Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ե՞րբ covid-19-ը մտավ հայաստանյան օրակարգ եվ ի՞նչու։
ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ 08․12․2019 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յուխան/Յուհան քաղաքում արձանագրվել է նոր տիպի շնչառական վարակիչ հիվանդություն, որը արագ տարածվում է և օրեցօր մեծացնում ընդգրկման աշխարհագրությունը։ Դեկտեմբեր ամսի կեսերին՝ 15-16-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական մարմինները դիմում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը /ԱՀԿ/ SARS-CoV-2 տիպի վիրուսով վարակիչ հիվանդության փաստի հաստատման, արձանագրման և հաջորդիվ պարտադիր կատարման ենթակա միջոցառումների իրականացման հրահանգներ ստանալու նպատակով։ Հիվանդությունը ԱՀԿ-ի կողմից հաստատվում, ապա հանրայնացվում է 30․12․2019 թվականին և անվանվում է նոր կորոնավիրուսային CՕVID-19- ը։
Հարց է առաջանում, թե այս լուրը ԶԼՄ-ներով և այնուհետ ԱՀԿ-ի կողմից պաշտոնական հաղորդագրություն ստանալուց հետո ի՞նչ պետք է արվեր Հայաստանի Հանրապետությունում։
Թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարություն և նրա ենթակայությամբ գործող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մինչև 16․03․2020 թվականն ընկած ժամանակահատվածում, չեմ կարող ներկայացնել, քանի որ պաշտոնական կայք էջերում չեմ հանդիպել այս հացը լուսաբանող որևէ հաշվետվության, զեկույցի։ Այնուամենայինիվ, մինչև ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումը, իրադարձությունները զարգացան հետևյալ ընթացքով՝ փետրվարի 23-ին փակվեց հայ-իրանական սահմանը, փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ին 10 օրով փակվեց է հայ-վրացական սահմանը։ 01․03․2020թ ախտորոշվեց առաջին հիվանդը, որը Իրանից ժամանած Հայաստանի քաղաքացի էր։ Նրան և իր հետ շփում ունեցած մարդկանց մեկուսացրեցին։ Բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվեց մինչև մարտի 9-ը։ 11․03․2020 թվականին1 արձանագրվեց ևս 3 նոր դեպք, ովքեր եկել էին Իտալիայից։ Նրացից երկուսը Հայաստանի քաղաքացի էին, իսկ մեկը՝ Իտալիայի։ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 298-Ն որոշմամբ սահմանվեց արտակարգ դրություն, Հայաստանի ամբողջ տարածքում COVID-19 համավարակով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի անցում կատարելու մասին, որը հետագայում երկարացվել է ևս մի քանի անգամ մինչև ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ N 1514-Ն Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ ընդունված 11 սեպտեմբերի 2020 թվականին։
Փորձեմ որքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ, թե ինչու՞ պիտի ինչ որ քայլեր ձեռնարկեին և ինչպիս՞ի ընտրության հնարավորություններ կարող էին ունենալ համապատասխան պատկան մարմինները ընդհանրապես, եթե ստանում են վարակիչ հիվանդության, այս դեպքում ՝COVID-19-ի վերաբերյալ այսօրինակ տեղակատվություն։
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում հանրային առողջության, անասանբուժության, բույսերի պաշտպանության բնագավառներում առաջնորդվում են ապացուցողական սկզբուքով։
Հակիրճ պարզաբանեմ, թե, ի՞նչ է նշանակում «ապացուցողական սկզբունք»։ Բոլոր երկրները հանրային առողջության, անասնաբուժական հատուկ վտանգավոր հիվանդությունների, բույսերի կարանտին հիվանդությունների և վնասատուների տեսանկյունից դասակարգվում են՝ անապահով, ռիսկային, ապահով, ազատ կարգավիճակների2։
Անապահովն այն տարածքն է, որտեղ արձանագրվել է վարակիչ հիվանդությունը և դեռևս չի հաղթահարվել։
Ռիսկայինը՝ այն պետությունները, մարզերը, համայնքները կամ այլ կարգավիճակ ունեցող համաճարակաբանական միավորներ են, որոնք տարբեր ձևաչափերով ուղղակիորեն կապված են անապահով միավորի հետ և մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը կարող է ներթափանցել։
Ապահով կոչվում են այն համաճարակաբանական միավորները, որտեղ հիվանդության դեմ պայքարի հատուկ ծրագիրը հաջողել է, տվել է դրական արդյունք և հաշվետու ժամկետում հիվանդության որևէ նոր դեպք չի արձանագրվել։
Ազատ շնորհում են համաճարակաբանական, վարչական, տարածքային, աշխարհագրական, տնտեսական այն միավորին, որտեղ պատասխանատու մարմինները հավելյալ մեթոդներով, ձևերով, ծրագրերով հիմնավորում են, որ վարակիչ հիվանդությունը ոչ միայն սահմանված ժամկետում չի արձանագրվել, այլ այն չի էլ արձանագրվի, քանի որ գոյություն ունեն յուրահատուկ կառավարման համակարգեր, որոնք միջազգայնորեն ընդունելի ընթացակարգերի համապատասխան գիտականորեն ապացուցում են սույն կարգավիճակի կայունությունը։ Այս կարգավիճակը շնորհվում է ապահով կարգավիճակին հաջորդիվ, շահառուի նախաձեռնությամբ և միջոցների հաշվին։ Այսինքն, եթե պետությունը համարվել է ապահով և նպատակ ունի բարձրացնել սեփական կարգավիճակը համապատասխանեցնելով ազատ մակարդակի, ապա նախաձեռնության հեղինակ միավորը իր կողմից ընդունված համապատասխան ծրագրերի, նրանց կիրառկման, ստացված արդյունքների ներկայացմամբ ապացուցուցում է, որ համապատասխանում է սեփական հետաքրքրությունները բավարարող, այս դեպքում ազատ կարգավիճակին։
Ապացուցողական սկզբունքի համաձայն թիրախ տարածքը գնահատելու, հսկելու, արդյունքները հրապարակելու համար գործում են միջազգային հստակ ընթացակարգեր, ալգորիթմեր, մեթոդոլոգիաներ, որոնցով էլ առաջնորդվում են առողջապահության, անասնաբուժության, ֆիտոսանիտարիայի բնագավառները համակարգող, հսկող, կանոնակարգող միջազգային կառույցները։ Վերջիններս էլ հաստատում են հիվանդությունների կամ վնասատուների նկատմամբ յուրաքանչյուր պետության համապատասխան կարգավիճակը։
Բերեմ օրինակ․ 2012, այնուհետ 2021 թվականներին ՀՀ-ում արձանագրվեց սիբիրախտ3 հիվանդությունը, կամ 2018 թվականին ՌԴ Վերին Լարսից հետ ուղարկվեցին լոլիկով և վարունգով բեռնված բեռնատարեր լոլիկի ցեցով4 վարակված լինելու հիմնավորմամբ։ Սա նշանակում է, որ մեր երկիրը այս հիվանդության և վնասատուի տեսանկյունից համարվել է անապահով։ Բնագավառները սպասարկող ՀՀ համապատասխան պատասխանատու ինստիտուտները պետք է մշակեն հիվանդությունը և վնասատուն վերացնող ծրագրեր, իրականացնեն այն, արդյունքները հրապարակեն ապացուցեն, որ հաղթահարել են, համապատասխանում են ապահով կարգավիճակի և այս ռիսկերի տեսանկյունից անվտանգ է հետագա համագործակցությունը։
COVID-19-ի դեպքում, ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունը դառնում ռիսկային տարածք, ներկայացնեմ օրինակի օգնությամբ։
Ենթադրենք, որևէ N երկրում, ուր արձանագրվելէ բրուցելոզ5 հիվանդությունը առկա է արտահանման ենթակա կաթ, այդ կաթի կարիքը կա մեր երկրում և մեր գործարարները փոխադարձ պայմանավորվածություններում հաջողել են, որոշել են ներկրել այդ կաթը, ենթադրենք վերամշակման կամ այլ կերպ իրացման նպատակով։
Ակնհայտ է, որ կաթը կթելուց մինչև մեր երկիր հասցնելը բավականին երկար ժամանակ կպահանջվի։ Ուստի գործարարը որոշել է ճանապարհին չփաչնելու նպատակով կաթը եռացրած վիճակում հասցնի Հայաստանի Հանրապետություն։ Այս պարագայում մեզ համար այն վտանգ չի ներկայացնում, քանի որ 65 և ավելի ջերմաստիճանում բրուցելաները վերանում են գերթե ակնթարթորեն։ Իսկ եթե, կրկին նույն հիմնավորվմամբ, նույն գործարարը որոշել է նույն կաթը տեղափոխել խորը սառեցման օգնությամբ, ապա մենք հայտնվում ենք ռիսկային պետություն կարգավիճակում, քանի որ բրուցելայի հարուցիչները -275 C-ի պայմաններում անգամ պահպանում են իրենց վիրուլենտությունը6 ։ Երկու սցենարների պարագայում էլ կաթի հետ անմիջական շփում ունեցած անձը հիվանդության տարածման տեսանկյունից վտանգ չի ներկայացնում, քանի որ բրուցելոզի դեպքում մարդ համարվում է կենսաբանական փակուղի7։ Առաջին սցենարում ՀՀ-ն ռիսկային չէ, իսկ երկրոդում՝ կհամարվի ռիսկային և պետք է ձեռնարկի առողջացման համապատասխան քայլեր/ծրագրեր, եթե ունի կարգավիճակի փոփոխության կամ արտադրանքն այլ երկիր արտահանման նպատակ։
Ինչ վերաբերում է COVID-19-ին, ապա պետք էր անմիջապես ձեռնարկվեր կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ այն ստեղծել է նոր իրողություն՝ միչև վերջ պարզ չէ վարակի փոխանցման բոլոր ուղղիները։ ԱՀԿ-ի կողմից ներկայացվել է, որ հիվանդությունը փոխանցվում է հիվանդ մարդկանց, ինչպես նաև չղջիկների միջոցով։ Ուստի, յուրաքանչյուր անմիջական կամ միջնորդավորված շփումը հիվանդ մարդու հետ դիտարկվում է վարակի փոխանցման իրական ռիսկ։ Չինաստանում արձանագրված COVID-19-ը մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, հաշվի առնելով երկու երկրների միջև սերտ առևտրային, դիվանագիտական, զբոսաշրջային, տնտեսական տարաբնույթ կապերը։ Իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում COVID-19-ի նկատմամբ մենք օբյեկտիվորեն հայնտնվում ենք ռիսկային համարվող պետությունների շարքում, ինչը պարտադրում է պատկան մարմինների համապատասխան վարքագիծ, հստակ գործողություններ, ակնհայտ ռիսկը կառավարելի դարձնելու նպատակով։
Ինչպես ներկայացվեց վերը՝ հիվանդության առաջին պաշտոնական արձանագրումը 08․12․2019 թվականն է, այսինքն՝ առաջին հիվանդը /սկզբնաղբյոր հանդիսացող անձը, կենդանին/, վարակվել է առնվազն 148 օր առաջ։ Իսկ, եթե դիտարկենք նաև, որ հավանաբար առաջին հիվանդը չէ, որ արժանացել է չինական պատկան մարմինների ուշադրությանը, այլ երրորդ, չորրորդ կամ որևէ այլերորդը, ապա հիվանդության առաջին դեպքը կարող է հասնել մինչև հոկտեմբեր9 կամ միգուցե ավելի վաղ ժամանակահատված10։
Հիմա հարց- Որքա՞ն մարդ էր ՉԺՀ-ից ժամանել11 Հայաստանի Հանրապետություն 01․10․2019-16․03․2020 թ․ ընկած ժամանակահատվածում։ Միգուցե արդեն վարակը մեր երկրում էր, անցել էր արդեն շուրջ 140-150 և միգուցե ավելի օրեր։
Այս հարցը ենթադրում է, որ պետք էր իրականացնել հստակ, միջազգային նորմերով ընդունված հետազոտություն12 , համոզվելու համար, թե ինչ կարգավիճակում է Հայաստանի Հանրապետությունը COVID-19-ի նկատմամբ այս՝ ռիսկային փուլում։ Ունենք արդեն հիվանդներ, թե՝ ոչ։ Ինչպես նաև առանձին հետազոտություն էր ենթադրում անասնաբուժական համակարգում, պայմանավորված այն հանգամաքով, որ COVID-19-ը համարվում է զոոնոզ13 հիվանդություն։ Այս հետազոտությունների արդյունքները պետք է դառնային հետագա մարտավարության համար մեկնարկային ցուցանիշներ։ Սակայն, այսպիսի հետազոտության տվյալների չեմ հանդիպել ոչ առողջապահության, որ էկոնոմիկայի նախարարությունների, ոչ էլ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայք էջերում14։
COVID-19-ը վարակի ներթափանցումը կանխելու և նրա բացասական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացառելու նպատակով պատասխանատուների կողմից որոշում կայացվեց սահմանափակումներ մտցնել պետական սահմանի անցման կետերում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ներգրավելով հսկայածավալ ռեսուրսներ ու ջանքեր։ Որքանո՞վ է արդարացված այս որոշումը, ի՞նչ նպատակ էր հետապնդում, հարցը մնում է բաց և մշտապես կունենա լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն։
Նմանատիպ՝ ռիսկային կարգավիճակում հայտնվեցին նաև այլ երկրներ, որոնք դրսևորվեցին տարբեր կերպ։ Մի քանի տարբեր օրինակների օգնությամբ ներկայացնեմ տարբերակներ, որոնք երկրների պատասխանատուների տեսանկյունից COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարի համար դարձան առավել ընդունելի։
Օրինակ 1- Հյուսիսային Կորեան, հաշվի առնելով սեփական ինքնատիպ քաղաքական համակարգը, չնայած, որ աշխարհագրորեն գտնվում է ՉԺՀ-ին հարևանի կարգավիճակում, ամբողջապես փակեց բոլոր սահմանները և փորձեց խուսափել15 վարակի հնարավոր ներթափանցումից։ Այս ռազմավարությունը սպասված արդյունքները չարձանագրեց, քանի որ զուրկ էր մասնագիտական հիմնավորումից, կրում էր զուտ քաղաքական առանաձնահատկություն։
Օրինակ 2- Օվկիանիայի մի շարք երկրներ, հաշվի առնելով սեփական աշխարհագրական դիրքը, ավելորդ համարեցին COVID-19-ից խուսաբելու որևէ ջանք գործադրել, հիմնավորելով, որ գտնվում են խիստ մեկուսի վիճակում և վարակը սպառնալիք չեն դիտարկում։
Վերը բերված երկու օրինակներն էլ ՀՀ-ի դեպքում կիրառելի չեն, ակնհայտ պատճառներով, սակայն ներկայացրել եմ որպես հնարավոր տարբերակ՝ ընդհանրապես։
Օրինակ 3- Բելառուսի Հանրապետությունը16 չկիրառեց սահմանափակումներ, հիմնավորելով, որ COVID-19-ի դեմ կպայքարեն հանրային բնական իմունիտետի շնորհիվ։
Էլ ի՞նչ մարտավարություններ/տարբերակներ կարող էին գոյություն ունենալ ընդհանրապես․ «ոչինչ չանել և սպասել, որ հանրային բնական իմունիտետը կլուծի խնդիրը17, պաշտպանել բանակը18, պաշտպանել սոցիալական ռիսկային խմբերին, ունենալ քիչ հիվանդներ, ունենալ քիչ մահեր, ունենալ քիչ ամբուլատոր բուժում ստացողներ, չկորցնել տնտեսական զարգացման տեմպերը և այլ բազում մոտեցումներ։ Ցանկացած մարտավարություն կարող է գոյություն ունեալ միայնակ, կամ մեկ այլ տարբերակի/ների հետ զուգորդված։ Ընդ որում, այս զուգորդումները կարող են ունեալ ամբողջական կամ մասնակի բնույթ, հաշվի առնելով վարակի միավորի վարչական, աշխարհագրագական, տնտեսական, մշակութային, պրաքսեմիկ, քաղաքական առանձնահատկությունները։
Որևէ մարտավարական նպատակ ունենալը մեկնարկային է ցանկացած պարագայում, որին կհաջորդեն տրամաբանորեն համապատասխան քայլեր, գործողություններ։ Այսինքն՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում, ինչպե՞ս են պայքարելու այս հիվանդության դեմ, ի՞նչ արդյունք են արձանագրելու, ի՞նչ միջոցներ են ուղղորդվելու, ի՞նչ լիազորություններ, դերակատարություն են ունենալու ներգրաված անձիք ու կազմակերպությունները, որքանո՞վ է առաջարկվող ծրագիրը կայուն, ծախսարդյունավետ։ Այս և բազում այլ հարցերի պատասխանը պետք է ձևակերպվեն և ներկայացվեն, ինչպես սեփական հանրությանը, այնպես էլ միջազգային կառույցներին՝ ապացուցողական սկզբունքի հիման վրա։
Երբ հստակ ձևակերպված չեն որոշումներ կայացնելու հիմքերը, նպատակը, հատկապես այդ ընտրության նախապատվությունը, միշտ էլ կարիք է առաջանում սեփական քայլերի արդարացիությունը հիմնավորելու համար հավելյալ պարզաբանում ներկայացնել քաղաքական իշխանություններին, իրավապահ մարմիններին, մասնագիտական հանրույթին, գործարարությամբ զբաղվող անձանց ու կազմակերպություններին, հասարակության լայն շերտերին, համագործակցող երկրներին ու միջազգային կազմակերպություններին։
Ներկայացնեմ, թե ի՞նչ մարտավարություն որդեգրվեց ՀՀ-ում, և որին հասնելու համար ի՞նչ իրավանորմատիվային փաստաթղթեր ընդունվեցին, որոնց գործնական կիրառման շնորհիվ, հանրային առողջության պատասխանատուների համոզմամբ, կհաղթահարվի 2020 թ մարտ ամսին ՀՀ-ում արձանագրված COVID-19 համաճարակը։ Առոջպահության նախարարության կայք էջում տեղադրված են այդ իրավական նորմերը՝
1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի No 977 - Ա <<Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների,նախադպրոցական եվ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղեվորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը եվ ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին>> հրամանը ընդունված «16» մարտ 2020 թ.։
2․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 4 օգոստոսի 2020 թ. n 17-ն հ ր ա մ ա նը <<Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սկ n 3.1.2- 001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «07» նոյեմբեր 2020թ. no 3939 – ա հրամանը «<Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ահազանգման կենտրոն ստեղծելու, կորոնավիրուսային հիվանդության (COVID19) դրական դեպքերի վարման ալգորիթմը, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի ինքնամեկուսացման հրահանգը, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական դեպքերի ինքնամեկուսացման, եվ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հիշեցման բջջային կապով կարճ հաղորդագրության տեքստը հաստատելու մասին»։
4․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «18» սեպտեմբեր 2020 թ. no 26 – ն հրամանը «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եվ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը հաստատելու մասին»։
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «18» սեպտեմբեր 2020 թ. no 24 – ն հրամանը «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սկ № 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին»։
6․ Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշումը «Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները եվ սահմանափակումների մասին»։
7․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 11 սեպտեմբեր 2020 թ. n 23-ն հ ր ա մ ա նը Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին։
8․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «07» սեպտեմբեր 2020թ. No 3053–Լ հրամանը Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման մեթոդական ուղեցույցը (ժամանակավոր) հաստատելու մասին։
9․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «27» օգոստոս 2020թ. no 2922 – լ հրամանը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ՝ COVID-19 պայմանավորված համաճարակային իրավիճակի գնահատման սանիտարահամաճարակային չափանիշները հաստատելու մասին։
10․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «20» հուլիս 2020թ. no 2347 – ա հրամանը Առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խումբ ստեղծելու, խորհրդատվական խմբի անհատական կազմը եվ աշխատակարգը հաստատելու մասին։
11․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «04» օգոստոս 2020թ. no 17 – ն հրամանը Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սկ n 3.1.2- 001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին։
12․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 27. ապրիլ 2020թ. no 1355 – լ հրամանը Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված՝ բժշկական կազմակերպություններում n95 դիմակների օգտագործման կարգի եվ դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին։
13․ Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկ
14․ Առաջարկություններ «<Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով՝ ուղեվորատար տրանսպորտային միջոցներում կանխարգելիչ միջոցառումների եվ ախտահանման աշխատանքների իրականացման»։
15․ Տեղեկատվություն Հյուրանոցների եվ հյուրանոցային անձնակազմի համար։
Որևէ փաստաթուղթում ձևակերպած նպատակ, ակնկալվող արդյունք, սահմանված վարքականոնի արդարացիության, արդյունավետության պարզաբանման չենք հանդիպում, որովհետև դրանք չկան։ Այս մասին է վկայում փաստաթղթերի վերնագրերը անգամ։
Թե, ինչու՞ ենք այս ջանքերն ու միջոցները գործադրում, որ ի՞նչ լինի, հարցը մնում է բաց։
Ինչու՞ եմ COVID-19-ի դեմ պայաքրը դիտարկում հատկապես իրավանորմատիվային փաստաթղթերի տեսանկյունից, քանի որ փաստաթուղթը համապատասխան մասնագիտական, կառավարչական, ինստիտուցիոնալ և այլ անհրաժեշտ կարողությունների, ունակությունների խտացումն է։ Փաստաթղթում արատացոլված պահանջների կատարումն է, որ նախաձեռնողներին պետք է հասցնի սահմանված նպատակին։ Եթե փաստաթուղթը ձևակերպված է կիստ-պռատ, չի տալիս հնարավոր բոլոր հարցերի պատասխանները, գործնականում իրականացնողները հայտնվում են կամ լիազորությունների չարաշահման, կամ պարտավորությունները թերի կատարման առերևույթ իրողության միջավայրում։
Դիտարկենք վերը ներկայացված փաստաթղթերից մի քանիսը մասնագիտական կոմպետենցիաների տեսանկյունից։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»19 փաստաթուղթը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 11․09․2020 թվականին։ Այս փաստաթղթի Գլուխ 1-ում՝ «ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ» վերնագրած հանդիպում ենք այսպիսի ձևակերպման «2) անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»։
Հիմա ներկայացնեմ պահանջի անկատարությունը՝ ՊՇՌ հետազոտության միջոցով ախտորոշվում է COVID-19 հիվանդությունը, բայց այն կարող է կատարվել ինչպես հակածինների, այնպես էլ հակամարմիննների հայտնաբերման միջոցով։ Ուստի «ՊՇՌ հետազոտություն» արտահայտությունից առաջ պետք էր ավելացնել «հակածինների նկատմամբ կատարված» բառակապակցությունը։
Հիմա պարզաբանեմ, թե ինչո՞վ է պայմանավորված սույն արտահայտության կարևորությունը, ինչպես նաև ցանկացած հետազոտության մեթոդի ընտրությունը։ Հետազոտական մեթոդ ընտրելու դեպքում ի՞նչ պարամետրերի վրա պետք է ուշադրություն դարձնել և ի՞նչ առանցքային նշանակություն ունի այն հիվանդության դեմ պայքարի հետագա քայլերի մշակման համար՝ ընդհանրապես։
Հիվանդությունների ախտորոշման նպատակով ընտրվող հետազոտությունները, թեստերը դասակարգվում են իրենց «»յուրահատկության և «զգայունության» համադրման բանաձևի շնորհիվ20։ Այսինքն, միևնույն հիվանդության ախտորոշման դեպքում, տարբեր հետազոտություններ, թեստեր կտան տարբեր ցուցանիշներ, ինչով էլ պայմանավորված է տվյալ մեթոդի հետազոտական արժեքը հիվանդության հայտնաբերման/ախտորոշման տեսանկյունից։
Հետազոտությունների դասակարգման համար անհրաժեշտ է բազային՝ 100 տոկոսանոց ճշգրտության մեթոդի ընդունումը, որի նկատմամբ էլ կգնահատվեն հնարավոր բոլոր հետազոտական մեթոդներն ու ձևերը։ Հարյուր տոկոսանոց ճշգրտության հետազոտությունը ստացել է «Ոսկե Էտալոն» անվանումը՝ երբ հետազոտության ենթակա անձի, կենդանու մոտ առկա են կասկածելի հիվանդության նշանները, իսկ ախտաբանական նմուշում հայտնաբերվել են հիվանդության հարուցիչները։ Այս երկու փաստերի ապացուցողական բազայի առկայության դեպքում կարող ենք համոզված կերպով պնդել, որ գործ ունենք տվյալ հիվանդության հետ։ Այսինք, բանաձևենք՝ Կլինիկա+Հարուցիչ= Ոսկե Էտալոն։
Հիվանդության յուրաքանչյուր դեպքի ախտորոշման համար կիրառել «Ոսկե Էտալոն» մեթոդը, արդարացված է, երբ տվյալ պոպուլյացիայում կասկածելի դեպքերի քանակը փոքր է և կառավարելի։ Լայն տարածում արձանագրած հիվանդությունների դեպքում, այս մեթոդով առաջնորդվելն արդարացված չէ, քանի որ պահանջում է համեմատաբար երկար տևողություն, առավել շատ միջոցներ։
Ներկայումս, գիտականորեն ապացուցված է, որ «Ոսկե Էտալոնի» նկատմամբ ՊՇՌ թեսթի հետազոտությամբ հակամարմինների հայտնաբերման հավաստիությունը COVID-19- ով մեկ շաբաթվա վարակվածության դեպքում կազմում է 30%, երկու շաբաթվա դեպքում 70%, իսկ երեք շաբաթ և ավելին 90%։ Ինչը ենթադրում է, որ հակամարմինների թեսթավորման միջոցով մեր երկիր մուտք գործած անձանց շրջանում կարող ենք արձանագրել 10-ից մինչև 70% շեղում։ Այսինք՝ մեր երկիր մուտք գործաց 100 հնարավոր վարակակիր անձանցից 10-70 անձ կարող են COVID-19-ի վարակը տեղափոխել իրենց կենսագործունեության հետագա միջավայր պայմանավորված վերը նշված ձևակերպման անկատարությամբ21։
Իսկ եթե, ՊՇՌ հետազոտության կիրառմամբ փորձում ենք հայտնաբերել COVID-19-ի հակածիններ, ապա նրա հետազոտական արժեքը «Ոսկե Էտալոնի» նկատմամբ կազմում է՝ շուրջ 95-98 %:
Այսինք, եթե որևէ միջավայրում, ուր իրականացվել է 2 մլն ՊՇՌ հետազոտություն COVID-19-ի հակամարմիններ հայտնաբերման նպատակով, ապա հավաստիությունը կկազմի առավելագույնը՝ 2 000 000 *90։100=1 800 000։ Բանաձևից պարզ է դառնում, որ ունենք 200 000 կեղծ պատասխան։ Իսկ եթե նույն հետազոտությունն իրականացնում ենք COVID-19- ի հակածիններ հայտնաբերելու տարբերակով, ապա կունենանք հետևյալ արդյունքը՝ 2 000 000 *98։100= 1 960 000։ Այս դեպքում կունենանք 40 000 կեղծ պատասխան։ Սա այն դեպքում, եթե նմուշառումից, մինչև հետազոտության ընթերցում արժեշղթայի բոլոր սեգմենտներում ունենք միջազգայնորեն ընդունելի, որոշ դեպքերում հավաստագրված համապատասխան կարգավիճակ22։
Եթե ունենք օրինակ՝ 200 000 կեղծ պատասխան, ինչը նշանակում է, որ 100 000 հիվանդ են23 , բայց չեն արձանագրվել, և 100 000 հիվանդ չեն, բայց արձանագրվել են որպես՝ հիվանդ։ Մեկ հիվանդի բուժման համար ծախսվում է միջինում 2500-300024 ԱՄՆ Դոլլար, իսկ մեկ փաստացի բայց չարձանագրված հիվանդ կարող է վարակել մինչև 9 անձի։
Ինչ է ստացվում, որ «հակածինների նկատմամբ կատարված» բառակապակցությունը չներառելով փաստաթղթում, կարող ենք արձանագրել հիվանդության չկառավարվող տարածում և առողջ, բայց հիվանդ ախտորոշված անձինք։
Երկրորդ փաստաթուղթը, որին կանդրադառնամ Առողջապահության նախարարի 2020թ. օգոստոսի 27-ին ընդունված Սանիտարահամաճարակային չափանիշներ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ՝ COVID-19 պայմանավորված համաճարակային իրավիճակի գնահատման թիվ 2922– Լ հրամանն է։
Փաստաթղթում ներառված են սանիտարահամաճարակային չափանիշների կիրառման, համաճարակային իրավիճակի գնահատման, համաճարակաբանական չափանիշների, առողջապահական համակարգի գնահատման, առողջապահական համակարգին վերաբերող չափանիշների, համաճարակաբանական դիտարկման չափանիշների, դեպքերի հետազոտության, կոնտակտավորների հայտնաբերմանը վերաբերող կիրառական հարցեր, ուր նույնպես առկա են բազում անպատասխան հարցեր, առանց որոնց պատասխանների հնարավոր չէ ապացուցել ընտրված մարտավարության ճշմարտացիությունը։ Օրինակ՝ փաստաթղթում սահմանված չէ դեպքը, հստակ նշելով, թե լաբորատոր կամ այլ ո՞ր պատասխանն է տալիս դեպքին կարգավիճակ։ Սա մեկնարկային իրավիճակ է հիվանդության նկատմամբ որևէ ձեռնարկան համար։ Կամ, ե՞րբ է համարվում անձը հիվանդ, կամ դրական հակաղդած։ Սահմանված չէ, արդյո՞ք դրական հակազդած անձը համարվում է հիվանդ, ո՞ր պարագայում է անձը ենթարկվում միջամտության և ինչպիսի՞։
Այնուհետ սույն հրամանում ներկայացվում է․
1. եզակի (սպորադիկ), որոնք ներառում են մեկ կամ մի քանի դեպք, որը ներկրված է կամ հայտնաբերված է երկրի ներսում,
2) կլաստերային դեպքեր, որոնք խմբավորված են ժամանակի, աշխարհագրական տարածվածության և/կամ մեկ ընդհանուր ազդեցության արդյունքում,
3) դեպքերի համայնքային փոխանցումն արձանագրվում է COVID-19 տեղական փոխանցում՝ մեծ բռնկումների տեսքով՝ ազդեցության գործոնների գնահատմամբ՝ սակայն չսահմանափակվելով, մասնավորապես՝ մեծաքանակ դեպքեր, որոնք միմյանց հետ չունեն որևէ համաճարակաբանական կապ, և արձանագրվում են գրիպի դեպքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում, և/կամ մի քանի կլաստերների արձանագրում երկրի տարբեր հատվածներում, որոնք միմյանց հետ չունեն համաճարակաբանական կապ։
Սույն տրամաբանությունից ենթադրվում է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, այնինչ մեր երկրում գործնականում արձանագրում ենք պատասխանատունների կողմից իրականացվող միանման միջոցառումներ, ինչը չի կարող արդարացված լինել, քանի որ այն միջավայրում, որտեղ «եզակի դեպք» է արձանագրվել իրականացվում է «կլաստերային» կամ «համայնքային» դեպքերին բնութագրող միջոցառումներ։ Ակնհայտ է, որ այսօրինակ վարքականոնների որդեգրումն արդարացված լինել չի կարող, ինչը հանգեցնում է միջոցների և ջանքերի չհիմնավորված ծախսեր։
Ենթադրվում է, որ պետք է ձևակերպվեր նաև համաճարակային օջախը և համաճարակային միավորը, առանց որոնց սահմանումների անհնար է ստանալ այն հարցերի պատասխանները, թե՝ որտե՞ղ, ի՞նչ աշխարհագրական, կամ վարչական, կամ այլ տարածքում և ե՞րբ պետք է կատարվեն սահմանված միջամտությունները, ի՞նչ ժամկետներում պետք է արձանագրվի որևէ արդյունք։ Սրանք կարևոր հարցեր են հանրային առողջության պահպանման պատասխանատուների համար հասկանալու՝ արդյո՞ք ճիշտ է պլանավորվումը։
Նույնչափ կարևոր է նաև սկզբնաղբյուր հանդիսացող դեպքի նկարագրությունը, ինչը պետք է ներդաշնակեցվի համաճարակաբանական քարտի բովանդակության հետ։ Առանց սկզբնաղբյուրի ճշտման, անհնար է հասկանալ վիրուսի միգրացիան բացատրելի է, թե՞ կան այն տարածող այլ շահագրգիռ գործոններ, ուժեր։ Ընդ որում համաճարակաբանական քարտի ձևի և բովանդակության մասին որևէ տեղեկություն զետեղված չէ որևէ կայքում, ինչն անհասկանալի է դարձնում կատարվում է արդյո՞ք համաճարակաբանական հետազոտություն, ու՞մ կողմից, ի՞նչ բովանդակությամբ։ Եվ այլ բազում հարցեր, որոնք մինչ այժմ սպասում են պատասխանի։
Մի առանձին ուշադրության է արժանի մասնագիտական իրավանորմատիվային փաստաթղթերի ընդունման ժամանակ ներառականության ապահովման։ Սա առանցքային նշանակություն ունի ցանկացած վարակիչ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի գործառույթում, քանի որ վերջին հաշվով, ձևակերպված պարտադիր կատարման նորմերն ու պահանջներն իրականացնողները՝ մարդիկ են, նրանց վարքով է պայմանավորված հաջողության հասնելու պայմանը։ Անհրաժեշտ է ստեղծել փոխվստահության մթնոլորտ բոլոր դերակատարների միջև։ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում բազմիցս ենք ականատես եղել տարբեր, այդ թվում նաև մասնագիտական խմբերի կողմից, բողոքի ակցիաների, ի հակադրություն արդեն իսկ ընդունված նորմի, պահանջի։
Առողջապահության նախարարի «20» հուլիս 2020թ. No 2347 – Ա հրամանի համաձայն ձևավորվել է նախարարին կից խորհրդատվական մարմին։ Սակայն լայն հանրությանը որևէ տեղեկատվություն հասանելի չէ մարմին կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ՝ ի՞նչ խորհուրդներ են տրվել, կիրառվե՞լ են, թե՝ ոչ, ընդհանրապես ինչպե՞ս են կայացվել որոշումները։ COVID-19-ի դեմ ՀՀ-ում պատասխանատու մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների ամբողջական պատկերի համար անհրաժեշտ է ունենալ պրաքսեմիկ25 նորմերի կարևորման, մարդկային, ֆիզիկական եվ ֆինանսական ռեսուրսների, հանրային առողջապահական ծառայությունների մասնագիտական և տեխնիկական անձնակազմի, շարունակական կրթության, կառուցվածքների և քաղաքականության կայունության, գործառնական ֆինանսավորման, լաբորատոր որակի ապահովման, ռիսկերի վերլուծության, համաճարակաբանական հսկողության և վաղ հայտնաբերման համակարգերի, դեղամիջոցների և կենսաբանական նյութերի, նույնականացման և հետագծելիության, հավաստագրման և վարակի կառավարման գործում այլ կարևոր գործոնների ուսումնասիրությունների արդյունքները26։
Ամփոփելով, COVID-19-ի դեմ ընդունած իրավանորմատիվային ակտեր, նրանցից բխող գործողությունները չեն ապացուցում, որ ճիշտ են պլանավորվել ու ճիշտ են կատարվել քայլերը։ Ե՞րբ և ինչպե՞ս ներթափանցեց մեր երկրին ահռելի չափերի վնաս հասցրաց հիվանդությունը, արդարացված է արդյո՞ք պատասխանատուների կողմից պարտադրված այս մարտավարությունը, ի՞նչ կարող էր լինել, եթե գնայինք այլ ճանապարհով, կարո՞ղ էինք խուսաբել բանակում վարակի տարածումից, և այլ հարցերի պատասխանները լայն հանրության, մասնագիտական միջավայրերի համար մնում են չտրված։
Եթե հետայսու ևս նման գործելաոճի ընտրումն ու պրակտիկան շարունակվի, ապա ցանկացած վարակիչ հիվանդության արձանագրմանը հաջորդիվ լինելու են չարաշահումների մեջ կասկածվողներ, հանրային միջոցներն անարդյունավետ ծախսելու մեջ մեղադրվողներ և այլ բացասական երանգներ ունեցող երևույթներ։ Յուրաքանչյուր գործողություն, որը ենթադրում է հանրային ծառայություն, հանրային միջոցներ պետք է հիմնավորված լինի իրավական փաստաթղթով՝ մանրամասն, նշելով նրա առաջնահերթությունը, առավելությունը մնացած այլ տարբերակների նկատմամբ, հիմնավորված լինի գիտության համար ընդունելի լեզվով, իսկ պրակտիկաները բխեն փաստաթղթերից։ Այլապես վերջնարդյունքում ունենալու ենք մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ ահռելի մեծ միջոցներ44 ենք ծախսում ավելի շատ վնասներ ունենալու համար27։
1. Սրանք պաշտոնական տվյալներն են, որոնք ներկայ ացված են տարբեր հաշվետվություններում։
2. Գոյություն ունեն նաև միջկարգավիճակային մակարդակներ, որոնց այս փուլում չեմ անրադառնա։
3. https://armeniasputnik.am/20210804/shiraki-marz-patvastumner-mijocarumner-satm-28548672.html
4. https://armenpress.am/arm/news/948152
5. Բրուցելոզը ինչպես COVID-19-ը զոոնոզ հիվանդություններ են, այդ իսկ պատճառով ներկայ ացնում եմ այս համեմատականը։
6 .Հիվանդություն առաջացնել ու հատկությունը։
7. Բրու ցելոզի դեպքում մարդուց մարդ վարակի փոխանցման դեպք արձանագրված չէ։
8. Հիվանդու թյ ան գաղտնի շրջանի տևողու թյ ունը 14 օր է։
9. Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ մինչև վերջնական COVID-19 -ի ախտորոշումը հավանաբար իրականացվել են նաև դիֆերենցիալ ախտորոշումներ նախնական այլ հիվանդությունների նկատմամբ։ Այս միջոցառումները ժամանակ են պահանջում, քանի որ հիվանդության մեջ կասկածվողից մինչև վերջնական՝ հաստատող ախտորոշումը բաղկացած են մի շարք անհրաժեշտ համաճարակաբանական միջոցառումներից, որը ժամանակ է պահանջում։
10. Շատ են այն հոդվածները, որոնք պնդում են առավել վաղ ժամկետների մասին։
11. 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետու թյ ան կառավարության 298-Նորոշմամբ սահմանված արտակարգ դրության ռեժիմի ընդունումը, COVID-19-ը ընդլայնել էր վարակի աշխարհագրությունը, ներառելով մի շարք այլ երկրներ։
12. Ձևը ընտրում է պատասխանատու մարմինը, բայց այն չէր կարող լինել պասսիվ հետազոտություն։
13 Զոոնոզ համարվում են այն հիվանդու թյ ունները, որոնք ընդհանոր են կենդանիների և մարդկանց համար, այս դեպքում հիվանդության սկզնաղբյուրը համարվու մ է չղջիկը։
14. Չեմ բացառում, որ այն կա, բայց մինչ այժմ հանրայնացված որևէ հաշվետվություն, ելու թ, զեկույց չի խոսում նրա գոյության մասին։
15 ԱՀԿ-ի տվյալ ների համաձայն Հյուսիսային Կորեաայում հիվանդացածները կազմում են շուրջ 5 մլ ն մարդ։
16. Բելառուսում վարակվածների թիվը չի գերազանցու մ 1 մլ ն ԱՀԿ-ի տվյալ ների համաձայն։ Տվյ ալ ները թարմացված են 25․03․2023 թ-ին։
17. Այս փուլում արդյունավետպատվաստանյութ չկար։
18. Սա առանձնահատուկ ուշադրության թեմա է, հատկապես այն ֆոնի վրա, որ ԱՀ նախագահի եթերային ելույթներից մեկում նշեց բանակում COVID-19-ով մեծաքանակավարակվածների մասին։
19 COVID-19-ի դեմ նույնպիսի պայքարի վարքագիծ է կիրառվել նաև մինչև սույ ն որոշման ընդունումը։
20. Սա միջազգային կառույցների կողմից, գիտության շնորհիվ սահմանված չափորոշիչներ են, և կիրառվու մ են լաբորատոր հետազոտությունների գնահատման պարագաններում։
21. ՊՇՌ թեստի հետազոտական արժեքը կազմու մ է 95 %, https://www.sechenov.ru/pressroom/news/veroyatnost- obnaruzhit-virus-snizhaetsya-kogda-nuzhno-sdavat-ptsr-test-/, https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/330676/9789240001053-rus.pdf
22. Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ձևակերպված են և անդամ երկրների կողմից ընդունված։
23. Այս ցուցանիշները, որոնք ներկայացված են, ունեն մոտավոր ճշգրտություն, հեշտհաշվարկներ կատարելու համար են։ Կապված զգայունության և յուրահատկության ցուցանիշներից նրանք կարող են այլ արժեքով արտահայտվել , սակայն նրանց հանրագումարը կրկին կկազմի 100 000։
24 ՀՀ-ու մ այն կազմում է 2500-3200 $:
25. Անչափ կարևոր այս գործոնը անտեսված է ամբողջապես, հատկապես քաղաքաշինության բնագավառում։
26. Համագործակցության պատրաստակամությունս եմ հայտնում։
27. COVID -19- դեմ պայքարի համար ծախսված ճշգրտված ամբողջական տվյալների չեմ հանդիպել ։ Սակայն տնտեսության վրա նրա ունեցած բացասական ազդեցությունը մեղմել ու, չեզոքացնել ու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի» վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ։ https://www.gov.am/am/covid-19-cragrer./