կարևոր
8869 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 13:57
Քաղաքական

«Նեմեսիսից» Հայաստանի իշխանության ունեցած վախերի շուրջ

«Նեմեսիսից» Հայաստանի իշխանության ունեցած վախերի շուրջ

«Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»1։ Սրանք Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքերն են՝ ուղղած Սողոմոն Թեհլիրյանին։ Վազգեն Վեհափառի այս խոսքերը հավուր պատշաճի ասված բառեր չէին՝ Թեհլիրյանի անձի նկատմամբ հարգանքից դրդված, այլ խարսխված էին ճշմարտության վրա, քանզի վերջին հարյուրամյակի ընթացքում հայության պատմական ճակատագրի բերումով հազարամյակների հերոսների անունների կողքին դրվեցին հայ վրիժառուների անունները, նրա՛նց, ովքեր հայ ազգի մեծագույն ողբերգության՝ հայոց ցեղասպանության, հեղինակներին պատժողներն էին:

Այդ վրիժառուները դարձան հայոց պատժիչ ձեռքի, արդարության ու կորսված արժանապատվությունը վերագտնելու համար պայքարի մարմնացումը և պատահական չէր, որ անգամ խորհրդային ապազգայնացման տարիներին, երբ ցեղասպանության մասին գրեթե չէր խոսվում, իսկ ազգային հերոսների մասին խոսելն արգելված էր, հայ մարդը շշուկով կամ կիսաձայն խոսում էր Թեհլիրյանի մասին՝ որպես հայոց պատվի ու արժանապատվության մարտիկի: Հայաստանի անկախության վերականգնումից հետո, երբ գաղափարախոսական կապանքները սկսեցին քանդվել, բարձրաձայն խոսվեց ոչ միայն Թեհլիրյանի ու հայ վրիժառուների, այլև հայոց «Նեմեսիսի» մասին:

Թե ինչ էր հայոց «Նեմեսիսը», կարծում ենք՝ յուրաքանչյուր հայ գիտի, բայց հարկ ենք համարում մի փոքր խոսել «Նեմեսիսին» ծնունդ տված իրադարձությունների մասին, որոնց սկզբնակետը 1915 թվականն էր: Այսպե՛ս՝ 1915 թ․ ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրանց հետևած հարյուրավոր հայ մտավորականների սպանություններով սկսվեց հայ բնակչության բնաջնջումը: Ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը առանձնակի դաժանությամբ սպանվեց:

Արևմտահայությանը զրկելով կազմակերպող ու պաշտպանող ուժերից՝ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ անզեն ու անօգնական բնակչության զանգվածային կոտորածներին ու բռնագաղթին։ Սա մարդկության պատմությանը հայտնի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1․5 միլիոն խաղաղ ու անզեն հայ:

Դեռ շարունակվում էր հայոց ցեղասպանությունը, երբ 1915 թ․ օգոստոսի 31-ին Թալեաթը Հենրի Մորգենթաուին հեգնում էր՝ ասելով. «Հայկական հարցը լուծելու առումով ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ երեսուն տարում» 2:

Հայոց ցեղասպանությունն իրագործած և փաստացի անպատիժ մնացած դահիճները պետք է պատժվեին հենց հայե՛րի ձեռքով:

1919 թ․ սեպտեմբեր-նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը որոշում կայացրեց «հատուկ գործ»-ի վերաբերյալ, որը կատարվելու էր «Նեմեսիս» ծածկանունով և նպատակ ուներ վրեժխնդիր լինել հայոց ցեղասպանության կազմակերպիչ ոճրագործներից: Գործողության մասին արդեն խոսել ենք, հետևաբար չմանրամասնելով՝ նշենք միայն, որ հայ վրիժառուների ձեռքով արդար պատիժ ստացան ինչպես հայոց ցեղասպանության, այնպես էլ Ադրբեջանի ու Արցախի հայության ջարդերի պատասխանատու ոճրագործները: Այդ օրերին հայրենազրկված ու ցեղասպանության դեռևս բաց վերքերն իր սրտում կրող աշխարհացրիվ հայության համար «Նեմեսիսը» ապրելու, անզորության զգացումը հաղթահարելու, իրեն գործոն զգալու և իր իրավունքների համար պայքարելու ոգեշնչում էր, հատկապես, երբ գերմանական դատարանը անպարտ ճանաչեց ու դատարանի դահլիճից ազատ արձակեց Սողոմոն Թեհլիրյանին:

Տասնամյակներ անց, երբ Հայաստանը վերագտավ կորցրած անկախությունը, և աստիճանաբար հայ ազգին վերադարձվեցին նրա հերոսները, հայոց պատմության դասագրքերում սկսեցին գրել «Նեմեսիսի» ու նրա մարտիկների մասին, և թվում էր, թե հայկական անկախ պետության տարածքում «Նեմեսիսի» արժևորման գործում որևէ խնդիր չպետք է լինի, բայց 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո ամեն բան գլխիվայր շրջվեց, և հերոսների արժեզրկումը, վարկաբեկումն ու պիտակավորումը առնչվեցին նաև «Նեմեսիսին» և նրա հերոսներին: Ներկա կառավարության՝ «Նեմեսիսից» ունեցած տարօրինակ և անբնական վախերի մասին են վկայում իշխող կուսակցության պատգամավորի՝ այդ թեմային վերաբերող թրքահաճո արտահայտությունները, որոնցից պարզ է դառնում, որ սույն պատգամավորը կա՛մ լավատեղյակ չէ հայոց պատմության այդ շրջանից, կա՛մ ծառայություն է մատուցում Թուրքիային, կամ էլ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Ահա՛ «Նեմեսիսի» մասին ՔՊ-ական պատգամավորի վախվորած խոսքը. «Գիտե՞ք՝ «Նեմեսիսը» ինչ է: Դա գործողություն է, որը վերաբերում է ինչ-որ մարդկանց վերացնելուն՝ առանց դատ ու դատաստանի… Ճիշտ կլինի, որ մանրամասն ուսումնասիրվի «Նեմեսիսի» ողջ բնույթը, հարյուրամյա գործողությունների ամբողջ ծավալը և ի հայտ բերվեն դրա վտանգները մեր այսօրվա կյանքում, նաև՝ մեր պետականության համար: Երբ ասում ես՝ բա մարդկանց…․, ասում են. «Մենք թուրքերի հետ…թուրք սրիկաներին»: Հասկացանք, իսկ հայեր եղե՞լ են այդ ցանկի մեջ: Եվ արդյոք ինչ-որ մարդիկ իրավասո՞ւ են առանց դատ ու դատաստանի կայացնել մարդկանց կյանքեր տնօրինելու որոշում» 3:

Դաշնակցական պատգամավորը փորձեց սույնին բացատրել, թե ինչ է «Նեմեսիսը»՝ պարզաբանելով. ««Նեմեսիս» գործողությամբ մարդ չի սպանվել, «Նեմեսիս» գործողությամբ գնդակահարվել են Հայոց ցեղասպանության համար պատասխանատուները»4։

Մենք ևս հարկ ենք համարում փոքր-ինչ մանրամասնել, թե ովքե՞ր են սպանվել «Նեմեսիսի» ժամանակ, որոնց սպանությունը այդքան խոր ողբերգություն է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի համար։

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշա, Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ, 15.000 հայ երեխաներին ծովում խեղդելու հրաման տված Ջեմալ Ազմի, Բեհաեդդին Շաքիր, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշա, Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլի, Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկի, Շուշիի և Բաքվի ջարդերի հիմնական կազմակերպիչներից Հասան Բեկ Ագաև, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Խան Ջիվանշիր:

«Նեմեսիսից» դուրս շուշեցի Հակոբ Մելքումովի հրամանատարությամբ իր արժանի պատիժը ստացավ Էնվեր փաշան (գուցե նաև դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանին Շուշին դժգույն ու դժբախտ է թվացել):

Սույն ոճրագործները, որոնց մահապատիժը ավելի քան 100-ամյա հեռավորությունից այդքան հուզել է Հայաստանում իշխող կուսակցության անդամներին, արդյո՞ք առանց դատ ու դատաստանի են պատժվել, ինչպես լացակումած բողոքում էր ՔՊ-ական պատգամավորը: Պետք է ասել, որ ո՛չ, ավելին՝ երիտթուրք ցեղասպանները մահապատժի են դատապարտվել հենց թուրքական դատարանի կողմից, սակայն հեռակա կարգով, քանի որ փախել էին Օսմանյան կայսրությունից: «Դատավճռից փախած հանցագործների պատիժն իրագործելու նպատակով էլ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպեց «Նեմեսիս» գործողությունը։

1919 թ. Երևանում Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում 650 հանցագործներից առանձնացվեցին 41-ը: «Նեմեսիս» գործողությունը կատարելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ և հատուկ ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ: Գործողության օպերատիվ ղեկավարման և նյութական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը»5:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական փուլում, երբ ակնհայտ էր Թուրքիայի անխուսափելի պարտությունը, 1918 թ․ հոկտեմբերի 7-ին Թալեաթի կառավարությունը հրաժարական տվեց։ «Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը երիտթուրքական 7 պարագլուխները՝ ի դեմս վարչապետ Թալեաթի, նախարարներ Էնվերի, Ջեմալի, Նազըմի, Հատուկ կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Շաքիրի, ինչպես նաև ոստիկանապետ Բեդրիի ու Ազմիի, գերմանական հածանավով ճողոպրել էին Օդեսա, այնտեղից էլ՝ Գերմանիա»6: Թուրքիայում ստեղծված ծանր իրադրության պայմաններում, տեղի տալով համաշխարհային հանրության ճնշումներին, օսմանյան սուլթան Մեհմեդ VI-ը և իրարահաջորդ կառավարությունները քայլեր ձեռնարկեցին՝ պատժելու Առաջին աշխարհամարտի ժամանակ կայսրության տարածքում կատարված ոճրագործությունների, «մասնավորապես հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին»7։

Թուրքական հերթական կառավարության 1918 թ․ դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվեց խառը հանձնաժողով՝ կազմված արդարադատության և ներքին գործերի նախարարությունների անդամներից։

«Հանձնաժողովը, երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և Հատուկ կազմակերպությանն առնչվող խնդիրներն ընդգրկող 10 տպագիր հարց ուղղելով, գրավոր ու բանավոր ցուցմունքներ վերցրեց բազմաթիվ անձանցից… Թղթապանակներ նախապատրաստվեցին 130 հոգու վերաբերյալ, և պահանջվեց, որ տվյալ անձինք դատաքննության ենթարկվեն»8:
1919 թ. մարտի 5-ին թուրքական իշխանությանը փոխանցվեց Մեծ Բրիտանիայի կառավարության պահանջը՝ ձերբակալել մեղադրյալներին․ մարտի 9-ին ձերբակալվեցին պատերազմի տարիներին թուրքական կառավարության անդամ եղածները: «Մարտի 10-ին կալանավորվեցին վարչապետ Սայիդ Հալիմը, շեյխուլիսլամ Մուսա Քյազիմը… և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»9, իսկ գլխավոր մեղավորները՝ Թալեաթի ղեկավարությամբ, ինչպես ասվեց, ճողոպրել էին:
Երկարատև ձգձգումից հետո ի վերջո կազմվեց մեղադրական ակտ, որում նշվում էր, որ․ «Իթթիհատականներն օգտվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ իրենց գաղտնի ծրագիրը (խոսքը հայոց ցեղասպանության մասին է – Ա.Մ.) իրականացնելու համար»10։ Նշվում էր նաև, որ հայերի ջարդերը եղել են ուղղորդված և վերահսկվել են ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Թալեաթի կողմից:
«Ըստ մեղադրական եզրակացության՝ գլխավոր հանցագործներ էին համարվում Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը…. և Սայիդ Հալիմը»11:

Չմանրամասնելով և անհարկի չծանրաբեռնելով նյութը՝ նշենք միայն, որ երիտթուրքական (իթթիհադ) կուսակցության և կառավարության անդամների դատավճիռը կայացվում է 1919 թ․ հուլիսի 5-ին: Հեռակա կարգով դատավճիռ է կայացվում Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, դոկտոր Նազըմի և ուրիշների նկատմամբ․ այդ դատավճռով վերջիններս դատապարտվում են մահվան: Սակայն դատավճիռը մնաց թղթի վրա, քանզի երիտթուրքերի հետ համագործակցող քեմալական կառավարությունը ոչինչ չարեց նրանց ձերբակալելու և երկիր վերադարձնելու ու պատժելու համար: Ուստի ՀՀ-ում իշխող Դաշնակցությունը իր 9-րդ ընդհանուր ժողովում որոշեց հետամուտ լինել արդարադատության իրականացմանը և իրագործել երիտթուրք ցեղասպանների մահապատիժը «Նեմեսիսի» միջոցով։

Հարկ ենք համարում նշել նաև, որ 1919 թ․ հունվարին Փարիզում ստեղծված «Տասնհինգի հանձնաժողովը» քննեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածները, և մարտի 29-ին ընթերցվեց նշյալ հանձնաժողովի վերջնական զեկույցը, որի համաձայն՝ «Թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, որոնք խախտել էին մարդկային օրենքները կամ պատերազմական ավանդույթները, ենթակա են դատական հետապնդման»12։ Այս հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ «Սևրի պայմանագրի մեջ ներառվել են հայերի կոտորածների մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու դրույթները՝ 226-րդ, 228-րդ և 230-րդ հոդվածները»13:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, «Նեմեսիս» գործողությամբ գնդակահարված երիտթուրք պարագլուխները մեղավոր են ճանաչվել թե՛ Օսմանյան կայսրության դատարանի, թե՛ միջազգային այլ ատյանների կողմից, որը վերահաստատվել է նաև Սողոմոն Թեհլիրյանի (1921 թ․ հունիսի 2) և Միսաք Թոռլաքյանի (1921 թ․ հոկտեմբերի 6) դատավարությունների ժամանակ, երբ համապատասխանաբար գերմանական և անգլիական դատարանները նրանց անպարտ են ճանաչել և ազատ արձակել դատարանի դահլիճից, ինչը նշանակում է, որ դեռևս ավելի քան մեկ դար առաջ առաջադեմ մարդկությունը ճանաչել է արդարություն հաստատելու հայ ազգի իրավունքը, և Սողոմոն Թեհլիրյանը գերմանական դատարանում հենց այնպես չէր հայտարարում․ «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»14: Այո՛, Թեհլիրյանը մարդասպան չէր, որովհետև նա իրագործել էր մի դատավճիռ, որը կայացրել էին օսմանյան դատարանը, միջազգային հանրությունը, հայ ազգը…., և գերմանական դատարանն իր վճռով հաստատել էր վերոնշյալ դատավճռի արդարությունն ու օրինականությունը՝ «Արդեօ՞ք Թեհլիրեանը մարդ է սպանել» հարցին տալով «ո՛չ» պատասխանը15: Հաշվի առնելով այս փաստերը՝ հարց է առաջանում, թե ինչու՞ է Հայաստանի ներկայիս իշխանությունն այդքան սարսափում «Նեմեսիսից»:

Թուրքիայի դեպքում պարզ է․ թուրքական կառավարությունը վախենում է «Նեմեսիսից», որովհետև Թուրքիան ցեղասպան պետություն է, «Նեմեսիսն» էլ՝ ցեղասպաններին պատժելու միանգամայն օրինական գործողություն։ «Նեմեսիսի» մեջ ի՞նչն է անհանգստացնում ու վախեցնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, արդյոք Հայաստանի ներկա իշխանությունը մտածում է, թե արել է մի բան, որն արժանի է պատժի, թե՞ նրանց խնդիրը Թուրքիային հաճոյանալն է՝ քննադատելով Դաշնակցությանը Թալեաթին, Ջեմալին, Սայիդ Հալիմին պատժելու համար։ Իսկ միգուցե փաշինյանական կառավարության անդամները «Նեմեսիսից» դուրս նույն վրիժառուների ձեռքով պատժված հայ դավաճաններ Վահե Իհսանի, Հարություն Մկրտչյանի ու Ադուր Յասյանի մեջ իրե՞նց են տեսնում:

«Նեմեսիս» գործողությունն ավելի քան 100 տարի առաջ կատարել է իր դերն ու ավարտել, մինչդեռ ՔՊ-ական իշխանությունը խոսում է գոյություն չունեցող «Նեմեսիսի»՝ իբրև վտանգներ պարունակող կազմակերպության մասին։

Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է վտանգավոր գոյություն չունեցող «Նեմեսիս» կազմակերպությունը, Թուրքիայի՞, թե՞ ՔՊ-ական իշխանության համար, այդ վտանգների պատճառո՞վ է, որ գործողությունից 100 տարի անց ՔՊ-ական պատգամավորը ոչ պաշտոնապես «ստանձնում է «Նեմեսիսի» կողմից դատաստանի ենթարկված Թալեաթի և մյուս ցեղասպանների փաստաբանի դերը… և կասկածի տակ է դնում նրանց նկատմամբ հաշվեհարդարների իրավական և բարոյական հարցը»16, թե՞ ՔՊ-ական իշխանությունը նման դիրքորոշմամբ հող է նախապատրաստում հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու համար:

Օտար դատարաններն անգամ արդարացրել են հայոց «Նեմեսիսի» մարտիկներին, իսկ «թուրքի հետ բարեկամության» այս մունետիկը հայտարարում է թե․ «Մարդկանց սպանել են առանց դատ ու դատաստանի», մինչդեռ ««Նեմեսիսը» մեր ազգային արժանապատվության, մեր արյան վրեժի դատաստանն է, որի արժեքը քննարկման ենթակա չէ, վիճարկման ենթակա չէ, կասկածի տակ դնելու ենթակա չէ: Եթե այս գործողությունը դնում ես կասկածի տակ, ուրեմն 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանական ոճրագործություն լինելն ես դնում կասկածի տակ17»։

Մեր ազգային «Նյուրնբերգը» տարակուսելի համարող սույն պատգամավորը քաղաքական իշխանության ձեռքին խաղալիք դարձած իրավապահներին հրամաններ է տալիս, թե. «Քննեք ազգի վրիժառուների հարյուրամյա գործողությունը»:

«Այսինքն՝ փաշինյանական իշխանության իրավապահնե՞րը պետք է քննեն Թեհլիրյանի, Երկանյանի, Շիրակյանի գործողությունները, դրանց իրավական հիմքերը» 18։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով իրավապահները պետք է 100 տարվա հեռավորությունից քննեն մեր ազգային արդարադատությունը, որի օրինականությունն անգամ օտարերկրյա դատարաններն են ճանաչել, միգուցե արդարացնելո՞ւ համար դավաճանությունը, իսկ գուցե հանուն «թուրքի հետ բարեկամության» փաշինյանական իշխանությունը ներողություն խնդրի Թուրքիայից՝ հայ վրիժառուների կողմից երիտթուրք ցեղասպանների մահապատիժն իրագործելու համար:

Հայ վրիժառության խտացված մարմնացում Թեհլիրյանի խոսքերն են. «Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին»19։ Ինչո՞ւ է «Նեմեսիսի» անունն այսպես փոթորկում իշխանականների անդորրը20, գուցե այն պատճառով, որ «Նեմեսիսը» հայոց ամենազորե՛ղ, անքննելի ու անժխտելի արդարադատությունն է, որից հայ ազգի և ո՛չ մի դահիճ չի կարող խուսափել, որովհետև այդ արդարադատությունը «կտակն էր նահատակներուն», իսկ «Նեմեսիսի» մարտիկները հայոց պատվի ու արժանապատվության հերոսներն են և կմնան այդպիսին հայոց բոլոր սերունդների հիշողության մեջ։

Որքան էլ Հայաստանի ներկայիս թրքահաճո իշխանությունները փորձեն խամրեցնել հայ վրիժառուների կերպարն ու նսեմացնել «Նեմեսիսի» նշանակությունը, միևնույն է․ «Լեռներու հովին ու բարձրութեան չեն հասնիր ճահճուտի ցեխը, անախորժ բոյրը, շատերը եղան, որոնք ցանկացան ցեխ շպրտել այդ բարձրութեան, բայց ցեխը չէր հասներ բարձրութեան եւ կ’իյնար իրեն նետողներուն վրայ»21:

___________________________

Ծանոթագրություններ

1. http://www.hayzinvor.am/34862.html։
2. Henry Morgenthaou., American Ambassador of Costantinopole from 1913 to 1916., Garden City New York doubleady, page & company 1918., p 342։
3. https://hraparak.am/post/b840a857cef6ebbfde7fae62f49d7032։
4. https://yerkir.am/hy/article/2022/12/23/5035։
5. https://mediamax.am/am/news/parzabanum/13970։
6. Անումյան Մ., Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի., Եր., 2011 էջ 22։
7. Տե՛ս նույն տեղում, էջ 46։
8. Տե՛ս նույն տեղում, էջ 51։
9. Տե՛ս նույն տեղում, էջ 55-56։
10․ Անումյան Մ., նշվ․աշխ․, էջ 72։
11. Տե՛ս նույն տեղում, էջ 72-73։
12. Անումյան Մ., նշվ․աշխ․, էջ 54։
13. Նույն տեղում, էջ 54։
14. https://alikonline.ir/news/ideological/item/45905-%C2%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D5%9B,-%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC,-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B4%C2%BB։
15. Նույն տեղում։
16. https://hraparak.am/post/b840a857cef6ebbfde7fae62f49d7032։
17. Տե՛ս նույն տեղում։
18. Նույն տեղում։
19. Նույն տեղում։
20. Նույն տեղում։
21. «Աշխատանք» օրաթերթ, 12 փետրվարի 1919, N 4։

Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ
ա) Գրականություն

1. Անումյան Մ., Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի., Եր., 2011։
2. Henry Morgenthaou., American Ambassador of Costantinopole from 1913 to 1916., Garden City New York doubleady, page & company 1918։

բ) Համացանցային նյութեր

1. http://www.hayzinvor.am/34862.html։
2. https://hraparak.am/post/b840a857cef6ebbfde7fae62f49d7032։
3. https://yerkir.am/hy/article/2022/12/23/5035։
4. https://mediamax.am/am/news/parzabanum/13970։
5. https://alikonline.ir/news/ideological/item/45905-%C2%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D5%9B,-%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC,-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B4%C2%BB։

գ) Մամուլի նյութեր

1. «Աշխատանք» օրաթերթ, 12 փետրվարի, 1919, N 4։

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ