կարևոր
4510 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-18 11:00
Քաղաքական

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը: Այս մասին ասվում է քաղաքական  գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:

«Երեսունևհինգ տարիներով չի սկսվում, չի էլ ավարտվում արևի տակ Հայաստանի և հայության արդար ու արժանի տեղի համար պատմական պայքարը։

Բայց այս երեսունևհինգը մեզ էր տրված՝ մեր սերնդի ժառանգած պատմական շրջանի ազգային պատասխանատվությունը վերասահմանելու, ճեղքելու, շրջելու և նորակերտելու։

Եվ մենք արեցինք ամենքս միասին՝ նաև ի հեճուկս մեզ, կոմիտեներով, ջոկատներով, անհատ հերոսներով, մտավորականներով, հոգևորականներով, զինվորականներով, ապաև հայոց հպարտության բանակով։

Չկարողացանք պահել ո՛չ Հայրենիքը, ո՛չ մեր հերոսներին, ոչ էլ ինքներս մեզ։

Այս օրը մեր պատմագրության մեջ այն եզակիներից էր, որ խղճի, հեռատեսության ու իմաստնության դեպքում կարող էր գողացված արդարության փոխարեն ապահովել ազգային միասնությունը և կանխել ապագա պատերազմը, պարտությունը, եղերական հայրենազրկումը։

Իսկ ընդհանրապես՝ տարեդարձներ նշելուց և անկեղծ, բայց մոդայիկ դարձած ու խիստ ուշացած հավաքներ գումարելուց զատ՝ արժե, որ յուրաքանչյուրը ստանձնի ինքնամաքրող իր մեղքի բաժինը։ Առանց բացառության և առանց արդարացումների։

Նախագահ, պաշտոնյա, ընդդիմախոս, գիտնական, վերլուծաբան, գործիչ, լրագրող, իրավապաշտպան՝ ամեն մեկս։

Որ չփոխեցինք մեր անցյալը, որ բերեցինք այս անտերունչ ներկան։

Ես առաջին օրվանից՝ որպես նախարար, իրավաբան, քաղաքացի, ապաև պատգամավոր, կողմնակից եմ եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանադրականությանը և, ըստ այդմ, նրանց ճանաչմանը՝ իբրև այդպիսին։ Ոչ տանը, ոչ էլ օտար մայրաքաղաքներում որևէ շեղում կամ տարընթերցում երբևէ չի եղել։ Հավանաբար՝ բավարար հետևողական չեմ եղել այս դիրքորոշման կենսակոչման մեջ։

Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին։ Երբեք չեն ասի, բայց նրանք գիտեն իրենց ասելիքն ինձ և մեր ժողովրդին։

Ամենամեղավորը, սակայն, ես եմ, որ, չնայած իմ լիակատար մերժումին, իմ ապրած կյանքով հանդուրժում եմ այսօրվա հայրենասպան, զինվորասպան վարչակարգին՝ իր ուխտադրուժ գերագույնով մեկտեղ։

Ահաև իմ տոնական խոստովանությունը՝ նախագահական երդման փոխարեն, անցողիկ, բայց անհրաժեշտ։

Որովհետև միայն Հայրենիքն է, որ հավերժ է՝ իր գոյամարտով հանդերձ»։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

18 փետրվարի 2023