Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իր կատարած հանցագործությունների համար։
Ստորև ներկայացնում ենք ամբողջական ելույթը։
«Հարգելի՛ գործընկերներ,
Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին, ովքեր այս հարգարժան հանձնաժողովի զեկույցը պատրաստելիս հստակ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն չկա։
Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօր Եվրոպան, և մասնավորապես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը զբաղված են Ուկրաինայի պատերազմով։ Այնուամենայնիվ, Եվրոպայի հարավ-արևելյան սահմաններում կա ևս մեկ վերք, որն արյունահոսում է արդեն ավելի քան 35 տարի, ավելի երկար, քան ցանկացած այլ հակամարտություն Արևելյան հարևանության տարածաշրջանում:
Խոսքս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ադրբեջանը սաբոտաժի ենթարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության բոլոր առաջարկները և, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, ՄԱԿ կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ագրեսիվ պատերազմ մղեց Լեռնային Ղարաբաղի դեմ։
Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը՝ ավելի քան 120 հազար մարդ էթնիկ զտումների է ենթարկվել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում 20-ից քիչ հայ գերության մեջ է։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը գտնվում է Բաքվի ադրբեջանական բանտերում, Ղարաբաղում ոչնչացվում են հայկական մշակութային և կրոնական հուշարձանները։
Ընդունելով Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր իրավիճակը ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն իր 2517 (2023) բանաձևում և 2260 (2023) «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հանձնարարականում դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության «էթնիկ զտումներին» և փախուստին Հայաստանին։ Սա էր պատճառներից մեկը, որ ԵԽԽՎ-ն որոշեց չերկարացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Ավելի քիչ, քան մեկ շաբաթ առաջ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին իր բանաձեւում Ադրբեջանին կոչ էր արել
●«իրական համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ, որպեսզի ապահովվի նրանց իրավունքների հարգումը եւ երաշխավորվի նրանց անվտանգությունը, այդ թվում ՝ իրենց տները վերադառնալու եւ այնտեղ արժանապատվորեն ու անվտանգ ապրելու իրավունքը միջազգային ներկայության պայմաններում, օգտվել իրենց հողի և սեփականության իրավունքներից, պահպանել իրենց հստակ ինքնությունը և լիովին օգտվել իրենց քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքներից,
●ազատ արձակել եւ ձեռնամուխ լինել համաներում հայտարարելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բոլոր բնակիչների համար, որոնք շարունակում են կալանքի տակ մնալ Ադրբեջանում,
●լիովին, անհապաղ և արդյունավետ իրականացնել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ ՄՔԴ-ի բոլոր որոշումները»:
Այսքանից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, և ես հույս ունեմ, որ այս խորհրդարանական վեհաժողովը կմիանա ԵԽԽՎ-ին և ԵԽ-ին , որպեսզի Ադրբեջանին կանչեն քաղաքական դաշտ, որովհետև այդ էթնիկ զտումը մնացել է անպատիժ։ Եվ քանի որ մնացել է անպատիժ, Ադրբեջանը հիմա էլ պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ։
Այսօր նրանք խոսում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ասելով ի նկատի ունեն Հայաստանի ամբողջական կապիտուլացիա։ Սա անհասկանալի է. ինչպե՞ս կարող է երկու հարևանների միջև այսպիսի խաղաղություն լինել։
Ես կոչ եմ անում այս Խորհրդարական վեհաժողովին, Ձեր ձայնը նույնպես բարձրացրե՛ք և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկե՛ք»: