Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Երեկ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման ներքո ու շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր, իսկ Մաշտոցի պողոտայով էլ կաթի գետեր են հոսում՝ կիսելային ափերի արանքում: Չէ, լուրջ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ «Հ1-ի Հայաստանից» էր եկել, կա՛մ «Հ1-ի Հայաստանի» նախաեթերային կարգավորումներն էր անում: Գործազրկությունը, ըստ Փաշինյանի նվազել է: Այն էլ՝ կտրուկ, կարելի է ասել: Պետք է ենթադրել, որ գործազուրկները արդեն ինչոր հունարով հասցրել են փախչել Փաշինյանի ձեռքով կործանվող երկրից: Կամ էլ լծված են կատաղի թափով մոլեգնող ու, անհասկանալի է, թե ում համար իրականացվող բնակարանաշինարարությանը: Արտաքին պարտքը...
Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում ասի, թե Հայաստանն իր հմուտ ղեկավարման շնորհիվ արդեն ոչ էլ արտաքին պարտք ունի: Բայց նա մի փոքր համեստություն արեց և ասաց, որ իր կառավարությունը արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունի: Այսինքն, պարզվում է, որ, ի տարբերություն պետության տարածքային անձեռնմխելիության ու անվտանգության, արտաքին պարտքի հարցում Փաշինյանի կառավարությունն ինչ-որ ռազմավարություն ունի: Ֆանտաստիկա...
Ու ո՞րն է այդ «ռազմավարությունը», թույլ տվեք հետաքրքրվել: Փաշինյանն ասում է. «Կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ մինչև 2026 թվականը պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք»: Ո՞ւ... Որքա՞ն ցածր: Ի վերջո, 59 տոկոսն էլ է 60-ից ցածր, 48 տոկոսն էլ, 38,7 տոկոսն էլ: Ո՞ր մեկն է լինելու «60 տոկոսից ցածր»: Մի՞թե որևէ հարցում ռազմավարություն ունեցողը նման լղոզված բան կասեր: Ռազմավարությունը ինչ-որ կոնկրետություն է ենթադրում, որը չնկատվեց ու չզգացվեց Փաշինյանի «բյուջետային կատարողական» ելույթում բոլոր առումներով, դե, իսկ պարտքերի ու արտաքին պարտքի պահով՝ մասնավորաբար: Եվ հետո, ինչ ասել է՝ մինչև 2026 թիվը՝ 60 տոկոսից ցածր:
Օրինակ՝ 2022-ին այդ ցուցանիշը, պայմանով, եթե հալած յուղի տեղ ընդունենք Փաշինյանի բերած վիճակագրությունը, կազմել է 46,7 տոկոս: Երբ ասում է, թե մինչև 26 թվականը 60 տոկոսից ցածր պիտի լինի, էհ, հնարավոր է, 54 տոկոս է լինում: Դա նշանակում է՝ արտաքին պարտքի բեռը, որ ոչ այնքան վաղուց ռեկորդային 10 միլիարդ դոլարի սահմանը տվել-անցել էր, միայն ավելի է ծանրացել: Դրա ի՞նչն է լավ, դրա ինչի՞ վրա են պաշտոնյաներն ու գործադիրի թիվ 1 պաշտոնյայի կարգավիճակ ունեցողն ուրախանում: Գուցե նրա վրա, որ իրե՞նք չեն պարտքը մարելու:
Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում արտաքին պարտքը միայն ավելանում է ու ավելանում, անկախ այն բանից, թե ինչ զանազան-զարմանազան վիճակագրական մանիպուլ յացիաներ են անում այդ պարտքի, դրա դոլարային ու դրամային արտահայտությունների հետ կապված: Ի դեպ, պարտքերի մասին: Այս դեպքում՝ հիպոթեքային: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: Թվում է՝ հպարտությունից ծուլծուլ լինելու բան է ասում, ապա մեկնաբանում. «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան:
Մեկը նախագծման փուլում է, մեկը՝ կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ կարևոր ցուցանիշ է, սա նշանակում է, որ մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ»: Նման մեկնաբանությունները սովորաբար բնորոշվում են որպես ցանկալին իրականության տեղ մատուցել: Նախ՝ հիպոթեքային վարկառուների կամ շահառուների կտրուկ ավելացման մասին: Դեռ հարց է, թե դրանից որքանով արժե ոգևորվել: Ամեն դեպքում, դա պարտք է, պարտքային բեռ: Ու դա՝ մի երկրում, որն ինքը ահռելի պարտքի տակ է, որը վերջին 5 տարվա մեջ ունեցել է խայտառակ ու ահռելի տարածքային կարուստներ, մարդկային կորուստներ, սոցիալական ու տնտեսական խեղումներ, էլ չենք խոսում՝ բարոյահոգեբանական վիճակի մասին: Երկրորդը՝ դեռ հարց է, թե նշված 25 հազար վարկավորումներից որքա՞նն է եղել նախքան պատերազմը և որքա՞նն է հիմա:
Երրորդը՝ վարկային փուչիկը մի օր կարող է պայթել ու բավականին ցավոտ կերպով, երկրին թողնելով բազմաթիվ կիսակառույցներ և կիսասեփականատերեր: Նման մի բան արդեն եղել է 2009-10 թվականներին, ըստ որում, Հայաստանից անկախ հանգամանքներով պայմանավորված: Չորրորդը՝ շատ հնարավոր է, որ նշված թափով վարկառությունը ոչ այնքան Հայաստանի ապագայի նկատմամբ լավատեսության դրսևորում է, այլ պարզապես արտաքին ազդակներով պայմանավորված (ռուսաստանցիների ներհոսք) անշարժ գույքի գների աճի պայմաններում, քանի դեռ հնարավոր է, ինչ-որ կերպ տնավորվելու բնական մղում: Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է իսկապես Նիկոլ Փաշինյան լինել՝ Հայաստանը նման վիճակի հասցնելու, Արցախն ու Արցախի հայությանը թշնամու ողորմածությանը թողնելու և հայտարարելու համար, թե մարդիկ լավատեսություն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ: Այո, փաշինյանական այդ «լավատեսությունից» ՀՀ յուրաքանչյուր երկրորդ բնակչի սիրտը ճաքում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում