կարևոր
6049 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-16 12:08
Քաղաքական Տարածաշրջան

Ռազմական գործողությունները թելի պես կախված են մեր գլխավերևում. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական գործողությունները թելի պես կախված են մեր գլխավերևում. Կարեն Հովհաննիսյան

Ժամանակակից աշխարհում բոլոր պետությունները ձգտում են ունենալ ռազմավարական ընկերներ, ոչ մեկ միայնակ չի ամբողջ աշխարհում, այս դեպքում, եթե դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ապա պետք է ունենանք հստակ ճանապարհ, որ կարճ ժամանակհատվածում պետք է ընդգրկվենք մեկ այլ դաշինքի մեջ. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերին:

«Եթե մենք չունենք այլ ռազմական ալյանսի մեջ ընդգրկվելու հնարավորություն կամ խոստում, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալը կամ մեկ այլ ռազմավարական դաշինքից դուրս գալը ես համարում եմ ռիսկային ռազմական տեսանկյունից։ Այդ առումով մենք պետք է հստակ իմանանք, եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ապա ո՞ւր ենք գնում, ռազմավարական ո՞ր ընկերոջ հետ ենք մեր գործերը զարգացնում։ Քանի որ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թեկուզ և մեկ ռազմավարական գործընկերը մեզ բավարար չէ, որ մենք դիմակայենք պատերազմին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու, եթե այս ռազմական ալիանսից դուրս գանք։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ն չի կարատրում իր պարտականությունները և այն բոլոր գործառույթները, որոնց համար ստեղծվել է ՀԱՊԿ-ն»,- ավելացրեց նա: 

Փորձագետը նշեց, որ մենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ի սկզբանե ճիշտ չենք առաջ տարել. «Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ-ի գործող քարտուղարին մեղադրանք առաջադրվեց` ՀՀ քաղաքացուն տվյալ դեպքում, ու սա կարծես թե հարված էր կառույցի հեղինակությանը: Մենք ճիշտ չենք կառուցել հարաբերությունները և այսօր ինչ ունենք, դա նաև մեր քաղաքականության մեղքն է։ Այս դեպքում, երբ հրաժարվում ենք տեղակալի պաշտոնից, դա մի կողմից որպես բալանսավորված քայլ եմ համարում, մյուս կողմից էլ՝ ես համարում եմ ՀԱՊԿ-ի կողմից վերահսկողությունը կորցնելու վտանգ։ Որովհետև եթե այնտեղ ունենայինք մեր ներկայացուցիչը, կարող էինք ինչ-որ կերպ ազդել այլ օղակներով։ Բայց փաստը մնում է փաստ, որ հրաժարվել ենք։ Այստեղ կարևորը մենք հասնենք նրան, որ ՀԱՊԿ-ը կատարի իր պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց փորձագետը:

Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ լայնածավալ գործողությունների վտանգը երբեք չի չեզոքացվել.

«Չնայած այն բանին, որ մեզ համոզում էին, որ 2020թ․-ից հետո գալու է խաղաղության դարաշրջանը և բոլորս կապրենք ուրախ և երջանիկ, սակայն ես մշտապես պնդել եմ, որ չկա նման բան և ռազմական գործողությունները թելի պես կախված են, դրա համար էլ պետք է ճշգրտել մեր գործողությունները մեր ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի դիմակայենք հնարավոր գործողություններին, այս դեպքում կարող եմ ասել, որ լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը, որպես այդպիսին, կա, բայց ես կարծում եմ, որ ժամանակի առումով դրանք հետաձգվել են՝ ելնելով մի շարք հանգամանքներից, դրանց մեջ են մտնում Թուրքիայիում տեղի ունեցած երկրաշարժը և Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները։ Իսկ եթե Ադրբեջանը որոշի, որ առանց Թուրքիայի է գնալու լայնածավալ գործողությունների, ապա դա կարող է շատ ավելի շուտ լինել, դրա նպատակը ոչ միայն Հայաստանն է լինելու, այլ նաև լինելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Քանի որ, եթե Ադրբեջանը առանց Թուրքիայի է գնում, նշանակում է գնում է Իսրայելի հետ, իսկ այս դեպքում հասկանալի է, որ թիրախը լինելու է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- նշեց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ քանի գնում, այնքան խորանում է լարվածությունը Իրանի և Ադրբեջանի միջև, և ավելի ակնհայտ է դառնում, թե ինչ է տեղի ունենում այդ երկու պետությունների միջև.

Փորձագետն անդրադարձավ նաև օրեր առաջ իրանական ռազմական ինքնաթիռի` Արցախից օկուպացված հատվածների և ադրբեջանական սահմանի մոտակայքում իրականացրած թռիչքին, որից հետո Բաքվում Իրանի դեսպանը կանչվեց ԱԳՆ: «Այդ ինքնաթիռի թռիչքից հետո, որ եղել է Իրանի տարածքում, դրանից հետո Ադրբեջանն իր տարածքում ձերբակալեց մարդկանց, որոնց մեղադրում է Իրանի օգտին լրտեսություն կատարելու գործում։ Իրանից եկավ արձագանք, որ սա ոչ բարիդրացիական, ոչ բարեկամական երկրի քայլ է Իրանի նկատմամբ։ Տարածաշրջանում մեծ է վտանգը ռազմական էսկալացիայի, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Հարավային Կովկասը շատ հեռու է խաղաղության դարաշրջանից։ Քանի դեռ մենք չենք ճշտել մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ, չենք կառուցել հարաբերություններ, որքան էլ մեր արսենալը գերժամանակակից լինի, միևնույնն է մենք չենք կարող միայնակ դիմակայել հնարավոր ռազմական ագրեսիային։ Պետք է հասկանանք որտեղ ենք, ինչպես ենք դիրքավորվում և ցանկացած պահի պատրաստ լինենք դրան»,- ավելացրեց փորձագետը: