կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-15 15:52
Աշխարհ

ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանն ընդունում է՝ վրացական և արցախյան հակամարտությունները պատմականորեն տարբեր են

ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանն ընդունում է՝ վրացական և արցախյան հակամարտությունները պատմականորեն տարբեր են

Անկախ ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներից` Հայաստանը և Վրաստանը պարտավոր են ամուր համագործակցել ոչ միայն տարածաշրջանային հարցերի, այլև եվրոպական ուղղության շրջանակում և ոչ միայն՝ հաշվի առնելով  հարևանական դարավոր հարաբերությունները:  Այս մասին Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում ասաց Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ Գիգլա Բարամիձեն՝ նշելով, որ գործնականում դեռևս նման բան չի նկատվում:

Նա ընդգծեց՝ սա ասում է ոչ միայն որպես Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, այլև որպես ընդդիմության  ներկայացուցիչ:

Հանդիպմանը ներկա` Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների հիմնական ուղղությունը քաղաքական երկխոսությունն էր, ըստ այդմ՝ Վրաստանի նախագահի հայաստանյան այցում սիմվոլիկ բան կար. նա նախ գնաց Բաքու, որից հետո, բնականաբար, պետք է գար Երևան:

Ըստ փորձագետի՝ Վրաստանի ղեկավարի այցի և ՀՀ ղեկավարության հետ նրա ունեցած հանդիպումների ընթացքում բավականին հետաքրքիր հայտարարություններ հնչեցին:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ Վրաստանի նախագահի հետ առանձնազրույցում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք քաղաքական հանդիպումների օրակարգի առանցքային հարցերից են: Ասվեց, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: ՀՀ նախագահի՝ մամուլի համար արած հայտարարությունից կառանձնացնեին ևս մեկ կետ, այն է՝ հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Ըստ այդմ՝ հակամարտություններին մոտեցումները պետք է տարբեր լինեն, այս դեպքում՝ վրացական կոնֆլիկտին և արցախյան հակամարտությանը: Այս համատեքստում շատ կարևոր էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ կապված Բաքվում Զուրաբիշվիլիի արտահայտած մտքի հետ, թե, չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին,  երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը»: Մինչդեռ բոլոր հարթակներում Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Ես իմ կողմից պետք է շեշտեմ, որ նմանօրինակ հայտարարությունները հայ հասարակության, քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից հարթ չընդունվեցին»,- նշեց փորձագետը:

Այս համատեքստում Ջոնի Մելիքյանը հիշեցրեց, որ 1990-ականների սկզբին Հայաստանի և Վրաստանի միջև ջենտլմենական պայմանավորվածություն կար` միջազգային հարթակներում չքվեարկել միմյանց դեմ:

«Մեր և Վրաստանի հակամարտությունները տարբեր են, ուստի մենք տարբեր հարթակներում փորձում էինք չեզոքություն պահպանել, ինչը հաջողվում էր: Սակայն 2000 թվականին, երբ իշխանության եկավ Սահակաշվիլին, ամեն ինչ փոխվեց, և մինչ օրս այս իրավիճակն ունենք, երբ տարբեր հարթակներում ստիպված ենք քվեարկել այնպես, ինչպես թելադրում են այդ պահին մեր հետաքրքրությունները: Եվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպման ժամանակ ասաց, որ կարող ենք համաձայնության գալ և միջազգային հարթակներում քվեարկել այնպես, որ չվնասենք միմյանց շահերին: Սա շատ կարևոր հարց է, որը պետք է լուծվի երկրի ղեկավարության մակարդակով»,- ընդգծեց վրացագետը: 

Մելիքյանն անդրադարձավ նաև Վրաստանի նախագահի հայտարարությանը, թե պաշտոնական Թբիլիսին ցավագին է ընդունում Արցախի պատվիրակության այցերն Աբխազիա և Հարավային Օսիա: «Ի դեպ, վրացական լրատվամիջոցները շատ ակտիվ տարածեցին Վրաստանի նախագահի հայտարարությունը, բայց ոչինչ չասվեց ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մասին: Ինչևէ, չնայած այն  բանին, որ ՀՀ-ն դեռ չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, Արցախն ունի իր արտաքին քաղաքականությունը, և դրա ուղղություններից մեկը միջազգային կապերի հաստատումն է, ուստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ առավել վաղ հաստատված շփումները Արցախի որոշելիքն են, ՀՀ-ն այստեղ այլ պետություն է, այսինքն՝ ՀՀ-ն ունի արտաքին քաղաքական իր առաջնահերթությունները և ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ուստի եկեք տարանջատենք այս հարցերը»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը:

Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ Գիգլա Բարամիձեն իր հերթին միջամտեց, թե տարբեր կողմերից էլ ընտրողաբար լուսաբանումներ են լինում, այդ թվում՝ ռուսական: «Այո, մեր կողմից դժվար են ընդունվում  այդ այցերը, երբ խոսում եք Վրաստանի տարածքային ամբողջականությունից, և հանկարծ Արցախից պատվիրակություն է գալիս Աբխազիա և այլն: Եվ դրա համար դուք ճիշտ ասացիք, որ 1990-ականներին ջենտլմենական համաձայնություն կար մեր երկրների առաջին դեմքերի միջև և ոչ միայն: Այո, վրացական և արցախյան հակամարտությունները պատմականորեն տարբեր են, որը մենք պետք է իմանանք: Շատ վատ է, որ, բացի մասնագետներից, ոչ ոք այդ մասին չի խոսում, քաղաքացիները չեն տիրապետում մանրամասերին: Մոտենալ ընդհանուր կերպով այս շատ բարդ հարցերին ճիշտ չէ և վնասում է մեր բարեկամությանը: Եվ երբ միջազգային հարթակներում դրվում են այս հարցերը, մենք պետք է հիշենք այդ ջենտլմենական համաձայնության մասին, որովհետև կան հարցեր այդ համատեքստում, որոնք ձեռնտու են Վրաստանին, և կան հարցեր, որ` ընդհակառակը: Այնպես որ՝ վատ չէր լինի, եթե երկրի ղեկավարների մակարդակով հիշեինք այս ջենտլմենական համաձայնության մասին, քանի որ տարբեր մեկնաբանություններ են լինում: Բացարձակ տարբեր ուղղություններ են եղել տարբեր երկրներում` այս արտահայտությունների հետ կապված, և ում ինչպես պետք էր, այդպես էլ շարադրել են»,- նշեց վրաց քաղաքական գործիչը: 

Երևան-Թբիլիսի տեսակամրջին մասնակցող` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն արձագանքեց վրաց գործչին, թե ադրբեջանական մամուլը Վրաստանի նախագահի հայտարարությունն այլ կերպ է շրջանառել, իսկ ռուսականը՝ այլ: «Եթե մենք գիտենք, որ ոչ բոլորն են երազում, որ հայ-վրացական հարաբերություները լինեն բարեկամական, ապա ինչո՞ւ ենք ինքներս այնպիսի պահեր ստեղծում, որ նրանք դա ծառայեցնեն իրենց հետաքրքրություններին»,- ընդգծեց նա: