Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը․ այսօր՝ փետրվարի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք գիտեք, թե այս նախագիծը ինչ մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մրցույթի իմաստը հետեւյալն է. առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու: Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր մլն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել:
Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, մենք, ըստ էության, վերաձեւակերպել ենք եւ դարձրել ենք Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք նախագիծ եւ հույս ունենք, որ մեծ տեմպերով այն կիրականացնենք: Սա նշանակում է, որ հայկական խաչմերուկի այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը՝ Ադրբեջանը Հայաստանին եւ հետագայում՝ նաեւ Նախիջեւան ու Թուրքիա: Մենք այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր կոնտեքստում: Պետք է հույս ունենանք, որ մինչեւ տարեվերջ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը:
Իհարկե, Արեւելք-Արեւմուտքի հատվածն արված չէ, բայց հընթացս, քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման համատեքստում մենք կիրականացնենք շատ արագ նաեւ այդ հատվածը:
Նախաորակավորման փուլը տեւելու է 70 օր, այդ ընթացքում ընկերությունները հայտ կներկայացնեն, որից հետո որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության մրցույթին:
Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Շուտով գործընթացն ամբողջ թափով կծավալվի»,-ասաց նա:
Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այսօր գործող Սիսիան-Քաջարան ճանապարհին միջին արագությունը 50 կմ/ժամ է։ «Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ/ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ 2 ժամով կկրճատի հեռավորությունը, նաեւ կլինի բարեկարգ ու անվտանգ: 6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Այդ ճանապարհին կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 5 թունելներ, ընդհանուր ավելի քան 12 կմ, որոնցից միայն մեկը 8,6 կմ է լինելու»,-ասաց նա: