Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մայիսի 14-ից հետաձգել մինչև հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, ուրբաթ օրը հաղորդել Է Duvar թերթը՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Լրագրողը հարցրել է Աքշեներին՝ արդյոք երկրաշարժը կազդի ընտրությունների ամսաթվի վրա, և արդյոք ընտրությունները կհետաձգվեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Չեմ կարծում, թե ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, բայց մտածում եմ, որ դրանք կտեղափոխվեն հունիսի 18», - պատասխանել է Աքշեները։ Թերթը նաև կարծում Է, որ երկրի խորհրդարանը կարող է որոշում կայացնել ընտրությունները մեկ տարով հետաձգելու վերաբերյալ, սակայն Աքշեները խորհրդարանից նման որոշում չի սպասում:
«Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան», - հրատարակությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թուրքիայում և Սիրիայում ավերելով հազարավոր շինություններ և ավելի քան 21 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաների, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ չնայած երկրաշարժին:
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահականն ու խորհրդարանականը) երկրում նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ն ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։
Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու համար։ Առաջիկա ընտրություններում Էրդողանը լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն: Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածուի անունը չի հայտարարել։