կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 00:27
Քաղաքական

Ինչու՞ ես անունդ անջնջելիորեն խարանում. Ռուբեն Մելիքյանը՝ Աննա Վարդապետյանին

Ինչու՞ ես անունդ անջնջելիորեն խարանում. Ռուբեն Մելիքյանը՝ Աննա Վարդապետյանին

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Երեկ երեկոյան շատ տհաճ զգացողություն ունեցա, երբ «168 ժամ»-ում հայտնվեց հայր և որդի Հայրապետյանների վերաբերյալ քրեական վարույթին վարչապետի օգնականի առնվազն «միջամտությունը» (մեղմ եմ ասում) հիմնավորող տեսանյութը։

Շատ տհաճ զգացողություն ունեցա, քանի որ այդ բացահայտման «գլխավոր հերոսին»՝ Աննա Վարդապետյանին, շատ լավ ճանաչում եմ։ Եվ ոմանք, դա իմանալով, այսօր ինձ նույնիսկ մեղադրում էին անսկզբունքայնության մեջ։ «Դե բա հո դու Աննային չէիր կպնի։ Պարզ ա, պարզ ա…»։

Այո՛, Աննա Վարդապետյանի հետ ես մտերիմ գործընկերային ու ընկերական հարաբերություններ եմ ունեցել դեռ 2007-2008 թվականներից ի վեր, երբ միասին աշխատել ենք Վճռաբեկ դատարանում և միասին ակտիվորեն մասնակցել ենք մեր երկրում «նախադեպային իրավունքի» համակարգի ձևավորման գործընթացին։ Ես Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականն էի, Աննան՝ քրեական պալատի նախագահի խորհրդականը։

Աննան բարձրակարգ պրոֆեսիոնալ է և շատ աշխատասեր, կամային ու բծախնդիր մարդ։ Վերջին անգամ Աննային տեսել եմ երևի մեկ տարի առաջ՝ Համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք, երբ նոր-նոր էր նշանակվել վարչապետի օգնական (ինձ համար անակնկալ էր նրա համաձայնությունն աշխատել այդ մարդու հետ): Մի կարճ բան եմ ի սրտե մաղթել – «Անփորձանք, Աննա ջան»։

Ու հիմա՝ այսպիսի փաստ…

Չեմ ցանկանում իրավապաշտպանական տեսանկյունից դիտարկել հարցը։ Կարծում եմ՝ այդ հարթության մեջ ամեն ինչ հստակ է։ Փոխարենը կցանկանայի հարցը դիտարկել զուտ մարդկային հարթության մեջ։

Ինչու՞ ես ստանձնել այդ դերը, Աննա ջան։ Ինչու՞։ Ախր ղեկավարդ մեր իմացած ղեկավարների նման չէ – օրը կգա՝ առանց «ախ քաշելու» քեզ «կհանձնի»՝ ինչպես հանձնեց Շուշին (դու լավ գիտես Շուշիի նկատմամբ իմ հատուկ վերաբերմունքի մասին)։ Լավ, ասենք թե՝ «հիմա» ունես իշխանություն բոլոր քննիչների, շատ դատախազների, որոշ դատավորների նկատմամբ։ Բա ի՞նչ ես անելու «հետո» – չէ՞ որ վաղ թե ուշ «հետո»-ն գալու է (ես կարծում եմ՝ վաղ, դու երևի կարծում ես՝ ուշ – բայց գալու է, չէ՞): Արդյո՞ք ղեկավարդ արժանի է նրա համար «մահապարտ» դառնալուն – մի մարդ, ով ցանկացած պարագայում պատմության մեջ նզովյալի տիտղոս է ունենալու։ Ու եթե նա կարողացել է «խելքդ ուտել» իր անմեղության մասին հեքիաթներով, ապա դու հո լավ գիտես՝ ինչ է պատասխանատվությունը, կարո՞ղ ես ցույց տալ մի պատմական օրինակ, երբ հայրենիք կորցրած որևէ ղեկավար պամության դատաստանում «ճանաչվել է» անմեղ։ Ինչու՞ ես անունդ անջնջելիորեն խարանում։ Ինչու՞: Չէ՞ որ քեզ շրջապատող բոլոր կամակատարներից ու փալասներից, բոլոր առումներով, մի քանի գլուխ բարձր ես։ Չեմ կարողանում հասկանալ։

Ախր չկա որևէ «բարոյական համակարգ», որի շրջանակներում հնարավոր կլիներ արդարացնել ղեկավարիդ հակառակորդների դեմ վատություններ անելու ընդգծված «ջանասիրությունդ»։ Ախր բաներ եք անում, որ մեր երկրում երբեք չի արվել։ Օրինակ՝ հայրերի համար որդիներին պատժելը։

Վատն այն է, որ խիստ վիճելի է – կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա…

ՀԳ. Կներես, որ կիսաանձնական բաներ եմ գրել հրապարակավ։ Ղեկավարդ է անձնականը հրապարակայնացնելու «դրոշակակիրը», ու նրա հանձնակատարությունը ստանձնելով՝ ինչ-որ առումով ստանձնել ես նաև անձնականը հանրայնացնելու նոր կանոնի համար պատասխանատվությունը»: