Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմեն Չարչյանի գործով մեղադրյալներից 2-ի նկատմամբ դատարանն առաջին նիստում բարենպաստ որոշում է կայացրել՝ նրանց վերականգնելով իրենց պաշտոններում։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին վերաբերող գործով, որը վերաբերում է Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի գործով ժամանակին տրված փորձագիտական եզրակացությանը, որպես մեղադրյալ են ներգրավվել եւս 4 հոգի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանն ու Վարդան Խաչիյանը։ Նրանք մեղադրվում են փորձաքննության վերաբերյալ «ակնհայտ կեղծ եզրակացություն» տալու մեջ։ Նշենք, որ նրանց եւ Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը վաղուց լրացել է, եւ եթե նրանք ընդունեին իրենց առաջադրված մեղադրանքը, ապա քրեական հետապնդումը կդադարեցվեր, սակայն փորձագետներն ու վաստակավոր բժիշկը չեն ընդունել մեղադրանքները եւ դատաքննության արդյունքում ցանկանում են ապացուցել, որ իրենք որեւէ կեղծ եզրակացություն չեն տվել։ Ընդ որում՝ դատաքննության ավարտին հնարավոր չէ մեղադրող ակտ կայացնել եւ պատիժ նշանակել՝ օրենքը դա թույլ չի տալիս։ Այսինքն, այս գործը հարուցվել է եւ քննվում է զուտ բարոյական հաղթանակ տանելու եւ ընդդիմադիր գործչին հանցագործ հանելու նպատակով։
Նախաքննության մարմինը, որպես խափանման միջոց, կասեցրել էր ՊՈԱԿ-ի 2 փորձագետների պաշտոնավարումը, եւ դատարանն առաջին իսկ նիստում մեղադրյալ Հայկազ Չախոյանի եւ Կարեն Մխիթարյանի մասով չեղարկել է այդ որոշումը՝ նրանց վերականգնելով իրենց պաշտոններում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Չախոյանի եւ Մխիթարյանի պաշտպան Ինգա Ավագյանը։ «Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել պաշտոնավարման կասեցումը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից՝ մեր միջնորդության հիման վրա քննարկվել է, եւ դատարանը վերացրել է այդ խափանման միջոցը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատարանի որոշումն իրենց ուղարկվել է, սակայն հիմքերի մասին մանրամասն տեղեկություն հաղորդել այս պահին չի կարող։
Հարցին, թե մեղադրյալները վերականգնվե՞լ են արդեն իրենց պաշտոններում, պաշտպանը պատասխանեց․ «Վերականգնվել են, թե ոչ, չեմ կարող հստակ ասել, որովհետեւ դատարանի որոշումը ստանալուց հետո պետք է իրենք համապատասխան դիմումով ներկայացնեին, որի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ։ Կարող եմ եւս մեկ անգամ փաստել, որ դատարանը, քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը, այն բավարարել է մասնակի, որովհետեւ նաեւ այլ խափանման միջոց է եղել կիրառված՝ բացակայելու արգելքը»։
Գործով մյուս մեղադրյալները՝ փորձագետներ Արմինե Հարոյանն ու Վարդան Խաչիյանը, ունեն այլ պաշտպաններ, առաջին դատական նիստում նրանց խափանման միջոցների վերաբերյալ պաշտպանների կողմից միջնորդություն չի ներկայացվել, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, սակայն ենթադրվում է, որ մյուս մեղադրյալների պաշտպանները եւս նման միջնորդությամբ հանդես կգան։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին եւ մյուսներին առնչվող այս գործը դատարան է մտել մարտի 15-ին եւ մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։