կարևոր
3847 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 13:33
Աշխարհ

ԱՄՆ-ն G7-ի հանդիպմանը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն G7-ի հանդիպմանը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների` այսօր նախատեսված վիրտուալ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ Նա նշել է, որ «ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ենք մենք շարունակում աջակցել Ուկրաինային և մեծացնում ճնշումը» Ռուսաստանի ու այս ռազմական գործողություններին աջակցող նրա բոլոր կողմնակիցների վրա։

«Ի թիվս այլ հայտարարությունների, Միացյալ Նահանգներն ընդգրկուն պատժամիջոցներ կսահմանի այն առանցքային հատվածների դեմ, որոնք եկամուտ են բերում Ռուսաստանին, միջոցներ կձեռնարկի ավելի շատ ռուսական բանկերի, ռուսական պաշտպանական և տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաև երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք փորձում են լրացնել մեր պատժամիջոցների վնասները և շրջանցել դրանք», - հայտարարել է Ժան-Պիեռը։

Ավելի վաղ պատժամիջոցների սահմանման մասին հաղորդել էր The Washington Post թերթը՝ հարցազրույց հրապարակելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ: Վերջինս զգուշացրել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի նաև չինական այն ընկերություններին ու կազմակերպություններին, որոնք չեն պահպանում Վաշինգտոնի կողմից ավելի վաղ մտցված սահմանափակումները։

«Մենք նաև այլ սահմանափակումներ ենք կիրառելու Չինաստանում տեղակայված կազմակերպությունների կամ Եվրոպայում չինական դուստր ընկերությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, ակտիվորեն խուսափում են պատժամիջոցների իրագործումից», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

Իր հերթին The Guardian հրատարակությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի հանդիպման մասնակիցներին կոչ կանի ակտիվացնել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու միջազգային ջանքերը: «Փուլային մոտեցման փոխարեն՝ մենք պետք է ավելի արագ առաջ շարժվենք հրետանու, զրահատեխնիկայի և հակաօդային պաշտպանության բնագավառում», - կարծիք Է հայտնել Սունակը։ Նրա խոսքով՝ «այժմ ժամանակն է աջակցել Ուկրաինային վերազինելու, վերախմբավորելու և առաջ տանելու պլանին»։