունեցել, ով կարողացել է ձեռք բերել, ով ծանոթ է ունեցել, տեղադրել է: Սակայն, նրա խորին համոզմամբ, դա պետք է այլ կերպ արվեր. «Մենք ունենք կարկուտների հստակ ուղղություններ, որ գալիս են Միջերկրական ծովից: Շիրակի, Արմավիրի, Մասիսի գոտով մտնում են այդ ամպերը, եւ մենք պետք է երկու էշելոնով դնեինք այդ սարքերը, ոչ թե ցաքուցրիվ անեինք, ուժերը ցրեինք, որպեսզի փորձեինք կանգնացնել այդ ամպերը, եթե իհարկե, ացետիլեն կրակեինք»,- ներկայացեց Հրաչ Բերբերյանը:
Այնուհետեւ ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ Եվրոպան վաղուց արդեն հրաժարվել է ացետիլենից: Հրաչ Բերբերյանը ներկայացրեց հատուկ ցանցերը, որոնք, նրա հավաստմամբ, 100 տոկոսով գյուղացիական տնտեսությունները կպաշտպանեն կարկուտներից, տարերային աղետներից եւ նույնիսկ ցրտահարության ժամանակ 2-3 աստիճան ջերմաստիճանի տարբերություն կապահովեն:
Դրանք իտալական ցանցեր են, որ բոլոր տեսակի հարվածներին դիմանում են: Հրաչ Բերեբերյանը ներկայացրեց, որ նման ցանցեր արտադրվում են նաեւ Թուրքիայում, Չինաստանում եւ այլն, սակայն լավագույն որակի ցանցերը իտալականն են, որ 12-15 տարվա երաշխիք ունեն: Գնային առումով` մեկ հակակարկտային սարքը Արգենտինայից ձեռք է բերվում մոտ 30 հազար դոլարով, այնինչ նման ցանցերը մեկ հեկտարի համար կարելի է ձեռք բերել մոտ 2500 եվրոյով:
Ցանցային միջոցները, Հրաչ Բերբերյանի կարծիքով, կարելի է ներդնել պետական սուբսիդիաների միջոցով` հետագայում գյուղացիների կողմից կամաց-կամաց փակելու պայմանով: Բանախոսը նշեց, որ եթե մենք մեկ տարում 40 միլիոն դոլարի վնաս պետք է ունենանք, ապա այդ գումարով մեր ամբողջ հանրապետության տարածքը ցանցերով կփակվի:
Այնուհետեւ Հրաչ Բերբերյանը ներկայացրեց թվեր, ըստ որոնց, նույն Արգենտինայում, որտեղից Հայաստան են ներկրվել հակակարկտային կայանները, այս տարի մոտ 10 հազար հեկտար խնձորենիների այգիներ են կարկտահարությունից ոչնչացվել, ու եթե Արգենտինայում այդ սարքերն աշխատեին, ապա հենց իրենց կօգնեին:
«Այդ սարքերից տարբեր հզորության կան, Ֆրանսիայում ավելի հզորներն էին արտադրվում` տարածքների ընդգրկունության առումով, իմ կարծիքով` ոչ մի էֆեկտ չի տալիս: Իսկ եթե ացետիլենային եղանակով աշխատեին, ինձ թվում է 5-10 հեկտար կարկուտներից կապահովվեր, եթե լիներ թույլ կարկուտ: Այս սարքը չի աշխատում: Իհարկե, կան ավելի ուժգին սարքեր` հրթիռային եղանակը, ինքնաթիռների եղանակը, բայց եթե ցանցային եղանակը կա, որով գյուղացին հենց ինքը կարող է հոգալ իր հարցերը, ինչո՞ւ թանկ ու մեծ միջոցների մասին մտածենք»,- նշեց Հրաչ Բերբերյանը: