Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի ունեցած տեղեկություններով Հայաստանում նախատեսված ճանապարհների շինարարության մրցույթներից մեկին մասնակցում է նաև թուրքական հայտնի կազմակերպություն:
Նշենք, որ դեռևս 2022 թ. փետրվարի սկզբին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը անդրադարձել էր Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհին:
2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60 կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ:
Ըստ մեր տեղեկությունների` մրցույթի մասին տեղեկատվությունն ու Սանոսյանի խոսքերը կառուցվելիք նույն ճանապարհի վերաբերյալ է, հետևաբար թուրքական կազմակերպությունը մասնակցելու է հենց այս հատվածի շինարարության համար մրցույթին:
Հաշվի առնելով տարածաշրջանում Սյունիքի նկատմամբ նկրտումներին` զարմանալի չէ թուրքական կազմակերպության առկայությանը Հայաստանի հարավում, որտեղ Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է ռազմավարական նշանակության միջանցք ստանալ:
Տեղեկությունը հաստատելու համար դիմել ենք ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար` արդյո՞ք ճանապարհների հիմնանորոգման կամ նոր կառուցման մրցույթներին մասնակցում են թուրքական ընկերություններ, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ուղղություններում են ներգրավված նշված թուրքական կազմակերպությունները:
Ի պատասխան ՏԿԵ նախարարությանը վերահասցեագրված հարցմանը` նույն նախարարությունը, հղում անելով ՀՀ Կառավարության 2017 թվականի որոշմանը, նշում է, որ մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց, ուստի մրցութային գործընթացներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում նաև մասնակից ընկերությունների ցանկը, մինչև տվյալ մրցութային ընթացակարգի ամփոփումը և պայմանագրի կնքումը ենթակա չէ շրջանառման:
Տրամադրված պատասխանը թերի համարելով` աշխատակազմից նախարարությունից վերստին խնդրել են պատասխանել նաև մեր հարցման առաջին մասին, այն է՝ կոնկրետ ո՞ր ուղղություններում են ներգրավված նշված թուրքական կազմակերպությունները: «Հարցման վերաբերյալ ՀՀ ՏԿԵ նախարարությունն այս պահին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել չի կարող՝ հաշվի առնելով գնումների գործընթացների գաղտնիությունը», - վերստին արձագանքել է ՏԿԵ նախարարությունը՝ այդպես էլ չտրամադրելով որևէ տեղեկատվություն:
Այստեղ ուշագրավ է նաև թուրքական կազմակերպության՝ «Kolin İnşaat»-ի մասնակցության մասին տեղեկատվությունը: Փաստենք՝ այն պատկանում է Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից Քոլօղլու ընտանիքին, որը սերտ կապեր ունի երկրի իշխանությունների` հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Kolin İnşaat»-ը վերջին 10 տարում 42 բաց մրցույթ է շահել Թուրքիայում` 23 մլրդ թուրքական լիրա գումարով:
Թուրքական նշված ընկերությունը մաս է կազմում Թուրքիայում հայտնի «5-ի ավազակախմբին» (Beşli çete). մի քանի նշանավոր թուրքական ընտանիքներ ընդգրկող այդ խմբին է բաժին ընկնում երկրում նշանավոր օբյեկտների կառուցումը (Օսմանգազի կամուրջ, Ստամբուլի օդանավակայան, Ավրասյա թունել, Յավուզ Սուլթան Սելիմ կամուրջ և այլն): Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ԹԱՄԺ-ում օրինագիծ էր ներկայացրել, որով արգելվում էր այս խմբի անդամ ընտանիքների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ հրապարակել, որոնք կհանգեցնեին հասարակության շրջանում նրանց վարկաբեկմանը: Թուրքիայի ընդդիմությունը պնդում է, որ այս օրինագծի նպատակը կոռուպցիայի մեջ թաթախված այս ընկերություններին պետական պաշտպանության տակ առնելն է:
Ի դեպ, Kolin İnşaat-ը նաև ակտիվ մասնակցում է Արցախից օկուպացված հատվածներում շինարարական աշխատանքներին: Այսպես, երբ 2021 թ. հունիսին Էրդողանն այցելել էր Արցախի օկուպացված շրջաններ, ավտոբուսով շրջելիս Էրդողանի և Ալիևի միջև այսպիսի երկխոսություն տեղի ունեցավ.
Էրդողան. - Մեր ադրբեջանցի եղբայրնե՞րն են սա անում` որպես կապալառու,
Ալիև. - Ոչ, բոլորը միասին, Քոլինը և Ջենգիզը նույնպես այստեղ են,
Էրդողան. - Նրանք այստեղ է՞լ են,
Ալիև. - Նրանք ամեն տեղ էլ կան:
Եթե թուրքական ընկերությունը հասանելիություն ստանա ՀՀ-ում ռազմավարական նման կարևոր ճանապարհի նկատմամբ, ապա դա բազմաթիվ վտանգներ իր հետ կբերի ՀՀ ազգային անվտանգության համար: Հայաստանն Իրանի հետ կապող կառուցվելիք ճանապարհի շրջակայքում կան ռազմավարական օբյեկտներ և ենթակառուցվածքներ, հետևաբար թուրքական շինարակական կազմակերպությունը, բացի շինարարությունից, ՀՀ-ում կիրականացնի նաև հետախուզական աշխատանքներ` տեղեկություններ ստանալով երկրի ռազմավարական նշանակության, այդ թվում՝ գաղտնի օբյեկտների և այլնի մասին:
Իսկ որ տվյալ թուրքական ընկերությունը կարող է ներգրավված լինել կամ շուտով ներգրավվել գործընթացների մեջ` հենց հաստատում են կառավարության խիստ կասկածելի լռությունն ու ամեն ինչ թաքուն պահելու փաստը։
Արգամ Եղիազարյան