Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկվել՝ Ուկրաինայի վրա ՌԴ միջուկային հարձակման դեպքում միջուկային զենք չկիրառելու որոշման վերաբերյալ հայտարարության համար:
Ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մակրոնն ասել է, որ Փարիզն «ակնհայտորեն» միջուկային զենք չի օգտագործի՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի միջուկային հարվածի։
«Ֆրանսիան ունի միջուկային դոկտրին, որը հիմնված է երկրի կենսական շահերի վրա եւ հստակ սահմանված է։ Այն վտանգի չի ենթարկվի՝ Ուկրաինայի կամ տարածաշրջանի վրա միջուկային բալիստիկ հարձակման դեպքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Politico-ն հայտնել է, որ այդ հարցազրույցից ի վեր Մակրոնին սկսել են քննադատել:
«Միջուկային զսպման արժանահավատությունը կախված է նրանից, որ մենք ոչինչ չենք ասում մեր անելիքների մասին», - ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ պետք է «հնարավորինս քիչ խոսել եւ պատրաստ լինել անել հնարավորինս շատ»։
Որպես ԵՄ միակ միջուկային տերության առաջնորդ՝ Մակրոնի պնդումները, թե ինքը չի արձագանքի Ուկրաինայում կամ տարածաշրջանում հնարավոր միջուկային հարձակմանը, դժվար թե հանգստացնի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան կամ Սլովակիան: ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ անդամ պետություններից յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի մյուս անդամներին՝ հարձակման դեպքում:
Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Բրունո Տերտրետը կասկածի տակ է առել Ֆրանսիայի միջուկային դոկտրինի սահմանափակումները եւ հայտարարության ժամկետները ներկայացնելու Մակրոնի «հետաքրքիր» որոշումը:
Հարցազրույցի ընթացքում Մակրոնն ասել է, որ զսպումը որքան քիչ քննարկվի «այնքան լավ», սակայն հետո պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինայի վրա հարձակվեն: France 2-ի լրագրողի այն հարցին, արդյոք Ֆրանսիան ձեռնպահ կմնա միջուկային ռումբեր տեղակայելուց՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքի վրա ռուսական միջուկային հարձակման, Մակրոնը պատասխանել է «ակնհայտորեն»։
«Երբ ես լսեցի նրա ելույթը, քիչ էր մնում ընկնեի աթոռից», - ասել է Պառլամենտի Զինված ծառայությունների հանձնաժողովի փոխնախագահ, պահպանողական պատգամավոր Ժան-Լուի Թիերոն։
Ֆրանսիայի նախագահը միջուկային զենք կիրառելու դեպքում երկրի պատասխանի մասին հստակ ոչինչ չի ասել։ Երկուշաբթի օրը G7-ի երկրները հայտարարություն էին տարածել՝ զգուշացնելով, որ միջուկային հարձակման դեպքում «լուրջ հետեւանքներ» կլինեն: