Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրենսդրությամբ` քաղաքապետարանի կողմից որևէ բան անհատույց, վարձատրությամբ կամ նվիրատվությամբ տրամադրելը լինում է այսպես` դիմում են ավագանուն, ավագանին հաստատում է այդ որոշումը: «Բուզանդի 1/3 հասցեում մի շարք տարածքների անհատույց տրամադրման մասին որոշմանը, որոնք վերաբերել են լրատվամիջոցներին, մենք կողմ ենք քվեարկել, որովհետև գտնում ենք, որ լրատվական, հասարակական կազմակերպությունները պետք է քաղաքապետարանից աջակցություն ստանան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա` կայացվել է որոշում, որը, ըստ էության, շրջանցել է ավագանուն: «Սա, բնականաբար, անընդունելի է, քաղաքապետը գերազանցում է իր լիազորությունները»,- ասաց Խաժակյանը:
Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն էլ ասաց, որ վերջերս Երևանի գույքի աճուրդի հանձնաժողովի նիստում քննարկվել է հարցը և որոշվել, որ նոր աճուրդ պետք է հայտարարվի Բուզանդի 1/3 հասցեի համար: Ըստ նրա` շենքում կան վարձակալված տարածքներ, որոնց մեկ քառակուսի մետրի դիմաց տրվում է 500 դրամ վարձավճար:
«Շատ ցածր գնով են տրվում այդ տարածքները, և հանձնաժողովն ամբողջովին կողմ եղավ, որ վարձակալման գները բարձրացվեն: Հարցն այն է, որ քաղաքապետարանից ստացված ծանուցումները, որ լրատվամիջոցները ստացել են, ընդհանրական են եղել, անհատական մոտեցում չի ցուցաբերվել, ծանուցումների ձևակերպումն է սխալ եղել: Պետք է վերանայել այն կազմակերպությունների պայմանագրերը, որոնք շահույթ են հետապնդում. եթե կան շահույթ հետապնդող լրատվամիջոցներ, նրանց պայմանագրերն էլ պետք է վերանայվեն: Հարցին քաղաքական աստառ տալու կարիք չկար, խոսքը միայն լրատվամիջոցներին չի վերաբերում»,- ասաց Խաչատրյանը:
Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ սա ընդամենը փնթի կառավարման խնդիր է: Նա հայտնեց, որ այդ հասցեում է գտնվում նաև Յուրի Բախշյանի անվան երաժշտական մանկական ֆիլհարմոնիան, որին տարածքը Երևանի քաղաքապետարանը 2013 թվականին վարձակալության է տվել անհատույց և անորոշ ժամկետով:
«Ֆիլհարմոնիան էլ է ստացել ծանուցում տարածքն ազատելու մասին, բայց մենք պայմանագիր ունենք, որի մեջ նշված են դրա վաղաժամ լուծման կետերը: Այս հիմքերին համապատասխանող պայման չի գործում, բայց, չգիտես` ինչու, զանց առնելով ավագանու որոշումը, նրանք ծանուցում են ուղարկել: Մեզ ուղարկված ծանուցման մեջ գրված է՝ քաղաքապետարանը հրաժարվում է տարածքն անհատույց տրամադրելու որոշումից: Ո՞նց կարող են հրաժարվել: Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչ անհեթեթ, անօրինական ձևակերպում է: Գույքի սեփականատերը Բախշյանի անվան մանկական ֆիլհարհմոնիան է»,- ասաց նա և ցույց տվեց վկայականը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ քաղաքապետարանին կոչ են անում խելամիտ գտնվել ու ճիշտ լուծումներ գտնել: Նա համաձայնեց, որ վերագույքագրում անելն անհրաժեշտություն է, բայց պետք տարբերակված մոտեցում լիներ, նայեին՝ ցուցակում ով կա, ինչ կա, ինչպես է տրված թույլտվությունը և այլն:
«Ավագանու որոշում կա, իրավունք չունեն մոտ գալու, քանի դեռ այլ որոշում չի եղել: Միտում եմ տեսնում. մոռանում են, որ Հայաստանում ընդունված օրենքներ կան, հանկարծ ամենաբարձր մակարդակով այնպիսի մտքեր են հնչեցնում, որ ասում եմ՝ բայց ախր օրենքով այլ բան է ասված»,- նշեց Բախշյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ այս ամենը դիլետանտության հետևանք է, եթե հարցը քննարկեին, հասկանային, որ ավագանու որոշումը լրատվամիջոցներին էլ է վերաբերում, ապա այդպես չէր լինի: