Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության տարելիցին ամբողջ աշխարհում ակտիվանում են քննարկումները Ցեղասպանության, դրա հետևանքների, հատուցման պահանջի թեմաներով: Խոսվել և խոսվում է հայոց պատմական հողերում հազարամյակներ ապրած հայ ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելու, տեղահանելու, հայրենազրկելու մասին, պատմամշակութային նյութական և ոչ նյութական ահռելի ժառանգության ոչնչացման, խեղաթյուրման, յուրացման մասին: Սակայն սրա համեմատ քիչ է քննարկվել և ուսումնասիրվել Ցեղասպանության երեսներից մեկի՝ լեզվական ցեղասպանության մասին:
Հազարամյակներ շարունակ հայերն արարել և զարգացրել են հարուստ մշակույթ, որի մեծ մասը Ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց, շեշտակիորեն կրճատվեց այն հսկայական ավազանը, որտեղ խոսում էին հայերեն լեզվով՝ ներառյալ նրա բոլոր բարբառները: Լեզվաբանության մեջ տեսակետներ են հայտնվել, որ հայերենն իր բարբառների թվով առաջինն է աշխարհի լեզուների շարքում: Սակայն Ցեղասպանությունը ծանր հարված հասցրեց նաև այս ասպարեզում: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե հայոց լեզուն ինչպիսի զարգացում և պատկեր կունենար, եթե տեղի չունենար Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան Կայսրության մյուս հայաշատ վայրերի հայաթափումը: Ամեն դեպքում փաստն այն է, որ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Կայսրության մյուս հայաբնակ վայրերի հայաթափումից հետո շեշտակիորեն կրճատվեց հայոց լեզվի տարածման ավազանը՝ հանգեցնելով հայերենի մեծ թվով բարբառների մասնակի կամ ամբողջական անհետացման: Այս նպատակով պետության աչալուրջ հսկողության ներքո աշխատանքներ են կատարվել նաև Թուրքիայի Հանրապետությունում, մասնավորապես «Հայրենակից, թուրքերեն խոսիր» (“Vatandaş Türkçe konuş!”) ծրագրի շրջանակներում:
Հարկ է նշել, որ նման գործընթաց տեղի է ունեցել ոչ միայն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության մյուս հայկական բնակավայրերում, այլ նաև ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:
Ստորև ներկայացնում ենք մի համառոտ ակնարկ՝ Օսմանյան Կայսրությունում, Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետություններում խոսված հայերենի բարբառների և նրանց ճակատագրերի վերաբերյալ:
Ագուլիսի բարբառ: Նախիջևանի Գողթն գավառի Ագուլիս քաղաքի և շրջակա բնակավայրերի հայության բարբառն է: Պատկանում է ում ճյուղին: Ագուլիսն ունեցել է մինչև 5000 տուն հայություն, որն Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով աստիճանաբար լքեց Ագուլիսը: Բարբառը պահպանելու նպատակով ծագումով ագուլեցի մտավորականների ջանքերն ապարդյուն անցան. այսօր այս բարբառով խոսողներ չկան: Ագուլիսի բարբառի վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը կատարել է Ս. Սարգսյանցը իր «Ագուլեցոց բարբառը (զոկերի լեզուն)» երկու մասանոց աշխատությամբ, տպագրված Մոսկվայում, 1883 թ.: Ուսումնասիրություն ունի նաև Հր. Աճառյանը («Քննություն Ագուլիսի բարբառի», Երևան, 1935):
Ամասիայի բարբառ: Սեբաստիայի նահանգի Ամասիա գավառի հայության բարբառը: Պատկանում է կը ճյուղին: Մինչև Մեծ եղեռնը Ամասիան ուներ շուրջ 28500 հայ բնակչություն: Ըստ Յ. Լեփսիուսի՝ Ամասիայի հայությունն ամբողջովին կոտորվել է թուրքերի կողմից. Ամասիայի բարբառով ներկայում չեն խոսում:
Ակնա բարբառ: Խարբերդի նահանգի Ակն գավառակի հայության բարբառը: Պատկանում է կը ճյուղին: Ակնը 1896 թ. ենթարկվել է համիդիեների հարձակումներին: Ըստ Լեփսիուսի՝ գավառակի հայ զոհերի թիվը հասնում է 10200-ի: Այս բարբառով ներկայում չեն խոսում: Ակնա բարբառի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել Մ. Ս. Գաբրիելյանը («Ակնայ գաւառաբարբառը և արդի հայերէն լեզուն», Վիեննա, 1912):
Արաբկիրի բարբառ: Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքի և շրջակա բնակավայրերի բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Մինչև 1915 թ. գավառակն ուներ մոտ 35000 հայ բնակիչ: Ամբողջ գավառակը՝ Արաբկիր կենտրոնով հանդերձ, ենթարկվում է տեղահանման ու կոտորածի: Շուրջ 800 վերապրած արաբկիրցիներ 1922 թ. վերադառնում են Արաբկիր, սակայն, վերստին ենթարկվելով բռնությունների, գաղթում են Խորհրդային Հայաստան և 1925 թ. Երևանի մոտ հիմնում Նոր Արաբկիր ավանը: Ներկայում Արաբկիրի բարբառով խոսողներ չկան: Արաբկիրի բարբառն ուսումնասիրել է Մելիք Ս. Դավիթ Բէկը («Արաբկիրի գաւառաբարբառը», Վիեննա, 1919):
Արդվինի բարբառ: Արդվին գավառի բարբառն է, որով խոսում էին հիմնականում Արդվին քաղաքի և նրա շրջակա բնակավայրերի հայերը: Պատկանում է էլ ճյուղին։ Տեղի հայությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ենթակվել է տեղահանության և ջարդերի, իսկ 1921 թ. Թուրքիայի տիրապետության տակ անցնելուց հետո Արդվինը լիովին հայաթափվել է: Այսօր այս բարբառով խոսողներ չկան:
Արեշ-Հավարիքի բարբառ: Ներկայում Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող, նախկինում Ելիզավետպոլի նահանգի Արեշ գավառի և Հավարիք հայաբնակ գյուղի միջճյուղային, ում ճյուղին պատկանող բարբառ է: Գիտական շրջանակներում տարածված է նաև Արեշի բարբառ անվանբ: Արեշի գավառում, ըստ 1880 թվականին հրապարակած տվյալների, ապրում էր 10317 հայություն: Գավառի կենտրոն Արեշ գյուղաքաղաքը, որը հիշատակվում է նաև Էրմենիբազար անվամբ, պատմական Ուտիք նահանգի հնագույն բնակավայրերից էր: Սկսյալ 1918 թվից, հետագայում նաև Ադրբեջանի խորհրդայնացմամբ գավառը հայաթափվեց, և ներկայում Արեշի բարբառը ևս անցել է պատմության գիրկը: Արեշի բարբառի՝ մինչ օրս կատարված լավագույն ուսումնասիրությունը Ա. Լուսենցի աշխատությունն է (Ա. Լուսենց, «Արեշի բարբառը», Երևան, 1982):
Բեյլանի բարբառ-Ադանայի վիլայեթի Բեյլան գավառի՝ համանուն գյուղաքաղաքով հանդերձ, հայության խոսակցական բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Գավառակը 19-րդ դարի վերջին ուներ մոտ 3000 հայ բնակչություն, բոլորը ենթարկվեցին ցեղասպանության: Այս բարբառով ներկայում չեն խոսում:
Դիադինի բարբառ: Էրզրումի վիլայեթի Դիադին քաղաքի և համանուն գավառակի հայության խոսակցական բարբառը: Պատկանում է կը ճյուղին: Դիադինում մինչև Մեծ եղեռն բնակվում էր մոտ 400 տուն հայ, բոլորը զոհ գնացին թուրքական վայրագություններին: Այս բարբառով ներկայում չեն խոսում:
Եդեսիայի բարբառ: Եդեսիայի կամ Ուռհայի բարբառով խոսվել է Հայոց Միջագետքի կենտրոն Եդեսիա քաղաքում: Պատկանում է կը ճյուղին: Մինչև Ցեղասպանություն ուներ 12000-ի հասնող հայ բնակչություն: Ցեղասպանությունից մազապուրծ եդեսացիները ցրվեցին աշխարհով մեկ: Ներկայում Եդեսիայի բարբառով խոսողներ չկան:
Եվդոկիայի բարբառ: Խոսվել է Եվդոկիա (Թոքաթ, Թոխատ) քաղաքում և շրջակա հայաբնակ գյուղերում։ Պատկանում է կը ճյուղին։ Մինչև Ցեղասպանություն Եվդոկիայում բնակվում էր մոտ 12000 հայություն: Բարբառն ուսումնասիրել է Հ. Գազանճյանը (Հ. Գազանճեան, Եվդոկիո հայոց գաւառաբարբառը, Վիեննա, 1899)։ Ներկայում Եվդոկիայի բարբառով խոսողներ չկան:
Երզնկայի բարբառ: Երզնկա քաղաքի և նրա շրջակա հայկական բնակավայրերի բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: 1915 թ. դրությամբ Երզնկան ուներ մինչև 15000 հայություն, ովքեր ևս չխուսափեցին թուրքական ջարդերից: Այժմ Երզնկայի բարբառով խոսողներ չկան: Դ. Կոստանդյանի «Երզնկայի բարբառը» մենագրությունը նվիրված է այս բարբառի ամբողջական ուսումնասիրմանը (Դ. Կոստանդյան, Երզնկայի բարբառը, Երևան, 1979):
Զեյթունի բարբառ: Զեյթունի բարբառը Կիլիկիայի բարբառախմբի բարբառ է և պատկանում է կը ճյուղին: Պոլսո պատրիարքարանի տվյալներով 1880 թ. Զեյթունն ուներ մոտ 17000 (1600 ընտանիք) հայություն, որի մի մասը կարողացավ փրկվել: Անվանի լեզվաբան Հր. Աճառյանը իր «Քննություն Կիլիկիայի բարբառի» աշխատության մեջ անդրադարձ է կատարել նաև Զեյթունի բարբառին: Զեյթունի բարբառով ներկայում չեն խոսում։
Զմյուռնիայի բարբառ: Զմյուռնիայի և շրջակա բնակվայրերի հայության բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին։ Զմյուռնիան ամբողջովին հայաթափվեց 1922 թ. աղետից հետո, երբ քեմալական զորքերը գրավեցին քաղաքը և այն մատնեցին հրի ու սրի. կոտորեցին կամ գաղթեցրին հույն և հայ ողջ բնակչությանը, հրդեհեցին հայկական ու հունական թաղամասերը: Զմյուռնիայի բարբառի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել ամերիկացի լեզվաբան Բերթ Վոքսը (The Armenian dialect of Smyrna, Bert Vaux, University of Cambridge, December 2011):
Խարբերդի բարբառ: Խարբերդի վիլայեթի համանուն գավառի բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Խարբերդը հարձակումների է ենթարկվել համիդյան ջարդերի ժամանակ, իսկ արդեն 1915 թ. լիովին հայաթափվեց: Քաղաքում բնակվում էր մոտ 6000 հայ: Այս բարբառով խոսողներ ներկայում չկան:
Խոտորջուրի բարբառ: Այս բարբառով խոսում էին Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակի Խոտորջուր և շրջակայքի հայաբնակ գյուղերում: Պատկանում է կը ճյուղին: 1915-ի նախօրեին Խոտորջուրի բնակչության թիվը մոտ 4000 էր. Ցեղասպանության ժամանակ բոլորն էլ տարագրվեցին և կոտորվեցին: Խոտորջուրի բարբառով խոսողներ չկան: Այս բարբառի վերաբերյալ հոդված ունի ամերիկացի լեզվաբան Բերթ Վոքսը (The Armenian dialect of Khodorjur, Bert Vaux, University of Cambridge, September 2012):
Կեսարիայի բարբառ: Խոսում էին Մաժաք-Կեսարիա քաղաքում և նրա շրջակայքի հայկական բնակավայրերում: Պատկանում է կը ճյուղին: Ցեղասպանությունից հետո վերապրած կեսարացիները բնակություն են հաստատել աշխարհի տարբեր վայրերում: Այս բարբառով խոսողներ չկան:
Կռզենի բարբառ: Խոսում էին Ադրբեջանում՝ Թովուզի շրջանի Կռզեն հայկական գյուղում: Պատկանում է ս ճյուղին: Ադրբեջանի հայաթափման շրջանում դատարկվեց նաև Կռզեն գյուղը: Բարբառն ուսումնասիրել է Ռ. Բաղրամյանը (Ռ. Բաղրամյան, Կռզենի բարբառը, Երևան, 1961):
Հաճընի բարբառ: Կիլիկիայի Հաճըն քաղաքի հայության բարբառն էր: 1915 թ. այն ուներ մոտ 30000 հայ բնակչություն: Պատկանում է կը ճյուղին: Ցեղասպանության տարիներին ենթարկվում է թուրքական զորքերի հարձակումներին, բնակչությունը տեղահանվում է, որոշ ժամանակ ֆրանսիական բանակի կազմում մարտնչող Հայկական լեգեոնի կողմից ազատագրվում է, որից հետո հաճընցիների վերապրած հատվածը վերադառնում է հայրենի քաղաք: 1920 թ. ֆրանսիական բանակը Հաճընը հանձնում է քեմալականներին ու լքում այն: Ինքնապաշտպանական մարտերից հետո քաղաքն ընկնում է ու ամբողջովին հայաթափվում: Այսօր այդ բարբառով խոսողներ չկան: Հաճընի բարբառն ուսումնասիրել է Հ. Գասպարյանը (Հ. Գասպարյան, Հաջընի բարբառը, Երևան, 1966):
Համշենի բարբառ: Այս բարբառով խոսել են պատմական Համշեն գավառում (գտնվել է ներկայիս Ռիզեի նահանգում): Պատկանում է կը ճյուղին: 17-րդ դարից սկսած՝ այն տարածվել է Օսմանյան Կայսրության սևծովյան ափամերձ բնակավայրերում, հատկապես Տրապիզոնում և նրանից արևմուտք ընկած շրջանում։ Ցեղասպանությունից փրկված մոտ 15000 համշենահայեր գաղթեցին Ռուսական Կայսրության Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) երկրամաս և Աբխազիա: Այժմ այս բարբառի կրողներն ապրում են Աբխազիայի և Հարավային Ռուսաստանի մերձսևծովյան շրջաններում (Սուխում, Գըդաութա, Գագրա, Ադլեր, Սոչի և այլն): Համշենի բարբառով խոսում են նաև Արդվինի նահանգի Խոփա գաղաքի և շրջակա մոտ երեք տասնյակ գյուղերի կրոնափոխ համշենահայերը: Բարբառն ուսումնասիրել է Հ. Աճառյանը (Հ. Աճառյան, Քննություն Համշենի բարբառի, Երևան, 1947):
Մալաթիայի բարբառ: Մալաթիա քաղաքի և շրջակա բնակավայրերի հայության բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Ցեղասպանությունից առաջ գավառն ուներ 35-36000 հայ բնակչություն, որն ամբողջովին տեղահանվեց կամ սպանվեց: Այժմ այս բարբառով խոսողներ չկան: Մալաթիայի բարբառն ուսումնասիրել է Թ. Դանիելյանը (Թ. Դանիելյան, Մալաթիայի բարբառը, Երևան, 1967):
Մարաշի բարբառ: Կիլիկիայի Մարաշ քաղաքի հայության բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Նախքան Եղեռնը քաղաքն ուներ մոտ 20000 հայ բնակչություն: Հաճընի հետ Մարաշն էլ արժանացավ նույն ճակատագրին: Հր. Աճառյանը իր «Քննություն Կիլիկիայի բարբառի» աշխատության մեջ անդրադարձել է նաև Մարաշի բարբառին: Մարաշի բարբառով ներկայում խոսղներ չկան:
Մշո բարբառ: Տարածված է եղել Վանա լճի հյուսիսային՝ մինչև Ալաշկերտ, արևմտյան՝ մինչև Բուլանըխ և հարավային՝ մինչև Բաղեշ հատվածներում՝ իր մեջ ներառելով Մշո դաշտի հայկական բնակավայրերը և Մուշ քաղաքը։ Պատկանում է կը ճյուղին: Այն եզակի բարբառներից է, որ բարբառակիրների պես վերապրել է Ցեղասպանությունը: Այժմ Մշո բարբառով խոսում են Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալինի, Ապարանի շրջաններում, Գեղարքունիքում՝ Վարդենիսի, Մարտունու տարածաշրջանում և այլուր: Բարբառն ուսումնասիրել է Ս. Բաղդասարյան-Թոփալցյանը (Ս. Բաղդասարյան-Թափալցյան, Մշո բարբառը, Երևան, 1958):
Նիկոմիդիայի բարբառ: Այս բարբառով խոսել են Փոքր Ասիայի Նիկոմիդիա քաղաքում և շրջակա բնակավայրերում (Ադափազար, Ասլանբեգ, Պարտիզակ և այլն): Պատկանում է կը ճյուղին: Որոշ ուսումնասիրողների համաձայն՝ Ասլանբեգ գյուղաքաղաքի անվամբ նաև կոչվում է Ասլանբեգի բարբառ. հիշատակվում է նաև Պարտիզակի բարբառ ձևով՝ Պարտիզակ գյուղաքաղաքի անվամբ: Պարտիզակ գյուղաքաղաքն ուներ զուտ հայկական բնակչություն, որի թիվը հասնում էր 10000-ի: Ցեղասպանության հետևանքով բոլորը տեղահանվեցին և ենթարկվեցին կոտորածի: Վերապրած և հայրենի գյուղաքաղաք վերադարձած վերջին պարտիզակցիները, քեմալականների կողմից բռնությունների ենթարկվելով, վերջնականապես լքեցին իրենց բնօրրանը: Պարտիզակի բարբառով խոսողներ չկան: Պարտիզակի բարբառի Ասլանբեգի ենթաբարբառը ուսումնասիրել է Հր. Աճառյանը (Աճառյան Հ., Քննություն Ասլանբեգի բարբառի, Վենետիկ, 1898):
Շամախու բարբառ: Այս բարբառով խոսել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Շամախի քաղաքի և շրջակա բնակավայրերի հայերը: Պատկանում է ում ճյուղին: 1916 թ. տվյալներով՝ Շամախու և հարևան Գյոքչայի գավառների հայ բնակչության թիվը հասնում էր 35000-ի: Խորհրդային Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության հետևանքով Շամախին և շրջակա հայկական բնակավայրերը աստիճանաբար հայաթափվեցին, իսկ Արցախյան շարժման ընթացքում այս շրջանները վերջականապես հայաթափվեցին: Այս բարբառով խոսողներ չկան: Բարբառն ուսումնասիրել է Ռ. Բաղրամյանը (Ռ. Բաղրամյան, Շամախիի բարբառ, Երևան, 1964):
Շապին-Գարահիսարի բարբառ: Սեբաստիա վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքի և շրջակայքի հայութայն բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: Նախքան Ցեղասպանությունը Շապին-Գարահիսարում ապրում էին մոտ 7000 հայեր, որոց մի մասը ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվեց: Այս բարբառով խոսողներ ներկայում չկան:
Շատախի բարբառ: Վանի վիլայեթի Շատախ գավառի հայության բարբառն է: Պատկանում է կը ճյուղին: Աճառյանը համարում էր Վանի բարբառի ենթաբարբառ: 19-րդ դարասկզբին Շատախի գավառակն ուներ 26250 հայ բնակչություն, որից 4000-ը՝ գավառակենտրոն Շատախ գյուղաքաղաքում: Ցեղասպանության տարիներին ինքնապաշտպանության շնորհիվ փրկված շատախցիների մի մասը հաստատվել էր Խորհրդային Հայաստանում: Այս բարբառով խոսողներ ներկայում չկան: Շատախի բարբառն ուսումնասիրել է Մ. Մուրադյանը (Մ. Մուրադյան, Շատախի բարբառը, Ե. 1962):
Ոզմի բարբառ: Այս բարբառով խոսում էին Վանի վիլայեթի Վան գավառի Ոզմ կամ Ոզիմ գյուղում: Պատկանում է կը ճյուղին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ոզիմն ուներ մոտավորապես 200-300 տուն հայություն: Ցեղասպանության տարիներին քրդերի կողմից ենթարկվեց հարձակման ու ավերվեց, քիչ ոզմեցիներ կարողացան փրկվել և գաղթել: Ներկայում այս բարբառով խոսողներ չկան:
Պոլսո բարբառ: Արևմտահայերենի հիմքում դրված է հենց այս բարբառը: Պատկանում է կը ճյուղին: Ցեղասպանության տարիներին պոլսահայությունը գավառահայության համեմատ մարդկային կորուստներ քիչ ունեցավ, սակայն հետագայում՝ հանրապետության շրջանում, Պոլսո բարբառը տուժեց Թուրքիայի ազգայնական քաղաքականության հետևանքով, որի պատճառով բարբառն օրեցօր նվաղում է: Բարբառն ուսումնասիրել է Հրաչյա Աճառյանը (Հ. Աճառյան, Քննություն պոլսահայ բարբառի, Երևան, 1941)։
Ռոդոսթոյի բարբառ: Ռոդոսթո քաղաքը գտնվում էր Օսմանյան Կայսրության եվրոպական հատվածում, այժմ այն կրում է Թեքիրդաղ անունը: Պատկանում է կը ճյուղին: 1912 թ. դրությամբ ուներ մոտ 13000 հայ բնակչություն: Ցեղասպանության և դրան հաջորդած տարիներին քաղաքը հայաթափվեց: Ռոդոսթահայերի մի մասը գաղթեց Բուլղարիա, որտեղ բարբառը շարունակեց գործածել որպես հաղորդակցման լեզու: Ռոդոսթոյի բարբառն ուսումնասիրել է Հ. Մեսրոպյանը՝ իր «Ռոդոսթոյի կամ բուլղարահայերի բարբառի ընդհանուր նկարագիրը» վերնագրով հոդվածում:
Սասունի բարբառ: Այս բարբառով խոսում էին Բիթլիսի վիլայեթի Գենջ գավառի Սասուն գավառակում: Պատկանում է կը ճյուղին: Մեծ Եղեռնի ժամանակ սասունցիներն ինքապաշտպանություն կազմակերպեցին, ինչի արդյունքում 60000-անոց հայ բնակչությունից մոտ 15000-ը փրկվեց և գաղթեց Արևելյան Հայաստան: Բարբառը վերապրել է Ցեղասպանությունը, սակայն հետզհետե քչանում է այս լեզվով խոսողների թիվը: Սասունի բարբառն ուսումնասիրել է Վ. Պետոյանը (Վ. Պետոյան, Սասունի բարբառը, Երևան, 1954):
Սեբաստիայի բարբառ: Այս բարբառով խոսում էին Սեբաստիայի վիլայեթի կենտրոն Սեբաստիա քաղաքում և շրջակա հայաբնակ վարերում: Պատկանում է կը ճյուղին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սեբաստիայի վիլայեթում բնակվում էր մոտ 418000 հայություն: Դեռևս համիդյան ջարդերին զոհ էր գնացել մոտ 20-25000 հայ, իսկ արդեն Մեծ Եղեռնի ընթացքում ամբողջ վիլայեթի հայությունը տարագրվեց կամ կոտորվեց: Ցեղասպանությունը վերապրած փոքրաթիվ հայեր բռնի իսլամացվեցին ու թրքացվեցին: Այսօր Սեբաստիայի բարբառով խոսողներ չկան:
Վանի բարբառ: Վանի վիլայեթի համանուն գավառի կենտրոն Վան քաղաքի ու շրջակա հայաբնակ վայրերի բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: 20-րդ դարի սկզբին գավառահայության կենտրոն Վանն ուներ մոտ 12500 հայ բնակչություն: 1915 թ. Վանում կազմակերպվեց հզոր ինքնապաշտպանություն ընդդեմ թուրքական կանոնավոր բանակի, որին օժադակում էին նաև գեմանացի հրետանավորները: Վանեցիները և շրջական բնակավայրերից Վան անցած հայերը դիմադրեցին մինչև ռուսական բանակի հասնելը, սակայն ռուսական բանակի կեղծ նահանջի պատճառով ստիպված եղան դուրս գալ Վանից: Վանի բարբառը Ցեղասպանությունից հետո չպահպանվեց, քանի որ վանեցի գաղթականները ցրվել էին աշխարհի տարբեր կողմեր, և հոծ համայնքներ չէին ձևավորվել: Վանի բարբառը ուսումնասիրել է Հր. Աճառյանը (Հրաչյա Աճառյան, Քննություն Վանի բարբառի, Երևան, 1952), իսկ Հ. Թուրշյանը հրապարակել է «Բառարան Վանի բարբառի» աշխատությունը (Երևան, 2018):
Տիգրանակերտի բարբառ: Տարածված է եղել Տիգրանակերտ քաղաքում և շրջակայքի հայաբնակ վայրերում: Պատկանում է կը ճյուղին: 20-րդ դարի սկզբին Տիգրանակերտն ուներ մոտ 15000 հայ բնակչություն: Ցեղասպանության հետևանքով տեղի հայությունը կոտորվեց, տարագրվեց կամ ձուլվեց: Մինչև 1950-ական թվականները Տիգրանակերտում՝ վերապրած հայերի շրջանում, դեռևս այս բարբառով խոսում էին, սակայն այսօր Տիգրանակերտի բարբառով խոսողներ այլևս չկան: Տիգրանակերտի բարբառն ուսումնասիրել է Ա. Հանեյանը (Ա. Հանեյան, Տիգրանակերտի բարբառը, Երևան, 1978):
Քաբուսիեի բարբառ; Այս բարբառով խոսում են Հալեպի վիլայեթի Անտիոքի գավառի Քաբուսիե գյուղում: Պատկանում է կը ճյուղին: Մինչև Ցեղասպանությունն ուներ 1125 հայ բնակիչ, որոնք տեղահանվեցին և կոտորվեցին:
Օրդուի բարբառ: Փոքր Ասիայի մերձսևծովյան Օրդու քաղաքի և հարակից վայրերի հայության բարբառն էր: Պատկանում է կը ճյուղին: 1912 թ. տվյալներով՝ քաղաքն ուներ 7339 հայ բնակչություն: Այժմ այս բարբառով խոսում են քիչ թվով մարդիկ, որոնք ապաստան են գտել Աբխազիայում և Հարավային Ռուսաստանի ծավափնյա շրջաններում:
Բնականաբար սա սպառիչ ցանկը չէ հայերենի այն բոլոր բարբառների, որոնցով խոսել են նախկին Օսմանյան Կայսրության, ներկայիս Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներում: Հայ բարբառագիտությունը համեմատաբար ուշ է ձևավորվել, և հավանաբար եղել են ուսումնասիրողների ուշադրությունից վրիպած, անհայտ և չուսումնասիրված բարբառներ: Վստահ ենք, որ Ցեղասպանության հետևանքով մի շարք բարբառների մասին տեղեկություններ չեն հասել մեզ: Մի շարք բարբառներ էլ ուսումնասիրողների կողմից չեն հասցրել հավուր պատշաճի ուսումնասիրվել՝ պարզելու համար նրանց տեղն ու դերը բարբառագիտության մեջ: Միևնույն ժամանակ հետզհետե փոքրացել է ցեղասպանությունը վերապրած բարբառակիրների թիվը՝ ինչը լուրջ դժվարություններ է սռաջացրել բարբառագիտության հարցերով զբաղվողների համար:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտ է նորովի գնահատել Թուրքիայի և Ադրբեջան կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը, և ըստ այդմ վերագնահատել դրա հետևանքով հայությանը հասցված վնասները:
Տիգրան Չանդոյան
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող
Akunq.net