Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աւելի քան մէկ ամիս է` Ադրբեջանը Արցախում ցեղասպանական շրջափակում է իրականացնում` փակելով Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ինչպէս եւս մէկ անգամ հաստատուեց Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններից, Երեւանի կապիտուլանտ ռեժիմը ձեռքերը լուացել է Արցախից: Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի լիակատար բնաջնջման եւ էթնիկ զտումների դիմաց կագնած միակ խոչընդոտը մի քանի հազար ռուս խաղաղապահներն են, որոնք Արցախ են տեղակայուել 2020 թուականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրուած եռակողմ հռչակագրի պայմաններով: Սակայն գնալով աւելի ակնյայտ է դառնում, որ ռուսական խաղաղապահ զօրախումբը չունի ոչ մանդատ, ոչ էլ միջոցնէր ուժ կիրառելու Արցախի դէմ Ադրբեջանի օրինազանցութիւնները զսպելու համար:
Տարածաշրջանում Ադրբեջանի առաջնային աշխարհաքաղաքական նպատակը հայերի էթնիկական ոչնչացումն է իրենց պատմական հողերից, ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում: Արցախը եւ նրա բնակչութիւնը ոչ միայն լիովին խոցելի են մնացել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների դիմաց, այլեւ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը բացայայտ յաւակնութիւններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների նկատմամբ: Ընդամէնը մի քանի ամիս առաջ` Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած ինքնիշխան տարածքների մօտ հարիւր քառակուսի կիլոմետրը գրաւուել է Ադրբեջանի կողմից: Սա այն բանից յետոյ, երբ Երեւանի կապիտուլանտ ռեժիմը յանուն խաղաղութեան Ադրբեջանին զիջեց մի քանի ռազմավարական կարեւոր սահմանամերձ դիրքեր, որոնք այնուհետեւ Ադրբեջանը օգտագործեց Հայաստանի դէմ նոր յարձակումներով էլ աւելի շատ հողեր խլելու եւ նախադրեալները ստեղծելու Արցախի ներկայիս շրջափակման համար:
Ադրբեջանը, խրախուսուած Թուրքիայի կողմից, լիովին օգտւում է այն փաստից, որ Ռուսաստանը ընդկղմուած է Ուկրաինայում երկարատեւ պատերազմի մէջ եւ ի վիճակի չէ այլ հակամարտութիւնների մէջ ներգրաւուելու եւ սրուելու: Միեւնոյն ժամանակ, արեւմտեան տէրութիւնները, ներառեալ Միացեալ Նահանգները, բաւարար վճռականութիւն չեն ցուցաբերել` ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ` վերջ դնելու իր ցեղասպան գործողութիւնների հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Թէեւ արձանագրում ենք, որ տարբեր միջազգային կառոյցնէր եւ ԱՄՆ-ում որոշ ընտրուած պաշտօնեաներ յայտարարութիւններ են տարածել` կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել իր անօրինական եւ անմարդկային շրջափակումը, սակայն բաւարար ջանքեր չեն եղել:
Աւելի քան երկու տասնամեակ յարաբերական կայունութիւնից յետոյ` Հայ ազգի գոյատեւումը իր պատմական հողերի մի փոքր հատուածում կախուած է նոր մոնումենտալ յաղթանակներ կերտելու անհրաժեշտութիւնից, ինչպիսիք էին Բաշ Ապարանում, Սարտարապատում եւ Ղարաքիլիսայում աւելի քան մէկ դար առաջ: Պատմութիւնը վկայում է, որ միակ ճանապարհը, որով հայ ազգը կարող է իսկապէս պաշտպանել իր հայրենիքը պանթիւրքական եւ այլ օտար օրակարգերից, միասնութիւնն ու մեր ռեսուրսների ու ուժի միաւորումն է. ոչ թէ այսպէս կոչուած շինծու «համահայկական» նախաձեռնութիւնների դրօշի ներքոյ, որոնք համակցուած են ինքնասպասարկող անհատների կողմից, այլ որպէս ուժի իսկական համապարփակ հայկական ձայն:
Մենք ոչ միայն պէտք է անյապաղ օգնութեան հասնենք Արցախի մեր 120,000 հայրենակիցներին` անելով հնարաւոր ամէն ինչ` վերջ դնելու ցեղասպանական շրջափակմանը, այլեւ պէտք է երաշխաւորենք, որ երբեք չկրկնուեն նրանց հիմնական մարդու իրաւունքների նման կոպիտ խախտումները: Դա ապահովելու միակ միջոցը երաշխաւորելն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս պատճառով է, որ Արցախը հռչակել է իր անկախութիւնը 30 տարի առաջ` համաձայն Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կանոնադրութեան մէջ ամրագրուած ամենահիմնարար իրաւունքներից մէկի` ինքնավարութեան իրաւունքի: Նույնիսկ մինչ իր անկախութեան հռչակումը, Արցախի Հանրապետութեան նախորդը` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ԽՍՀՄ օրէնքներին համապատասխան որոշում էր ընդունել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան հետ միաւորուելու մասին: Անհերքելի փաստն այն է, որ Արցախը երբեք չի եղել ինքնիշխան ադրբեջանական պետութեան մաս:
Ուստի, ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի կամքի եւ ձայնի, որն արտայայտուել է իր հանրաքուեներով եւ բազմակի միաձայն խորհրդարանական եւ այլ յայտարարութիւններով, մենք ակնկալում ենք շօշափելի միջոցնէր ԱՄՆ-ի, Հայաստանի, Ռուսաստանի կառավարութիւններից եւ աւելի լայն միջազգային կառոյցներից, այդ թւում`
— Վերջացնել շրջափակումը
— Միջանկեալ ժամանակում ապահովել մարդասիրական անցում
— ԱՄՆ-ում կիրառել 907-րդ բաժինը` դադարեցնելու Ադրբեջանին տրամադրուող բոլոր օգնութիւնները
— Պատժամիջոցնէր կիրառէլ Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի դիմաց
— Ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը
Մենք ողջունում ենք բոլոր իրական համահայկական գործողութիւններն ու նախաձեռնութիւնները, որոնք նպատակ ունեն առաջ մղել այս ջանքերը, եւ պատրաստ ենք մեր ջանքերը զուգակցել նրանց հետ, ովքեր պաշտպանում են վերոյիշեալ միջոցները եւ պաշտպանում են հայկական շահերը ամէն ինչից առաջ:
Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան ԱՄՆի
Կեդրոնական կոմիտէ