կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-22 16:30
Առանց Կատեգորիա

Ուկրաինան ''լվաց'' Սերժ Սարգսյանի երեսը

Ուկրաինան ''լվաց'' Սերժ Սարգսյանի երեսը

Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի: Երեկ Ուկրաինայի կառավարությունը որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելու գործընթացը: Վաշինգտոնը և Բրյուսելը հիասթափություն են հայտնել Կիևի որոշման կապակցությամբ, Բրյուսելում Ուկրաինայից նաև բացատրություններ են պահանջել:

 

Չնայած ՌԴ Դուման արդեն շնորհավորել է Ուկրաինային եվրաինտեգրման ընտրված ուղուց հրաժարվելու համար, սակայն Կրեմլը բավականին զուսպ է արձագանքել. այստեղ միայն նշել են, որ հարգում են Կիևի սուվերեն որոշումը:  Իսկ այսօր Լիտվայի նախագահի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նախագահ Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկոր Յանուկովիչը խոստովանել է, որ որոշումը փոփոխելու պատճառը Ռուսաստանի տնտեսական ճնշումներին և շանտաժին չդիմանալն էր: Ըստ նրա` իրենց սպառնացել են սահմանափակել ուկրաինական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ինչի հետևանքով Ուկրաինան միլիարդավոր դոլարների վնասներ կկրեր:

 

Այսպիսով` Ուկրաինան դարձավ երկրորդ պետությունը Հայաստանից հետո, որը հրաժարվեց եվրաինտեգրման քաղաքականությունը շարունակելուց: Դրանով Կիևը հիանալի նվեր մատուցեց Հայաստանի իշխանություններին: Հատկապես այն հանգամանքը, որ Ուկրաինան փաստացի բաց տեքստով է խոսում ռուսական շանտաժին դիմակայել չկարողանալու մասին, համոզում է, որ Սերժ Սարգսյանն իսկապես սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելու այլընտրանք չուներ: Այլ կերպ ասած` կատարված շրջադարձի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է միայն Ռուսաստանի վրա, որը դրանից առանձնապես չի էլ նեղսրտում: Բայց Արևմուտքում նման ընկալման ամրատավորումը ՀՀ իշխանությունների համար կարևոր էր` ավելի պարզերես երևալու համար: Եվ այս իմաստով Ուկրաինան իր որոշմամբ սրբեց Երևանի կեղտոտված երեսը:

 

Սակայն բոլոր դեպքերում, ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայի կորուստը ԵՄ-ի համար անդարմանելի ցավոտ ու ծանր է: Բանն այն է, որ, ի տարբերություն Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված մյուս երկրների, Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում ոչ թե պետք է նախաստորագրվեր, այլ ստորագրվեր վերջնականապես, ինչով փաստացի կկատարվեր Ուկրաինան Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտուց հանելու ստրատեգիական պլանը: Ըստ էության` Արևելյան գործընկերության ծրագիրը իմաստավորվում էր գլխավորապես հենց Ուկրաինայի` դրանում ընդգրկված լինելու հանգամանքով, որից զրկվելը էականորեն թուլացնում է այդ ծրագրի քաղաքական ու ստրատեգիական նշանակությունը, փաստացի ամրագրում դրա ձախողումը: Այնպես որ` իրականում այս պարտիայում Ռուսաստանը տարավ երկրորդ ու չափազանց կարևոր հաղթանակը ԵՄ-ի նկատմամբ: Ռուսաստանը, բառի բուն իմաստով, Ուկրաինան դուրս քաշեց ԵՄ-ի գրպանից, և հենց այս իմաստով է, որ Կիևի որոշումը առանձնակի ցավոտ է Բրյուսելի համար:

 

Վիլնյուսի գագաթաժողովին մնացել է մեկ շաբաթ: Մոսկվան, անշուշտ, այդ ընթացքում կփորձի նաև Մոլդովային ծնկի բերել` խաղարկելով հիմնականում Մերձդնեստրի հակամարտության խաղաքարտը, բայց դրա համար նա իր տրամադրության տակ քիչ ժամանակ ունի: Սակայն եթե անգամ դա չստացվի, միևնույն է, նրա ձեռք բերածն ավելին է, քան կորցրածը: Մոսկվայի համար հիմնական խնդիրը դառնալու է Ուկրաինային ամեն գնով Մաքսային միություն քաշելը, ապա նաև եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրելը:

 

Դրա համար անհրաժեշտ կլինի հաղթահարել երկու գործոն` Ուկրաինայի արևմտյան շրջաններում ԵՄ ասոցացումից հրաժարվելու որոշման դեմ արդեն իսկ ծայր առած բողոքի ալիքը, որն, անտարակույս, հրահրվելու է նաև Արևմուտքի կողմից, և երկրորդ` Ուկրաինայի իշխանությունների հնարավոր մանևրումները` կապված Մաքսային միությանը չանդամակցելու, սրա հետ կապված ռուսական ճնշումներին դիմակայելու դիմաց Արևմուտքից ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքների հետ: Խնդիրն այն է, որ երկրի նախաճգնաժամային վիճակում գտնվող տնտեսությունը նման ֆինանսական ներարկումների կարիքն զգում է առավել քան երբևէ: Սակայն եթե Մոսկվային հաջողվի Ուկրաինային «դարձի բերել» վերջնականապես, ապա ոչ միայն զգալիորեն կմեծանա Մաքսային միության քաղաքական կշիռը, այլև Եվրասիական տնտեսական միության ստեղծման հեռանկարը կդառնա շատ ավելի իրատեսական: Ուկրաինայի զինաթափումը Ռուսաստանին մղելու է ավելի ինտենսիվացնել ԱՊՀ ողջ տարածքի արագ «յուրացման» կամ, ավելի ճիշտ, գաղութացման պրոցեսները:

 

Այս համատեքստում միջինասիական երկրների հետ միասին հիմնական թիրախում կարող է հայտնվել նաև Ադրբեջանը, որի առջև Ուկրաինայի շրջադարձն իրականում նոր հորիզոններ է բացում: Լինելով Արևելյան գործընկերության ծրագրի թեկուզև ամենապասիվ անդամը` Ադրբեջանը հիանալի շանս է ստանում իրեն դրսևորելու որպես հետխորհրդային տարածքում Արևմուտքի միակ վստահելի գործընկերը Վրաստանից ու Մոլդովայից հետո: Ադրբեջանը կարող է Արևմուտքի կողմից իսկապես ընկալվել որպես հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական էքսպանսիոն քաղաքականությանը դիմակայելու միակ պատվարը, ինչը լուրջ քաղաքական դիվիդենդներ կարող է բերել Բաքվին` առաջին հերթին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դիրքերն ավելի ամրացնելու առումով: Ողջ հարցն այն է` թե ո՞ր նժարն ավելի ծանր կգնահատի Բաքուն իր համար` արևմտյան քաղաքական հենարանի կարգավիճակն ստանա՞լը, թե՞ դրանով Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի մեջ մտնելու հեռանկարից խուսափելը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ