Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am - Նախքան Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը՝ տարիներ շարունակ ընդդիմադիրների և արևմտամետ (որոնց մեծ մասն այժմ իշխանության են) շրջանակների կողմից հարձակումներ էին տեղի ունենում Արցախյան հիմնախնդրի վրա. հայտարարվում էր, որ Արցախում հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ գոյակցել, Ադրբեջանին պետք է տալ «իրենց հողը», որը «ուզում եք ասեք՝ գրավյալ, ուզում եք ասեք՝ օկուպացված տարածքներ» (Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ Yerkir.am), կամ՝ որ ավելի աբսուրդային է, Արցախի հանձնումով Հայաստանի Հանրապետությունն այլևս հարկադրված չի լինի միջոցներ «վատնել» Արցախի վրա, իսկ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն գնա «թուրքի բերան»՝ վտանգելով իրենց կյանքը, որի շնորհիվ ՀՀ–ն կկարողանա այդ միջոցներն ուղղել պետությունը «Սինգապուր կամ Շվեյցարիա» դարձնելու գործին։
Նման գաղափարախոսությամբ առաջնորդվողները 2018 թ. մայիսից ՀՀ իշխանության ղեկին են և աստիճանաբար իրենց գաղափարները կյանք են կոչել: Արդյունքում՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին կնքվել է հայտարարություն, ըստ որի՝ Արցախի 80 տոկոսը բռնազավթվվել է թշնամու կողմից, իսկ մնացյալ Արցախի կարգավիճակի հարցն այդպես էլ լուծում չի ստացել։
Հայտարարության կնքումից ու այն դավաճանաբար իրագործելուց հետո իշխանությունները (ոչ պաշտոնական շրջանակների միջոցով) շրջանառեցին այն թեզը, ըստ որի՝ արդեն այլևս զինվոր չի գնա Արցախը պաշտպանելու, և այդ հիմնախնդիրն արդեն կարգավորված է։ Սակայն անհեռատես իշխանությունները չէին հաշվարկել, որ Արցախի կորստով ՀՀ սահմաններն էլ ավելի մեծացան (հետևաբար, էլ ավելի շատ զինվոր է գնալու սահման)։
Իսկ ինչ վերաբերում է Արցախյան հարցի լուծման թեզին, ապա հետայսու առկա է ոչ միայն էլ ավելի խրթին արցախյան հարց, այլև «դամոկլյան սրի» նման ՀՀ–ի գլխին է կախված թուրքական ներխուժման վտանգը։
Սա արդեն լոկ ենթադրություններ և նախազգուշական մտքեր չեն. խայտառակ կապիտուլացիայից անմիջապես հետո և՛ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայում սկսել են շրջանառել Զանգեզուրը «ազատագրելու» մասին խոսակցություններ։ Ընդ որում՝ ադրբեջանցիների նշած Զանգեզուրն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Արարատի և Գեղարքունիքի մարզերի հարավային հատվածները։
Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ արդեն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար, և պահանջել էր 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է՝ քանի որ «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։ Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է՝ ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։
Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ, ավելի «մեղմ» է և ներառում է Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ՝ Երևանը գրավելու մասին։
Եթե մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ն Արցախը հանձնելու թեման համարվում էր անհավանական, ապա այս իշխանությունների կողմից կնքված՝ նոյեմբերի 10-ի հայտարարությանը հաջորդած իրադարձությունները, երբ ադրբեջանցի սահմանապահներն իրենց հավակնություններն են ներկայացնում արդեն ՀՀ տարածքների նկատմամբ, փաստում են, որ Հայաստանին դեռևս շատ ծանր ժամանակներ են սպասվում սեփական տարածքների անձեռնմխելիությունն ապահովելու գործում, ինչը, փաստացի, անընդունակ են իրագործել ներկայիս ապաշնորհ իշխանությունները։
Ա. Եղիազարյան