Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է
Նիկոլ Փաշինյանի անկրկնելի երկրպագուների շարքերում կա այդպիսի պատգամավոր, ի դեպ՝ ամբողջ 4 գումարման պատգամավորական փոր ունեցող Գուրգեն Արսենյանը, որ ժամանակ առ ժամանակ «մարգարիտներ» է շաղ տալիս, թունդ հակաարցախյան ելույթներ է ունենում, ինչ-որ արկածախնդրություններից է խոսում: Նա «տարածքային տվայտանքները» տկարամտություն համարեց, խոսեց «մելիքություններից», թե՝ նախկինում «մելիքություններ» են եղել: Մի խոսքով՝ ինչի՞ց եք բողոքում, ի՞նչը նենց չի, պետությունը ձեզ նեղացնո՞ւմ է...
Ո՞վ է խոսում: Գուրգեն Արսենյա՞նը: Եվ ասում է, թե իր ներկայացրած փաշինյանական իշխանությունը, ուշադրություն, «ուժ չի կիրառում քաղաքացիների նկատմամբ»: Տո լավ, է՜...
Գուրգեն Արսենյանի իշխանությունը տրորտակ է տալիս զոհվածների ծնողներին, իսկ 2022-ի ցույցերի ընթացքում ուղղակի գազանաբարո, թրքաբարո վարք էր դրսևորում քաղաքացիների նկատմամբ: Այդքանից հետո, ահա նա մոտենում է ԱԺ ամբիոնին ու նման ստեր է խոսում:
Կարող է թվալ, թե Գուրգեն Արսենյանը ամբիոնին էր մոտեցել Արցախի հայության հասցեին սպառնալիքներ բարձրաձայնելու նպատակով: Իրականում, մամուլում էլ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, Գուրգեն Արսենյանը լուծում է իր ընտանիքի անդամի հետ կապված քրեական գործը «հեչ անելու» հարցը: Թեպետ՝ դա թողնենք, ինքը՝ իր խիղճը (եթե ունի), թե ինչ նպատակներ է հետապնդում հակաարցախյան ելույթներով:
Բայց ինքը՝ Արսենյան Գուրգենը, հետաքրքիր երևույթ է: Մեկը, ով «գաստրոլների եկած արցախցի գործիչների» (իր ցածր բառամթերքն է, ի դեպ) օրոք առոք-փառոք իշխանության կողքին էր, իշխանության հետ կոալիցիա էր, նախարարական պորտֆել էր ստանում, հիմա թունդ նիկոլական է դարձել ու անարգանքի սյանն է գամում: Ո՞ւմ:
Սա նո՞ւյն Գուրգեն Արսենյանն է, ով, ըստ օդում և այլ տեղերում կախված լուրերի, փողով մի ամբողջ խմբակցություն էր ձևավորել, հայտնվել ԱԺ-ում, դեռ նախկինների օրոք և նախկինների ոչ բարով «դաբռոյով»։ Սա այն դեպքն է, որ իրոք կիրառելի է «սաղ նախկիններն են մեղավոր» ձևակերպումը:
Լավ, մի՞թե սա նույն Գուրգեն Արսենյանը չէ, ում առկայությունը Նիկոլ Փաշինյանի թևատակային խմբակցույթան շարքերում, բավարար է, որպեսզի Փաշինյանի իշխանությունը բնորոշվի օլիգարխիկ, ձևակերպվի, որ խաբել են, երբ հայտարարել են, թե այլրս բիզնեսի ու իշխանության սերտաճում չի լինելու: Էլի «դեմքեր» կան, բայց միայն Արսենյանի առկայությունը, կրկնենք, բավարար է՝ այս, ոչ բարով՝ իշխանությունն այդպես բնորոշելու համար: Այո՛, հենց օլիգարխիկ: Ու նա դեռ ինչ-որ բանի՞ց է խոսում:
Թե բա՝ «մելիքություններ»: Իսկ Գուրգեն Արսենյա՞նը որ «մելիքությունն» էր ներկայացնում, այդ ինչի՞ հաշվին էր իշխանական թևից համարվող դեպուտատ՝ 2000-ից 2017 թվերին: Իսկ հնարավո՞ր է, որ նաև իր նման «գործիչներով» էլ էին պայմանավորված նախկինների հանդեպ դժգոհությունները կամ դրանց մի մասը:
Այսինքն, քանի նա մանդատ ու նման «պաշտպանվածություն» ուներ, նախկինները լավն էին, իրենց հետ նույն կողմում էր: Հետո քաղաքական սալտո տվեց ու հիմա Փաշինյանի փաղանգում է, ու էլի... իշխանությունները լավն են, այդ Արցախի բնակիչներն են վատը, որ իրենց քննադատում են և պայքարում գոյության համար:
Քննադատելը՝ չգիտենք, բայց դատել պետք կլինի: Ու կլինի, որքան էլ որ Հայրենիքը թշնամու ոտքի տակ դնելը նիկոլականները, կաշվից դուրս գալով, ներկայացնեն որպես մեծ հայրենասիրություն: Հայրենասերներիս տեսե՜ք: Նիկոլ Փաշինյանին բարևողը, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու խմբակցության մեջ գտնվողը տեղ ունի՞ «Հայրենիք» բառն արտաբերելու, որ մի հատ էլ հայրենասիրությունից խոսի: Ձեր «հայրենասիրությունը» այսօր Շուշիի ու Հադրութի գլխին տնկված ձեր սիրելի ադրբեջանական դրոշակներն են: Ձեր հայրենասիրությունը այսօր Կապանի շրջակա բարձունքներին տնկված ադրբեջանական դրոշներն են: Ձեր հայրենասիրությունը այսօր թշնամական օկուպացիայի տակ գտնվող հարյուր, եթե ոչ՝ ավելի քառակուսի կիլոմետրերն են:
Իսկապես հերիք ու բոլ եղավ: Թե՞ Արսենյանը կարծում է, որ եթե Փաշինյանի փեշն է բռնել, ուրեմն վերջ, այլևս իր անցյալը ջնջվել է, ոչ մեկը ոչինչ չի հիշելու կամ հիշեցնելու: