կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 12:45
Քաղաքական

Երբ նիկոլական մարզպետն ասում է՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ», դա հնչում է որպես մահվան սպառնալիք

Երբ նիկոլական մարզպետն ասում է՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ», դա հնչում է որպես մահվան սպառնալիք

7or.am-ը գրում է․  Սյունիքի փաշինյանական մարզպետ, 2021-ի ընտրարշավի ժամանակ, որքան հայտնի է, Սյունիքի գյուղերում որպես ընտրակաշառք գյուղտեխնիկա բաժանած Ռոբերտ Ղուկասյանը, որ մի ժամանակ հեռանկարային հնակենդանաբան էր համարվում, այսօր լրագրողներին հայտնել է, որ Մյունիքը Հայաստանի անբաժանելի մասն է:

Չէ՛, լուրջ:

Խոսակցությունը սկսվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ռուսաստանի հյուպատոսարան բացելու մտադրության թեմայից: Հիշեցնենք, որ վերջերս Կապանում Իրանը հյուպատոսարան է բացել, հիմա էլ Ռուսաստանը նման մտադրություն ունի:

«Ես մեծ հույս ունեմ, որ սա վերջին հյուպատոսարանը չի լինելու, որ բացվում է Սյունիքում»,-ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե կարո՞ղ է, ինչ-որ նոր պլան կա, որի համաձայն, Սյունիքի մի զգալի մասը վերածվում է «Զանգեզուրի միջանցքի»՝ ռուս-թուրքական համատեղ վերահսկողության տակ: Փաշինյանական մարզպետը մի պաթոսախառն ու բուռն հայրենասիրական ելույթիկ է ունեցել. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական: Դա մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Այսպես պետք է մտածի ցանկացած հայ և սա քննարկման ենթակա չէ: Թե ով ինչ պլաններ ունի Սյունիքում, դա իրենց խնդիրն է, համենայն դեպս, մինչև այս պահը այդ պլանները չեն աշխատել և շատ լավ է, որ չեն աշխատել: Վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ չեն աշխատելու»:

Տո լավ, է՜...

Էդ լո՞ւրջ եք ասում: Պատահաբար ալկոհոլի կամ կոկայինի բեռի ճնշման տա՞կ չեք:

Ափսոս, լրագրողները չեն կռահել սույն բանախոսին հարցնել, իսկ Արցա՛խը, Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մա՞սը չէ, որ դու և քո ներկայացրած իշխանությունն ուրացել են:

Եվ հետո, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհը Սյունիքի անբաժանելի մա՞սը չէր, որ առանց «օֆ քաշելու» տվեցիք ձեր սիրելի թուրքերին: Թե՞ Կապանի շրջակա բարձունքները Սյունիքի անբաժանելի մաս չեն, հետևաբար՝ Հայրենիքի անբաժանելի մաս: Թե՞ Սև լիճը Սյունիքի ու Հայրենիքի անբաժանելի մասը չէր: Թե՞ Ուղտասարը, Թե՞ Իշխանասարը: Թե՞ Ներքին Հանդի՝ էլի ձեր կողմից թշնամուն նվիրած հատվածները:

Այս մարզպետի կարգի նիկոլականների երեսպաշտությունն ուղղակի արդեն ֆիզիկական նողկանք է հարուցում: Իսկապես պետք է առանձնահատուկ ցինիկ լինես, որպեսզի փաշինյանական իշխանությունը ներկայացնելով հանդերձ՝ նման հայտարարություններ անես:

Արցախն ուրացած, Ադրբեջանին նորանոր զիջումներ անելու համաձայնություն տված իշխանության ներկայացուցիչն ինչի՞ց է խոսում:

Մեկն էլ կար, ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Եվ այդ մեկը Ռոբերտ Ղուկասյանի անմիջական շեֆն է՝ Նիկոլ Փաշինյանը: Պիմա, երբ Սյունիքի մարզի «նիկոլփաշինյանն» է հայտարարում, թե «Սյունիքը մեր հայրենիքի անբաժանելի մասն է», դա հնչում է որպես մահվան սպառնալիք:

Սրանք մեր երկրի, հայրենիքի որ հատվածի մասին այդպես խոսում են, ուրեմն կա՛մ պատրաստվում են հանձնել թշնամուն, կա՛մ արդեն հանձնել են:

Նիկոլ Փաշինյանի օրինակը նշեցինք: Չմոռանանք նաև Ալենի օրինակը, որ Ակնայում նկարվել էր, թե՝ «սա իմ հայրենիքն է»: Մեկն էլ կար, ծաղրում էր (իր խելքին, էլի), թե ամերիկացիներին բերել ենք հանձնելուց առաջ Շուշին ցույց տանք... ու մի քանի օր անց հանձնեցին:

Հիմա էլ Սյունիքի մարզպետի պաշտոնն զբաղեցնողն ասում է՝ սա մեր հայրենիքի անբաժանելի մասն է: Սա լրջորեն մտահոգվելու առիթ է, առնվազն: