կարևոր
2803 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 13:45
Հասարակություն

Զոհվածների ընտանիքների միջոցներով «Եռաբլուրում» տապանաքարեր տեղադրելու դիմաց փոխհատուցում կտրվի

Զոհվածների ընտանիքների միջոցներով «Եռաբլուրում» տապանաքարեր տեղադրելու դիմաց փոխհատուցում կտրվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելու մասին որոշում կայացրեց:

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի դիմաց հատուցման տրամադրման անհրաժեշտությամբ:

Ներկա պահին քննարկվում է թվով 47 ընտանիքի հատուցման հարց, որի համար կպահանջվի 52-54 մլն դրամ գումար, թեև չի բացառվում, որ մինչև 8 գերեզմանների տապանաքարեր նույնպես տեղադրվեն զոհվածների ընտանիքների միջոցով, որի համար առավելագույնը կպահանջվի մոտ 9,5 մլն. դրամ գումար:

ՀՀ պաշտպանության նախարության և 18.11.2021թ. «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մինչև օրս փաստացի տեղադրվել է 925 տապանաքարեր (չհաշված ընտանիքների կողմից կառուցված վերոնշյալ 47 տապանաքարերը), նախատեսվում է տեղադրել ևս շուրջ 10 տապանաքար, որոնք դեռևս չեն տեղադրվել հիմնականում ծնողների կողմից տարբեր պատճառաբանությունների ներկայացման պատճառով (չեն ընդունում, որ իրենց որդին զոհվել է, ցանկանում են, որպեսզի տեղադրվի տեխնիկական բնութագրից տարբերվող տապանաքարեր, դեռևս չեն կողմնորոշվում քարի տեսակի ընտրության հարցում, նախապես ընտրված քարի որոշ բաղադրիչների տեղադրումից հետո չեն թույլատրում ավարտին հասցնել այն՝ պահանջելով փոխել քարի տեսակը և այլ նմանատիպ պատճառներ): Այս պարագայում չի բացառվում, որ որոշակի քանակ այդպես էլ չտեղադրվի, իսկ «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ին տրամադրված։ կանխավճարից չտեղադրված տապանաքարերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված ֆինանսական միջոցները ետ վերադարձվեն պետական բյուջե: