Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե պատերազմ սկսվի, ապա պետք է սկսվի Ադրբեջանի կողմից, իսկ Ադրբեջանը կսկսի, եթե վստահ լինի, որ կհաղթի, սակայն առ այսօր նման վստահություն Ադրբեջանը չունի, նշանակում է` պատերազմի հավանականությունն էլ մեծ չէ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա, սակայն, հավելեց, որ զինադադարի խախտումները կարող են ստեղծել մի իրավիճակ, որ անհավասարակշռելի գործընթացներ տեղի ունենան: «Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հասկանա` պատերազմ սկսելու դեպքում ինքը առաջընթաց չի կարող ունենալ»,- ասաց Կ. Մանոյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ հայ հասարակությունը պատրաստ չէ այն զիջումներին, որոնց մասին խոսվում է` չնայած «իշխանություններն այդ զիջումների մասին անընդհատ խոսում են` սկսած եղանակի տեսության քարտեզներից մինչեւ Ղարաբաղ, Հայաստան քարտեզները»: «Բայց չեմ կարծում, որ մեր հասարակությունը պատրաստ է նման զիջումների: Եթե հասարակությունն այդ ուղղությամբ առայժմ իր անհամաձայնությունը չի հնչեցնում, դա, հավանաբար, նրա համար է, որ չի տեսնում, թե հարցը շատ արագ պիտի կարգավորվի, հետեւաբար նման զիջումներն էլ արագ ձեւով իրականանալի չեն»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Մանոյանն ընդգծեց, որ այս հարցում հայկական դիվանագիտությունը ձախողել է, քանի որ ե'ւ Միացյալ Նահանգները, ե'ւ Եվրամիությունն սկսել են խոսել այն մասին, որ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ է միայն հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: «Սա ինչ-որ տեղ մեր դիվանագիտության ձախողումն է, որովհետեւ մեր դիվանագիտությունն անընդհատ հայտարարում էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանի, բայց մենք արդեն տեսնում ենք, որ ե'ւ Միացյալ Նահանգները, ե'ւ Եվրամիությունն արդեն խոսում են նախապայմանների մասին, այսինքն`երբ կարգավորվի Ղարաբաղյան հարցը, այն ժամանակ էլ կկարգավորվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,- նկատեց դաշնակցական գործիչը:
Սակայն նա համոզված է, որ այս դիվանագիտությունը կարող է շտկվել, եթե Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի արձանագրություններից: «Այսօրվա դրությամբ Թուրքիան շահագրգռված չէ արձանագրությունները վավերացնելու, որովհետեւ արդեն ստացել է իր ստանալիքի մեծ մասը` առանց վավերացնելու եւ առանց ոչինչ տալու: Իսկ Հայաստանը միայն տվել է: Անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի, եւ նոր գործընթաց սկսվի»,- հավելեց Կիրո Մանոյանը: