կարևոր
3583 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 16:32
Քաղաքական

Հետաքրքիր է, թե միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա ինչ ծավալով կլինեն․ Հայկ Մամիջանյան

ՀՀ կողմը Ղարաբաղյան հակամարտության, կամ հայ-ադրբեջանական այս կամ այն տարաձայնության ձևաչափում հայկական կողմը բռնելը միջազգային կառույցների կամ պետությունների համար շատ հեշտ է, որովհետև դա արդարության կողմն է իրականում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին:

«Առկա է կոնսենսուս միջազգային հանրության շրջանակում արդարության շուրջ կարող ենք ասել, որ այո։ Որովհետև վիճարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթում  նշված այդ կետի հստակությունը, վիճարկել այն փաստը, որ իբր «էկոլոգները» կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, այս ամենը անհերքելի փաստեր են։ Զարմանալի չէ, որ դրա հետ կապված կոնսենսուս կա։ Հետաքրքրական է ավելի, թե միջազգային ճնշումը ի՞նչ ծավալով կլինի Ադրբեջանի վրա և ի՞նչ ինտենսիվությամբ, և արդյոք այն կհանգեցնի խնդրի լուծմանը։ Սա արդեն ՀՀ իշխանությունների աշխատանքի խնդիրն է, որովհետև նորից փաստենք, աշխարհում որևէ մեկը չի վիճարկում, բացի թուրքերից, այն փաստը, որ եղել է Հայոց ցեղասպանություն։ Ավելին ասեմ, երկներից շատ շատերը դա փաստացի ընդունում են, բայց այս կամ այն շահերից ելնելով չեն կարողանում դրան տալ պետական մակարդակի կարգավիճակ կամ ճանաչման կարգավիճակ։ Նույն իրավիճակը այստեղ է, այնպես որ փաստի արձանագրման տեսանկյունից կա կոնսենսուս, թե ինչ գործուն քայլեր կհետևեն դրա՝ դա արդեն կտեսնենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ կա մի շատ պարզ տրամաբանություն, ինքը ՀՀ քաղաքացի է, մի կողմ դնենք քաղաքական գործընթացներում  ներգրավվածությունը, և ՀՀ քաղաքացին, որպես իր շահերի պաշտպան բացառապես կարող է ակնկալիք ունենալ Հայաստանի իշխանություններից։

«ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, մեր ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա։ Երեկվա նիստում շատ քննարկվեց մեր և «Հայաստան» դաշինքի համատեղ հայտարարության տեքստում առկա մեկ նախադասություն, կապված ռուս խաղաղապահների հետ։ Բնականաբար, որպես մանր մանիպուլացիայի արքաներ, ՔՊ-ականները փորձում էին դա ներկայացնել այս կամ այն ուժային կենտրոնին, որպես ռեֆերանս։ Բայց մեջբերեմ, հայտարարության մեջ նշված էր, որ զորակցություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին և ակնկալում ենք ՌԴ-ից հստակ դիրքորոշում։ Այսինքն բաժանվել էր երկու մակարդակ՝ բուն խաղաղապահները, այն երիտասարդ տղաները, որոնք այնտեղ կանգնած են այդ մորթիավոր էկոլոգների դիմաց, ես կարծում եմ, որ իրենց հետ կապված որևէ քաղաքական հայտարարության տրամաբանություն լինել չի կարող։ Եվ միակ բանը, որ մենք կարող ենք հայտնել, դա զորակցություն հայտնելն է։ Երկրորդ հատվածը, այո վերաբերվում է ռուսական իսթեբլիշմենթին, որից մենք ակնկալում էինք գնահատականներ։ Շատ պարզ իրողություն է, կարծում եմ լավագույն ձևն է զատելու խաղաղապահ առաքելությունը և քաղաքական գնահատականները, և քաղաքական գնահատականներ չակնկալել այն տեղերից, որտեղ քաղաքական գնահատական լինել չի կարող, այն է հրաման կատարող զինվորից։ Սա շատ պարզ և ամենաընդգրկուն գաղափարն է, որը իշխանական երեսփոխանները իրար հերթ չտալով փորձում էին շահարկել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ես երեկ ելույթ չեմ ունեցել, այս հարթակը օգտագործեցի պատասխանելու համար իրենց, սակայն իրենք դրան այդքան էլ արժանի չէին»,- ասաց պատգամավորը։