կարևոր
4159 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-20 18:45
Տարածաշրջան

Հանդիպել են Ղարիբաշվիլին ու Էրդողանը

Հանդիպել են Ղարիբաշվիլին ու Էրդողանը

Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները, անվտանգության միջավայրն աշխարհում և կովկասյան տարածաշրջանում եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հիմնական հարցերը։

1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը։ Նշվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր արդյունքները, բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների քաղաքական դինամիկան և Վրաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությունն ու ակտիվ համագործակցությունը տարածաշրջանային-աշխարհառազմավարական նախագծերում։

«Քննարկված հարցերի թվում էր Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքով աշխարհում ու տարածաշրջանում անվտանգության ծանր իրավիճակը։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացումն ու երկարաժամկետ բարգավաճումն ապահովելու համար։ Այս համատեքստում նշվել է անցյալ տարի Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։

Նշվել է, որ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը նույնպես կարևոր է տարածաշրջանի կայուն զարգացման համար»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան։