Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի պատգամավորները դիմել են երկրի ԱԳՆ-ին՝ խնդրելով միջազգային աջակցություն ցուցաբերել Հարավային Ադրբեջանի անկախության շարժմանը: Սա տարածաշրջան է Իրանի հյուսիսում։ Անցյալ տարվա վերջին այաթոլլահների ռեժիմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին Թեհրանից հանուն տարածաշրջանի ինքնավարության շարժում սկսվեց, հաղորդում է «Эхо Кавказа»-ն։
Պաշտոնական դիմումում 32 պատգամավորներ, որոնք Քնեսեթի բոլոր անդամների մեկ քառորդն են, խնդրել են Իսրայելի ԱԳՆ-ին ուշադրություն դարձնել իրանցի ընդդիմադիրներին եւ Թեհրանի ռեպրեսիվ ռեժիմի ուժեղացմանը հարավային ադրբեջանցիների նկատմամբ:
«Սա Իրանի ամենամեծ էթնիկ խումբն է, որն ունի ավելի քան 20 միլիոն մարդ։ Ռեժիմն իրականացնում է մշակութային ցեղասպանության քաղաքականություն՝ սահմանափակելով ադրբեջանական փոքրամասնության՝ իրենց ժառանգությունն ուսումնասիրելու եւ փոխանցելու, իրենց լեզուն ուսուցանելու եւ նույնիսկ ադրբեջանական անուններով իրենց երեխաներին գրանցելու իրավունքները»,-նշել են պատգամավորները:
Իսրայելական ԶԼՄ-ները ուշադրություն են դարձնում հայտարարության հեղինակների կազմին։ Նրանց մեկ երրորդը խորհրդարանի ուլտրակրոնական խմբակցությունների ներկայացուցիչներ են, որոնք չափազանց հազվադեպ են հետաքրքրվում միջազգային քաղաքականությամբ։ Նամակը ստորագրել են նաեւ կրոնական դաշինքի ակտիվ հակառակորդները՝ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ներկայացուցիչները եւ նրա նախկին ղեկավար, ծնունդով Խորհրդային Միությունից Ավիգդոր Լիբերմանը:
Իսրայելը Իրանին եւ նրա վարչակարգին լուրջ սպառնալիք է համարում ողջ Մերձավոր Արեւելքի համար։ Քնեսեթի պատգամավորները, որոնք ԱԳՆ-ում հայտարարություն են ստորագրել, կարծում են, որ Հարավային Ադրբեջանի անջատողական շարժումը միջազգային աջակցության առկայության դեպքում լուրջ հարված կհասցնի Թեհրանին: Իսկ Հարավային Ադրբեջանն ինքը կդառնա Իսրայելի դաշնակիցներից մեկը տարածաշրջանում Բաքվի հետ հավասար, որտեղ վերջերս այցելել էր Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը։
Տարեսկզբին Ադրբեջանն առաջին անգամ Իսրայելում նշանակել է իր դեսպանին՝ Մուխթար Մամմադովին։ Նա դարձել է Իսրայելում Ադրբեջանի անկախության ընթացքում առաջին դեսպանը։ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշումը Ադրբեջանի կառավարությունն ընդունել է անցյալ տարվա նոյեմբերին։
Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցություն են զարգացնում ավելի քան 30 տարի, սակայն հատկապես վերջին շրջանում այն ակտիվացել է։ Իսրայելցի դիվանագետները աջակցում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանումը ՝ Արցախ) շուրջ Հայաստանի հետ նրա հակամարտությունում։
Ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի ամբողջ նավթային ներկրման մոտ 40 տոկոսը։ Բացի այդ, քանի որ Ադրբեջանն ուղղակիորեն սահմանակից է Իրանին, նա կարեւոր է Իսրայելի համար՝ որպես հետախուզության ոլորտում դաշնակից եւ հնարավոր ռազմական դաշնակից երկրների միջեւ հակասությունների սրման դեպքում:
Իր հերթին, Թեհրանն իսրայելական հատուկ ծառայություններին մեղադրում է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Այդ թվում՝ Հարավային Ադրբեջանում եւ նահանգի մայրաքաղաք Թավրիզում հակակառավարական տրամադրություններին աջակցելու հարցում։
Հարավային Ադրբեջանը դարձել է Իրանի հակակառավարական ցույցերի խոշոր կենտրոններից մեկը անցած տարվա սեպտեմբերին Թեհրանում 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը հիջաբի սխալ կրման մեղադրանքով։