Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Սումգայիթի հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ։
Ամերիկայի հայկական համագումարը հիշատակում է Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցը, որը դաժանորեն ծրագրված և իրագործված ջարդ էր՝ ուղղված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դեմ։
Համագումարը հիշեցնում է, որ խաղաղ հայ ժողովրդի նկատմամբ բռնությունները սանձազերծվել են 1988 թվականի փետրվարի 27-ին և շարունակվել մինչև 1988 թվականի մարտի 1-ը, երբ բռնարարները, ունենալով հայ բնակիչների հասցեները, երեք օրվա ընթացքում սպանեցին, ծանր վիրավորեցին, վանդալիզմի ենթարկեցին և թալանեցին հայ բնակիչներին։
«Ջարդի տեղեկությունը լայն տարածում գտավ հիմնական լրատվամիջոցներում, սակայն Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող բռնությունը սրվեց, և 1980-ականների վերջին և 1990-ականներին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում լրացուցիչ ջարդեր իրականացվեցին»,-ասված է Համագումարի հայտարարության մեջ:
Վերջինիս դիտարկմամբ՝ հակահայկական անկարգություններն ադրբեջանցիների բուռն արձագանքն են եղել, քանի որ Բաքուն ընդդիմանում էր արցախահայության ինքնորոշման օրինական իրավունքին, որին աջակցում էին մարդու իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում:
«Հայ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումն իր դաժան ավարտին հասավ 2020 թվականի սեպտեմբերին 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի վրա Ադրբեջանի չարդարացված հարձակման ժամանակ, որին հաջորդեց արցախահայության բռնի վտարումն իրենց պապենական հողերից»,-նշված է տարածված հայտարարության մեջ։
Ամերիկայի հայկական համագումարը նաև դատապարտել է Ադրբեջանի շարունակական թշնամանքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, պաշտոնյաներին անօրինական կալանքի տակ պահելը։ Համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին մարդկության դեմ հանցագործությունների համար, որ իրականացրել է այդ երկիրը։