Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը 133 տարեկան է:
133 տարի պատնէշի վրայ, խրամատներում, առաջին գծում: 133 տարի յարատեւ պայքար՝ բոլոր ճակատներում: Խանասորից Բանկ Օտոման, Սասնայ լեռներից Վան-Վասպուրական, Մշոյ դաշտերից Կարին-Ալաշկերտ, Վիտոշից Նեմեսիս, Մայիսի 28-ից Փետրւարի 18, պետականաշինութիւնից տարագրում, սփիւռքաշինութիւնից Արցախի ազատագրում:
Սա է բարդ ու դժւարին այն ուղին, որն անցել է Դաշնակցութիւնը 133 երկար ու ձիգ տարիների ընթացքում:
Եւ այլ կերպ լինել չէր կարող: Քանի որ Դաշնակցութիւնը ծնունդն էր հայ ժողովուրդի: Քանի որ Դաշնակցութեան ծնունդը ժամանակի հրամայական կարիքն էր ու պահանջը: Քանի որ Դաշնակցութիւնը կոչւած էր յեղափոխելու հայ մարդու ստրկացած հոգեվիճակը, շտկելու նրա մէջքը, վերադարձնելու նրան իր խիզախութիւնն ու արժանապատւութիւնը, յանուն հայրենիքի ազատագրութեան վեհ գաղափարի պայքարի եւ զոհաբերման կոչելու նրան:
Եթէ մի քանի տողով ամփոփելու լինենք 133 տարւայ ընթացքում ՀՅԴ անցած ուղին, ապա կը ստացւի հետեւեալ պատկերը.
Դաշնակցութիւնը՝
-Գաղափարական եւ կազմակերպական լիցք եւ ուղղւածութիւն հաղորդեց հայկական յեղափոխութեանը,
-կազմակերպեց ու ղեկավարեց ազատագրական-ֆիդայական շարժումը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին,
-կազմակերպեց եւ առաջնորդեց Հայոց Առաքելական Եկեղեցու գոյքերի բռնագրաւման դէմ պայքարը Արեւելեան Հայաստանում,
-ապահովեց հայութեան յաղթանակը հայ-թաթարական պատերազմների ընթացքում,
-գործօն մասնակցութիւն ունեցաւ Օսմանեան կայսրութեան Սահմանադրական շարժմանը,
-գործօն եւ վճռորոշ մասնակցութիւն ունեցաւ Իրանի Սահմանադրական շարժման յաղթանակում,
-Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին կազմակերպեց եւ ղեկավարեց Կամաւորական շարժումը,
-կազմակերպեց եւ ապահովեց Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած արեւմտահայութեան բեկորների կեցութիւնն ու անվտանգութիւնը,
-համախմբելով ժողովրդին, կազմակերպեց ու ղեկավարեց Մայիսեան փառահեղ յաղթանակները՝ վերականգնելով հայոց պետականութիւնը,
-ամենադժւարին պայմաններում, Հայաստանի առաջին Հանրապետութեան կարճատեւ կեանքի ընթացքում լծւեց պետականաշինութեան բարդ աշխատանքին,
-1919 թւականին օրէնքի ուժ տւեց հայ ժողովրդի մեծ տեսլականին՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանին: Միջազգային վեհաժողովներում հետամուտ եղաւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմանը, եւ Հայաստանի Հանրապետութեան անունից ստորագրեց Սեւրի պայմանագիրը,
-կազմակերպեց եւ ղեկավարեց «Նեմեսիս» գործողութիւնը՝ պատժելու համար Հայոց Ցեղասպանութեան հեղինակներին,
-սփիւռքեան պայմաններում համախմբեց ու կազմակերպեց հայութեան տարագրւած բեկորներին՝ պահպանելով սփիւռքահայութեան ազգային դիմագիծը՝ նրանց ներշնչելով վճռակամութիւն, յոյս եւ հաւատք ապագայի նկատմամբ,
-նոր թափ եւ գաղափարական լիցք հաղորդեց յանուն Հայ Դատի տարւող քաղաքական եւ ուժային պայքարին,
-ամբողջական զօրակցութիւն ցուցաբերեց Արցախեան շարժմանը: Գործօն եւ ղեկավար մասնակցութիւն ունեցաւ Արցախեան ազատամարտում եւ Արցախի Հանրապետութեան ստեղծման ու ամրապնդման գործում,
-ակտիւ մասնակցութիւն ունեցաւ Հայաստանի վերանկախացման գործընթացում եւ ազգային արժէքների ու ազգային գաղափարախօսութեան հայրենիք վերադարձի գործում,
-ամբողջանւէր մասնակցութիւն ունեցաւ Հայաստանի եւ Արցախի քաղաքական, ինչպէս նաեւ սոցիալ-տնտեսական կեանքում,
-անսակարկ մասնակցութիւն ունեցաւ 2016 թւականի քառօրեայ եւ 2020 թւականի 44-օրեայ պատերազմներում,
-2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ սկզբունքային պայքար ծաւալեց ՀՀ հակազգային իշխանութիւնների դէմ,
-քաղաքական-լաբբիստական ողջ կարողութիւններն ի սպաս դրեց՝ միջազգային ատեաններում Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանութեան համար,
-բոլոր հնարաւորութիւնները եւ կարողութիւնները հունաւորեց՝ տարագրւած եւ հայրենազրկւած արցախահայութեան կենսական կարիքների ապահովման համար:
Եւ այսօր եւս, հակառակ հայ ժողովրդի կրած ծանր պարտութեանը, հակառակ համատարած յուսախաբութեան մթնոլորտի եւ խարխափումների, հակառակ կազմակերպւած, ծրագրաւորւած եւ նպատակային հակադաշնակցական քարոզչութեանը եւ պայքարի, հաւատարիմ իր գաղափարախօսութեանը եւ փառապանծ անցեալին, Դաշնակցութիւնը շարունակում է հանդիսանալ այն եզակի կազմակերպութիւնը, որը հայրենիքի ու հայութեան համար պայքարը շարունակում է աշխարհով մէկ:
Մենք գիտակցում ենք, որ մեր ժողովրդի սպասելիքներն ու ակնկալիքները Դաշնակցութիւնից միշտ եղել են մեծ, շատ մեծ՝ յատկապէս դժւար եւ անելանելի թւացող իրավիճակներում: Այսօր եւս այդպէս է, երբ կորցրել ենք Արցախը, երբ Արցախը թշնամուն յանձնած, թուրքա-ադրբեջանական բոլոր պահանջներն ու ցանկութիւնները կատարող իշխանութիւնների հակազգային գործողութիւնների արդիւնքում, վտանգւած է հայոց պետականութեան լինելիութիւնը, եւ հայ ժողովուրդը ստիպւած է գոյաբանական բնոյթի պայքար մղել:
Բայց, վստահեցնում ենք Ձեզ, որ ամենաբարդ պայմաններում անգամ, նոյնիսկ գերագնահատւած սպասելիքների պարագայում, Դաշնակցութիւնը երբեք յանձնառութեան եւ վճռակամութեան պակաս, նահանջի եւ փախուստի մտադրութիւն չի ունեցել: Այսօր էլ չունի։ Այնպէս, որ մեր երթը շարունակւում է, եւ դրա յաղթական աւարտի համար պատրաստ ենք զոհաբերելու ամէն ինչ, անգամ մեր լաւագոյններից լաւագոյններին: Ինչպէս Դաշնակցութեան մեծ տեսաբան Սարգիս Զէյթլեանն է ժամանակին ասել. «Մէկ ինկողին տեղ հազարներ պիտի նետենք մարտադաշտ մե՛ր ապագային համար, որովհետեւ ուրիշ ոչ ոք կրնայ եւ ոչ ոք պարտաւոր է, եւ մենք ալ իրաւունք չունինք սպասելու ոչ ոքէ, որ իր զաւակները զոհէ մեզի համար, որ իրեն արիւնը թափէ մեզի համար»:
Սա մեր խաչն, որը պատւով կրել ենք 133 տարի շարունակ եւ կը կրենք այնքան ժամանակ, որքան կը պահանջւի:
«ԱԼԻՔ»-ի խմբագրական