Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցող հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը նիստի շրջանակում և ադրբեջանական լրատվամիջոցների հետ շփումներում հանդես է եկել մի շարք, մեղմ ասած, ոչ ստանդարտ, եթե չասենք մոլորեցնող հայտարարություններով:
Նախ` միջամտելով նիստի ընթացքում ուկրաինական ճգնաժամի շուրջ ռուս-ուկրաինական պատվիրակությունների միջև ծավալված բանավեճին` Գեղամյանը հայտարարել է, թե Ղրիմի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և միացել իր պատմական հայրենիքին, ինչին Հայաստանն աջակցում է, քանի որ, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետ կապված, բախվել է նման իրավիճակի հետ:
Ավելի ուշ haqqin.az էլեկտրոնային լրատվամիջոցին տված հարցազրույցում Գեղամյանը նշել է, թե Հայաստանը «շատ է ցանկանում», որպեսզի Ադրբեջանը ևս միանա Եվրասիական տնտեսական միությանը, որը մեծապես կօգնի կարգավորել երկու երկրների միջև առկա խնդիրները: Եվ, որպես դրա հիմնավորում, պատվիրակության ղեկավարը վկայակոչել է Էլզաս մարզի շուրջ ֆրանս-գերմանական հակամարտության կարգավորումը: «Ո՞վ է հիմա հիշում` ում է պատկանում Էլզասը: Արդեն ոչ մի նշանակություն չունի` այն ֆրանսիակա՞ն, թե՞ գերմանական տարածք է: Դա միավորված Եվրոպայի մայրաքաղաքն է, և ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանն է»,- ասել է Գեղամյանը:
Ղրիմի հետ կապված` նա, իհարկե, մեծ չափով որևէ նորություն չի ասել, ըստ էության, կրկնել է այն հիմնավորումը, որը պաշտոնական Երևանը ներկայացրեց ՄԱԿ-ի ԳԱ-ում Ղրիմի հետ կապված ուկրաինական բանաձևին դեմ քվեարկելիս: Սակայն Գեղամյանը մոռացել, գուցե միտումնավոր անտեսել կամ էլ պարզապես չի ըմբռնել այն իրողությունը, որ Հայաստանը ոչ թե կողմ է արտահատվել Ղրիմի` Ռուսաստանին միացվելուն, այլ ընդամենը հանրաքվեով ինքնորոշվելու` Ղրիմի հանրության իրավունքի իրացմանը: Այս իմաստով Գեղամյանն ակնհայտորեն չափն անցել է` մոռանալով, որ ինքը ոչ թե անկախ պատգամավոր է, ով կարող է նման ձևաչափի ֆորումներում անձնական տեսակետ արտահայտել, այլ մի ողջ պատվիրակության ղեկավար, առավել ևս` իշխող կուսակցության խմբակցություն, որը նման հարցերում սիրողական մոտեցում ցուցաբերելու իրավունք պարզապես չունի:
Գեղամյանը գուցե իրեն հաշիվ չի տվել, թե ինչպիսի միջավայրում է գտնվում և որ կառույցի շրջանակներում անցկացվող միջոցառմանն է մասնակցում: ԵԱՀԿ-ն այն միակ միջազգային կազմակերպությունն է, որի կոմպետենցիայի շրջանակում է գտնվում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ռուսաստանին Ղրիմի կցումը Ղարաբաղյան հարցին զուգակցելը կամ դրանց միջև ցանկացած տիպի համեմատություն այդ կազմակերպության շրջանակում ոչ միայն անտեղի է, այլև խիստ վտանգավոր:
Այն պատվիրակները, որոնք մակերեսային պատկերացումներ ունեն հակամարտության էության և պատմության մասին, գեղամյանական մտքի գոհարների և Ղրիմի հարցի նկատմամբ ունեցած խիստ վերապահ դիրքորոշման ազդեցությամբ ԼՂ հիմնահարցը կարող են ընկալել որպես հենց Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի և Ադրբեջանից տարածքային պահանջների դրսևորում: Եվ այս իմաստով Գեղամյանի արածն ավելին չէ, քան ադրբեջանական ջրաղացին ջուր լցնել:
Տարօրինակ է, որ, հիշելով Ղրիմը, Գեղամյանը մտքի ծայրով անգամ չի անցկացրել գոնե հղում կատարել նաև Կոսովոյի խնդրին, որն իր բնույթով շատ ավելի ընդհանրություններ ունի ԼՂ հիմնահարցի հետ և շատ ավելի ընկալելի է Արևմուտքի համար: Այսպիսի ընտրողականությունը ցույց է տալիս, որ Գեղամյանն իրականում խոսել և ինքնաարտահայտվել է ոչ այնքան հայաստանյան, որքան ռուսական շահի տիրույթում, քանի որ նման կոնցեպտուալ մոտեցումը բխում է բացառապես ռուսական տեսակետներից: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ բացատրել ԼՂ հակամարտությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարգավորելո`ւ նրա «գաղափարները» և հայկական ու ադրբեջանական կողմերի միջև սահմաններից հրաժարվելու կոնցեպցիան:
Առաջին հայացքից թվում է, թե սա պարզապես միամիտ համեմատություն է Եվամիության և Եվրասիական տնտեսական միության միջև` վերջինիս արժևորելու և ռուսական կողմին դրանով հաճոյանալու ներքին մղումներից ելնելով: Իրականում, սակայն, սա չափազանց լուրջ հետևանքներ ենթադրող անուղղակի առաջարկ է Բաքվին, որը դուրս է ոչ միայն ԼՂ կարգավորման ներկայիս ձևաչափի ու սկզբունքների շրջանակից, այլև, առհասարակ, որևէ տրամաբանությունից: Նախ` ի տարբերություն ԵՄ-ի, որին անդամ երկրները կամովին են միացել, ԵՏՄ-ին թե' Հայաստանի և թե' Ադրբեջանի հնարավոր անդամակցումը տեղի է ունենալու փաստացի Ռուսաստանի միակողմանի ճնշումների ազդեցությամբ, այսինքն` ուղեկցվելու է ինքնիշխանության մի մասի որոշակի և ակնհայտ կորուստով: Այդ պայմաններում ԼՂ հակամարտության «տնօրինողը» ոչ թե ԼՂ-ն, Հայաստանը կամ Ադբեջանն են լինելու, այլ բացառապես Ռուսաստանը: Իսկ թե ի՞նչ հետևանքներ է դա ունենում ընդհանրապես Հայաստանի և Ղարաբաղի համար, արդեն տեսել ենք 20-րդ դարի սկզբին և Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին:
Բայց սա հարցի միայն մի կողմն է: Իսկ մյուս կողմն այն է, որ առհասարակ դժվար է ասել` ինչի՞ց է վերցրել հայկական պատվիրակության ղեկավարը, որ հայկական կողմը ողջունում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը: Սա այնքան պատասխանատու հայտարարություն է, որ առնվազն ենթադրում է պաշտոնական Երևանի հետ համաձայնեցվածության առկայությունը: Հետևաբար, Գեղամյանի այս պնդումներից հետո ՀՀ ԱԳՆ-ն ուղղակի պարտավոր է հստակություն մտնցնել` պաշտպանո՞ւմ է, արդյոք, այս տեսակետը, թե՞ ոչ, որքանո՞վ է այն համընկնում Հայաստանի պաշտոնական տեսակետի և քաղաքական ուղեգծի հետ: Եվ եթե պաշտպանում է, ապա որո՞նք են այն փաստարկները, որոնք խոսում են ԼՂ կարգավորման վրա այդ կառույցին Ադրբեջանի միանալու` մեզ համար միանշանակ դրական ազդեցության մասին:
Մոտ երկու շաբաթ առաջ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցը որևէ կապ չունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, քանի որ այն գտնվում է բացառապես ԵԱՀԿ ՄԽ պատասխանատվության դաշտում: Անհասկանալի է, թե ինչու է, չնայած դրան, Գեղամյանը համառորեն խնդիրը քարշ տալիս դեպի մի կազմակերպություն, որտեղ նույնիսկ Հայաստանը չկա, և որտեղ շատ ավելի մեծ նշանակություն են տալիս Ալիևի նամակին, քան անդամակցության հարցում Հայաստանի ցուցաբերած համառությանն ու հետևողականությանը:
ԵՏՄ շրջանակում սահմանների վերացման միջոցով հարցի կարգավորման մասին Գեղամյանի հայտարարությունից կարելի է երկու հնարավոր եզրակացություն անել: Կա'մ Լավրովի հայտարարությունից հետո ինչ-որ բան է փոխվել Մոսկվայի և, դրա թելադրմամբ, Երևանի մոտեցումներում, կա'մ սա անձամբ Գեղամյանի և Հայաստանի իշխանությունների այլընտրանքային առաջարկն է Բաքվին, որը բխում է գուցե իր թիկունքում ռուս-ադրբեջանական դավադրությունը կանխելու մտահոգությունից: Ցանկացած դեպքում` Գեղամյանի առավել քան տարօրինակ հայտարարությունները պաշտոնապես հերքման, հաստատման կամ բացատրությունների խնդիր են հարուցում, որից հետո հնարավոր կլինի ինչ-որ բան հասկանալ:
Գևորգ Դարբինյան