Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին
Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:
Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:
Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:
Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ: Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր: Նաև գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում:
Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ և բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով:
Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները:
Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր բանակը ձևավորման օրվանից, երբ դեռևս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ: Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա:
Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն: