կարևոր
3205 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-01 09:29
Հասարակություն

Աշխատաւորների միջազգային օրւայ առիթով. Ընկերվարութիւնը՝ որպէս փրկօղակ

Աշխատաւորների միջազգային օրւայ առիթով. Ընկերվարութիւնը՝ որպէս փրկօղակ

Աշխատաւորների միջազգային օրը՝ Մայիսի 1-ը յիշեցնում է քրտնաջան աշխատանքի եւ դրա արդիւնքում ստեղծւած արժէքների ու բարիքների մասին:

Այս օրն աշխատաւորներին երախտագիտութիւն յայտնելու առիթ է, երբ մենք առաւել, քան երբեւէ յիշում ենք, որ արտադրութեան եւ արժէքի ստեղծման շղթայի համար պարտական ենք աշխատանքին եւ աշխատաւորներին: Ուստի անհրաժեշտ է գլուխ խոնարհենք մարդկային էութեան ամենակարեւոր բաղադրիչներից մէկի՝ աշխատանքի եւ դրան կեանքի կոչող աշխատաւորների առջեւ:

Մայիսի 1-ը, միեւնոյն ժամանակ, լաւագոյն առիթ է ընձեռում մեզ անդրադառնալու կապիտալիզմին, եւ նրանից բխող քաղաքական ու տնտեսական համակարգերին: Մանաւանդ, որ արդի կապիտալիզմի, նրա գաղափարական ակունքների եւ արժէքային համակարգի, պետութիւնների ու ժողովրդների կեանքում դրանց ազդեցութեան եւ թողած հետեւանքների մասին բանավէճերը շարունակում են մնալ արդիական, յատկապէս մեր օրերում, կապիտալիստական համակարգի պատճառած իրարայաջորդ ճգնաժամերի ֆոնին:

20-րդ դարի վերջնամասը եւ 21-րդ դարի սկիզբը, կապիտալիզմի նոր դրսեւորման՝ նէոլիբերալիզմի յաղթարշաւի տարիներն էին:

Համաշխարհայնացման խելայեղ արագացումը, կապիտալի ծայրայեղ կենտրոնացումը, գրեթէ բոլոր պետութիւնների պարտադիր մուտքը համաշխարհային շուկայական ցանց, աւանդական հասարակութիւնների տակնուվրայ լինելը, հակահասարակական՝ անհատապաշտական դրսեւորումների կտրուկ աճը, աշխարհի մէկ երրորդի աղքատացումը, անկայունութեան թափը, հասարակութիւնների ապրանքայնացումն ու սպառողականութեան տարածումը եւ ֆինանսական արդիւնաբերութեան կտրուկ ընդլայնումն աշխարհի շատ երկրներում սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամերի եւ աւերածութիւնների պատճառ դարձան: Այնպէս, որ տւեալ պետութիւններում կազմաքանդւեցին հասարակութեան ամրութեան պահպանող շաղախն հանդիսացող սոցիալական համակարգերը, տնտեսութիւնը, եւ որոշ պարագաներում՝ անգամ պետութեան անվտանգութիւնը:

Թւում էր, թէ մեր նշած ժամանակաշրջանի նէոլիբերալիստական խելագարութիւնների հետեւանքները բաւարար կը լինէին դրանցից անհրաժեշտ հետեւութիւններ անելու՝ սխալները չկրկնելու համար:

Սակայն, ցաւով պէտք է նշենք, որ 21-րդ դարի երրորդ տասնամեակը եւս նոյն տենդենցի աւելի արդիական տարբերակի դրսեւորումների ականատեսն է:

Աշխարհի շատ երկրներում, պետական մակարդակով, այսօր դեռեւս միանշանակ՝ այլընտրանք չունեցող ու դրական են գնահատում վայրագ սեփականաշնորհումները, պետութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող տնտեսական ճիւղերի ապապետականացումը, սոցիալական ծառայութիւնների, վճարների եւ թոշակների կտրուկ կրճատումը:

Եւ չնայած գրանցւած տնտեսական որոշակի, երբեմն նոյնիսկ ակնառու աճի, տւեալ երկրներում խորացել է սոցիալական խզումն ու բեւեռացումը, աղքատութիւնը, ազգային-պետական հարստութիւնների եւ եկամուտների ծայրայեղ անարդար բաշխումն ու հակասոցիալական պետական կառավարումը:

Եւ հէնց առկայ իրավիճակն է, որ մերօրեայ մտածողներին ստիպել է կասկածի տակ առնել նէոկապիտալիստական տնտեսական համակարգն ու դրանից ծնւած հասարակարգը, ինչպէս նաեւ նրա հանրահռչակած ազատական արժէքները:

Նրանց յաջողւել է ապացուցել, որ բարեկեցիկ պետութիւն եւ հասարակութիւն կառուցելու համար նէոլիբերալիզմն ու նրանից բխող սոցիալ-տնտեսական համակարգը լաւագոյն տարբերակները չեն: Այլ, որ գոյութիւն ունի իրական այլընտրանք՝ ի դէմս ընկերվարութեան:

Ընկերվարական հասարակութիւնը ենթադրում է ոչ թէ տապալել կապիտալիզմը, այլ՝ կազմակերպել նրա զոհերի համախմբումը այնպիսի հասարակական համակարգի մէջ, որի գործառոյթը պէտք է լինի կապիտալի կուտակման եւ կենտրոնացման, ֆինանսական արդիւնաբերութեան եւ տնտեսութեան ապրանքայնացման եւ գերիշխանութեան թօթափումը:

Տզրուկային տնտեսութեան եւ ֆինանսական արդիւնաբերութեան տիրապետութեան պայմաններում, երբ հնարաւոր նւազագոյնի է իջեցւել աշխատաւորի եւ աշխատանքի դատի պաշտպանւածութիւնը, երբ նոր՝ «քաղաքակիրթ» տեսքով բանւորական ուժի հնարաւորինս առաւելագոյն շահագործումը դարձել է օրինաչափութիւն, իսկ կապիտալի կուտակումը՝ արժէք, ընկերվարութիւնը կարող է դառնալ միակ այն փրկօղակը, որը կարող է հակակշռել ծայրայեղ աջ՝ նէոլիբերալիստական տնտեսական ուղղութեանը, վերականգնել հասարակական հաւասարակշռութիւնն ու համերաշխութիւնը, եւ ձեւաւորել պետական-հանրային այնպիսի կառավարման համակարգ, որը կը ծառայի ժողովրդին եւ կերաշխաւորի հանրութեան մեծամասնութեան բարօրութիւնն ու շահը, եւ ոչ թէ՝ կը պաշտպանի եւ կը նպաստի մի փոքրամասնութեան շահերի ու արտօնութիւնների պատշպանութեանը, ուռճացմանն ու աճին:

Այլապէս աշխարհի 1 տոկոսանոց «Փոքրամասնութեան ձեռքում կը շարունակի կենտրոնացած մնալ տնտեսական եւ քաղաքական իշխանութիւնը՝ ոտնահարելով ենթակայ ժողովրդների ազգային-քաղաքական եւ ընկերային-տնտեսական ազատութիւններն ու իրաւունքները» (անուղղակի մէջբերումը ՀՅԴ Ծրագրից է)‎:

«ԱԼԻՔ»ի խմբագրական