Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ:
Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:
Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:
Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»:
Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս: