Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձ է անում իր անձնական նկրտումներն ու ընկալումները փաթեթավորելու ՀՀ ազգային ու պետական շահերի հետ մեկտեղ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենը չգերագնահատելու և այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին Փաշինյանի՝ Մոլդովայում հնչեցրած հայտարարությանը։
«Չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համարում է թուրք և ինքն իր ամբողջ «քաղաքական» գործընթացում, 5 տարվա ընթացքում թուրքերին ու ադրբեջանցիներին հանձնել է տարատեսակ՝ թե՛ քաղաքական, թե՛ արդեն գետնի վրա տարածքներ։ Հետևաբար, իր համար հայրենիք ասվածն ուղղակի օդում գոյություն ունեցող իրականություն է»,- ասաց նա։
Ըստ ադրբեջանագետի՝ այս համատեքստում բանակցության վերաբերյալ հարցի բարձրացումն, ըստ էության, ժողովրդին խաբելու իշխանության հարթական փորձն է։ Այսպիսի օրինակների ականատես մենք դարձել են անցած տարիների ընթացքում՝ Գորիս- Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղադրելու և ադրբեջանական ԶՈւ-երի՝ ՀՀ պետական տարածքներ ներխուժելու, հայկական բնակավայրերը ջրային ռեսուրսներից, մասնավորապես Սև լճից ու այլ ռեսուրսներից զրկելու օրինակներով։
«Փաստինֆո»-ի զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի այսօրվա բոլոր գործողություններն իրականացվում են ադրբեջանական շահերը սպասարկելու սկզբունքով։ Այս պարագայում, ըստ նրա, ճանապարհը փակվել- չփակվելու հարցը երկրորդային է դառնում հայրենիքը կորցնելու խնդրի առջև։ Այդ իրավիճակի իրական ու լիարժեք իրականացնողն ու պատասխանատուն ՀՀ ներկա կառավարությունն է։
Ըստ փորձագետի՝ Վայոց Ձոր և Սյունիքի մարզ տանող Տիգրանաշենի ճանապարհը միջպետական կարևորագույն ճանապարհ է։ Այս դեպքում նա անընդունելի է համարում Փաշինյանի պնդումը, թե ոչինչ, մեկ այլ ճանապարհ կկառուցենք։ Դա որակում է որպես պետական դավաճանության հիմք պարունակող հայտարարություն։ Ըստ նրա՝ հայրենիքը կառուցված ու կազմված է նաև հենց այդ ճանապարհներից, սարերից ու տարածքներից, որոնք գտնվում է տվյալ պետության վերահսկողության ներքո։
«Այսինքն, եթե դու խոսում ես կադաստրի թղթից, հայտարարում ես, թե մեզ տարածաշրջանում որևէ մեկը չի ճանաչում, ապա այդ տարածքներն առանց որևէ դիմադրության ու սեփական կամքով հանձնելու դեպքում ակնհայտ է, որ քեզ այդպես էլ չեն ճանաչելու որպես տարածաշրջանի սուբյեկտ»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ նրա, տեղի ունեցող գործողությունների տրամաբանությունը տանում է այն կետին, որ Հայաստանը կլինի ոչ թե հանրապետություն, այլ թուրքական անկլավ կամ առևտրի կենտրոն։ Որպես շարունակություն, ադրբեջանագետը հատուկ շեշտեց, որ այս պայմաններում «խաղաղություն» ասվածը մի քանի իմաստ ունի՝ Հայաստանի պետական քաղաքականության կործանում՝ տարածքների զիջման համատեքստում։ Երկրորդն, ըստ նրա, այդ «խաղաղությունը» նշանակում է Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության էական նվազում կամ վերացում։ Եվ երրորդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում։
«Այստեղ փորձ է արվում ներկայացնել, թե մենք այդտեղից ինչ-որ ֆինանսական տրանսֆեր կստանանք։ Փաստացի ստացվում է, որ այս իշխանությանն ավելի շատ հետաքրքրում է իրենց գրպանների պարունակությունը, քան պետություն ունենալը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Արծվաշենն այլ՝ անկլավ կոչվող տարածքներով փոխանակելու հայտարարությանը, ապա փորձագետն արձագանքեց կտրուկ՝ նշելով, որ դա պարունակում է պետական դավաճանության տարրեր, քանի որՀՀ Սահամանադրությամբ սահմանվում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքներն ու հայապահպանական գործընթացների հիմքը։
Դրա փոխարեն նա առաջարկում է ադրբեջանական կողմին հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Փորձագետը համոզված է՝ Ադրբեջանում նրան կդիմավորեն մեծ շուքով։
«Գուցե և նրա պատվին մի արձան կանգնեցնեն՝ որպես Ադրբեջանի պատվական քաղաքացի»,- ասաց նա։
Փորձագետն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, որ 1975 թվականի քարտեզի դիտարկումը պայմանավորված է նրանով, որ դա Ալմա- Աթայի հռչակագրի վավերացումից առաջ կազմված վերջին քարտեզն է եղել։ Հայտարարեց, որ այդ պնդումը սխալ է, քանի որ այդ հռչակագիրն ընդունվել է վերապահումներով։ Դրանք, իր խոսքով, մասնավորապես վերաբերել են հստակ տարածքներին ու Արցախին։ Այդ մասին որևէ քննարկում ծավալելը, փորձագետն անգամ սխալ համարեց։
Որպես հավելում հայտարարեց, որ մինչև 1975 թվականը բազմաթիվ այլ քարտեզներ ևս կազմված են եղել, որտեղ անկլավներ գոյություն չեն ունեցել։ Այդ քարտեզներից չօգտվելը նույնպես, ըստ Փաստինֆո-ի զրուցակցի, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Մի բան։ ըստ ադրբեջանագետի, հստակ է. այստեղ գործում է ոչ թե փոխադարձ, այլ միակողմանի՝ ադրբեջանական ընկալումը, որը լիարժեքորեն իրականացվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ցանկություններին, ապա նրա առավելապաշտական նկրտումների մասին վաղուց բոլորը գիտեն։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը Երևանը տեսնում է որպես «Իրեվան», Գեղարքունիքի մարզը որպես «Բասարգեչար»... ։ Բոլոր պրոցեսներն ընդդեմ Հայաստանի ունեն միայն մեգ գերնպատակ՝ հայաթափում կամ երրորդ ցեղասպանություն։ «Խաղաղություն բառն Ադրբեջանից այնքան հեռու է, որքան խոզը տուռնիկից»։ Հետևաբար, Ադրբեջանում չկան ժողովրդական արժեքներ, այնտեղ չկա խոսքի ազատություն, չկան փոքրամասնությունների իրավունքների պահպանում։ Այնտեղ կյանքը կառուցվում է միայն ատելության հիմքով»,- ասաց նա։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ուղին և առկա խնդիրների հանգուցալուծումը մեր զրուցակիցը տեսնում է իշխանափոխությամբ։