Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20-րդ դարավերջին Ադրբեջանը, տուրք տալով ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպանական գործելաոճին, վերսկսեց այլ էթնիկ խմբերի նկատմամբ բռնաճնշումների քաղաքականություն իրականացնել: Այդ ցեղասպանական քաղաքականության և էթնիկ զտումների զոհը դարձավ Սումգայիթի և Բաքվի հայությունը, որը ենթարկվեց զանգվածային ջարդերի և տեղահանումների: Ադրբեջանի այս վատթար քաղաքականությունից չխուսափեցին նաև նրա թալիշաբնակ շրջանների շիայական խմբերը: Ի մասնավորի պետք է փաստել Նարդարանի շիա բնակչության նկատմամբ իրականացվող մշակութային ցեղասպանությունը :
Ադրբեջանական հանրապետությունը, լինելով շիայական մեծամասնություն ունեցող երկիր, աշխարհիկ պետություն է, և երկրի Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը : 1992 թ. օգոստոսի 20-ին Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի մեջլիսը, ընդունեց որոշում «Դավանանքի ազատության մասին», որի համաձայն՝ բոլոր կրոններն ու կրոնական կազմակերպությունները հավասար են օրենքի առաջ: Սակայն իրականում երկրում կրոնական վերահսկողություն սահմանվեց:
Չնայած Բաքվի իշխանություններն ընդգծում են իրենց վարչակարգի՝ կրոնական հանդուրժողականության և բազմամշակութային քաղաքական մոդել լինելու հանգամանքը, սակայն կրոնական դոգմատիզմը Ադրբեջանում չի արտացոլում իրերի իրական դրությունը: Այս երկրի իշխանական համակարգը ջանք չի խնայում պահպանելու իր աշխարհիկ կենսակերպը, ինչը հնարավորություն է տալիս մեզ փաստելու, որ հետխորհրդային շրջանում այս երկրի շիա բնակչության նկատմամբ կրոնական հանդուրժողականություն բնավ գոյություն չունի:
ԱՀ իշխանությունները վերահսկողություն էին սահմանել կրոնական և կրոնաքաղաքական ակտիվության ցանկացած դրսևորման դեմ, կիրառում էին բազմաթիվ սահմանափակումներ: Այդ սահմանափակումներից կարելի է նշել հասարակական վայրերում, դպրոցներում, համալսարաններում գլխաշորի արգելքը, չէր թույլատրվում շիայական մի շարք ծիսակարգերի (բարձրաձայն աղոթք (ազան), Աշուրայի սգո արարողակարգ և այլն) անցկացումը: Թեև Բաքվի վարչակարգի շիայական շարժումները ճնշելու գործողությունները շարունակական բնույթ էին կրում, սակայն բոլոր հակակրոնական սահմանափակումները հանդիպում էին համառ դիմադրության շիայական խմբերի կողմից:
Շիա ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների մասին են վկայում 2010 թ. հիջաբի արգելքի օրենքի դեմ ցույցերը և Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլ 2012»-ի ընթացքում «Ադրբեջանի իսլամական կուսակցության» առաջնորդ Հաջ Մոհսեն Սամադովի և «Ազգային-հոգևոր արժեքների միության» առաջնորդ Հոջաթոլեսլամ Ֆարամիզ Աբբասով Ռուհոլահի ձերբակալումը, որոնք կտտանքների ենթարկվեցին: Բռնաճնշումները Բաքվով չսահմանափակվեցին և ընդգրկեցին ադրբեջանական այլ շրջաններ ևս ։
ԱՀ-ի կողմից հակաշիայական գործողությունների նոր ալիք նշանավորեցին նաև 2015 թ. նարդարանյան դեպքերը, որոնք վերոնշյալի տրամաբանական շարունակությունն են: Նարդարանը Ափշերոնյան թերակղզում գտնվող 9 հազար բնակչություն ունեցող ավան է, որը հեռավորությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից մոտ 30 կմ է, և, չնայած աշխարհիկ Բաքվին այդքան մոտ լինելուն, այն Ադրբեջանի ամենակրոնականացված և պահպանողական շիայական կենտրոնն է: Ոմանք Նարդարանն անվանում են «փոքրիկ Իրան», որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհիվ կրոնական անջատողականությունը տապալվեց: Նարդարանը հաճախ բնութագրվում է նաև որպես «պետություն պետության մեջ», քանի որ այնտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս շրջանների, մարդիկ փորձում են ապրել շարիաթի կանոններով, կանայք հիջաբ են կրում, ավանում կան մի շարք շիայական սրբատեղիներ, փողոցներում փակցված են իսլամական կարգախոսներ: Նարդարանն իր կրոնական ավանդույթները պահպանել է նույնիսկ խորհրդային շրջանում, ինչի հետևանքով Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունները մեծ հեղինակություն չունեին Նարդարանում:
Հենց այս ավանում էր ստեղծվել «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը»։ 2015 թ. փետրվարին Նարդարանում հիմնվեց նաև «Մուսուլմանական միասնություն» կրոնական կազմակերպությունը՝ Թալեհ Բաղիրզադեի գլխավորությամբ, որը բարձրացնում էր սոցիալական և կրոնական հարցեր: Ըստ «Human Rights Without Frontiers» միջազգայն իրավապաշտպան կազմակերպության՝ այս կառույցի անդամները չեն ճանաչում Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի իշխանությունը և որպես կրոնական առաջնորդ ընդունում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին :
Ադրբեջանի անկախացումից հետո երկրի իշխանությունները, պայմանավորված սոցիալական պայմանների բարելավման խնդրով կամ կրոնական սահմանափակումներով, մի քանի անգամ բախվել են նարդարանցիների հետ ։ Բաքվի վարչակարգի կողմից Թալեհ Բաղիրզադեի և շիա այլ հոգևորականների ու ակտիվիստների դեմ հալածանքների հերթական առիթ հանդիսացավ Թալեհ Բաղիրզադեի՝ 2014 թ. ԱՀ ժամանած այաթոլլահ Նուրի Համեդանի ձեռքերը համբուրելու դեպքը, որով Բաղիրզադեն ի ցույց էր դնում իր նվիրվածությունը շիայականությանը :
2015 թ. հոկտեմբերի 23-ին Նարդարանում տեղի ունեցավ բազմամարդ երթ Աշուրայի ծիսակատարության կապակցությամբ, որի ընթացքում մասնակիցները հնչեցրին քաղաքական բովանդակությամբ կարգախոսներ: Բնակիչները նաև պահանջում էին թույլատրել հիջաբ կրել դպրոցներում, ազատ արձակել ԱԻԿ-ի առաջնորդ Մովսում Սամեդովին և աստվածաբան Ազզգուլ Սամեդովին: Ոստիկանությունը դիմում է ուժի կիրառման։ Իրադարձությունների նման զարգացմանը զուգընթաց՝ նոյեմբերի 26-ին՝ կեսօրվա նամազի ժամանակ ներխուժելով Նարդարանի «Իմամ Հուսեյն» մզկիթ՝ ոստիկանությունը բռնություն է գործադրում հավաքվածների նկատմամբ, ձերբակալում 15 հավատացյալների: Ձերբակալվածների թվում էր նաև «Մուսուլմանական միասնություն» հավատացյալների միավորման ղեկավար Թալեհ Բաղիրզադեն: Ոստիկանները նաև պոկում են կրոնական բովանդակությամբ պաստառները, դրոշները և դրանց փոխարեն տեղադրում Ադրբեջանի դրոշը :
Դեկտեմբերի 2-ի դրությամբ բոլոր կրոնական պաստառները հեռացվել էին ամբողջ ավանից, փոխարենը փակցվել էին Ադրբեջանի պետական դրոշներ: Բողոքները Նարդարանով չեն սահմանափակվում՝ տարածվելով նաև Ադրբեջանի այլ շրջաններում: Մասնավորապես բախումներ են լինում Գյանջայում (Գանձակ), որտեղ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ոստիկանները մի քանի անգամ «ծայրահեղականներին ձերբակալելու» հատուկ գործողություններ են իրականացնում: Նոյեմբերի լույս 27-ի գիշերը բողոքի ցույցեր են սկսվում նաև հիմնականում թալիշաբնակ Լենքորանում (Իրանի սահմանին մոտ շրջան) : 2016 թ. Լենքորանում ձերբակալվում են կրոնական գործիչներ Հիքմեթ Իսաևը և սեյյեդ Վուգար Իսայիլովը, որոնք մեղադրվում էին Նարդարանում ձերբակալված Թալեհ Բաղիրզադեի խմբավորմանը հարելու համար : Դեկտեմբերի 1-ին անվտանգության ուժերը շրջափակեցին Նարդարանը և զրահատեխնիկա մտցրին ավան: Ալիևյան բռնապետական վարչակարգը, աչքի առաջ ունենալով Սումգայիթի և Բաքվի հայության ջարդերը, հսկայական զինուժ կուտակելով Նարդարանի շիաների ուղղությամբ ևս, փորձեց բռնի ուժով ճնշել վարչակարգի համար ոչ հաճո ընդդիմադիր ուժերի կրոնական մղումները: Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ կատարեց «ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի» վերաբերյալ:
Նարդարանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ստորագրեց օրենք, որն արգելում է կրոնական արմատական գաղափարներ տարածող կազմակերպությունների գործունեությունը :
Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնց հետևանքով տեղի են ունեցել նարդարանյան դեպքերը: Արտաքին գործոններից են Իրանի հարևանությունը Ադրբեջանին և համաշխարհային շիայական կենտրոն լինելը: Հետաքրքիր է, որ Նարդարանում ցուցարարները պահում էին պաստառներ, որոնց վրա իրանցի բարձրաստիճան պետական և հոգևոր գործիչների նկարներն էին: Պետք է նշել, որ Ադրբեջանում մշտապես վախեցել են Իրանի կողմից իրենց երկիր իսլամական հեղափոխության արտահանումից, ինչի համար բարենպաստ հող կարող է հանդիսանալ Նարդարանը: Այդ կապակցությամբ Բաքվում Իրանի դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում էր հետևյալը. «Իրանը երբեք չի հետապնդել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու նպատակներ և ոչ մի դեր չի խաղացել Նարդարանում տեղի ունեցած իրադարձություններում» :
Դեպքերի առնչությամբ Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը նոյեմբերի 27-ին համատեղ հայտարարություն հրապարակեցին՝ պնդելով, թե բնակավայրի շիա հավատացյալները երկրի Սահմանադրությունը փոխելու և շարիաթ հաստատելու նպատակով ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունը, կողմնակիցներ ձեռք բերել երկրի այլ շրջաններում և նրանց ապահովել զենքով :
ԱՀ իշխանությունների կարծիքով՝ «Մուսուլմանական միասնություն» միավորումը պատրաստվում էր իրականացնելու մի շարք ահաբեկչական գործողություններ՝ նպատակ ունենալով Ադրբեջանում կատարելու հեղափոխություն և հաստատելու շիայական բնույթի կարգեր: Դեպքերին բավականին կոշտ արձագանքեցին իրանցի հոգևորականները և պատգամավորները: Այսպես, օրինակ, Ասթարա քաղաքում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Քազեմ Հաֆեզ Նիան, անդրադառնալով Նարդարանի դեպքերին, ընդգծել է, որ Ադրբեջանում շիա հավատացյալների անվտանգությունն ապահովված չէ, և Բաքվի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն նրանց հանդեպ ոստիկանների կիրառած բռնությունների համար :
Իսկ Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին, դատապարտելով ադրբեջանական իշխանություններին, նշել է. «Իրանը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս իրադարձություններին․ Նարդարանում տեղի ունեցածը հեղափոխական շարժում է: Եթե Ադրբեջանը վերջ չդնի իր ռեպրեսիվ գործողություններին, ապա Իրանը ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ» :
Իր հերթին Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն նարդարանյան իրադարձությունների վերաբերյալ ասել է հետևյալը․ «Այսօր Ադրբեջանի բարօրությունը չցանկացող մի շարք ուժեր փորձում են օգտագործել կրոնական գործոնը և խուճապ ստեղծել: Իսլամը եղբայրության կրոն է: Թալեհ Բաղիրզադեի նման մարդիկ ցանկանում են կործանել ադրբեջանական պետությունը: Բաքվի քարոզչական լավագույն ավանդույթներին համաձայն՝ Փաշազադեն նաև «հայկական հետք է փնտրել» նշված իրադարձություններում:
Նարդարանի դեպքերն ունեն ներքին դրդապատճառներ ևս՝ անմիջականորեն աղերսներ ունենալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետ: Տվյալ իրավիճակում ԱՀ իշխանություններին մնում էր միայն ճնշել բնակչությանը՝ միաժամանակ ապահովելով իրենց շահաբաժինը արտաքին քաղաքականության մեջ՝ միջազգային հանրությանը ցույց տալով ԱՀ ավտորիտար պետության արդարացված լինելը, քանզի պետության մի ստվար զանգված ցանկանում է երկրում հաստատել արմատական իսլամական կարգեր:
Այսպիսով՝ կարող ենք հանգել այն եզրակացությանը, որ նարդարանյան դեպքերը պայմանավորված են Բաքվի վարչակազմի կրոնական քաղաքականությամբ և հավատացյալների հանդեպ հալածանքներով: Բաքվի վարչակազմի իրականացրած այս հակաշիայական կոշտ քաղաքականությունը նշանավորվել է տարբեր ցույցերով, ձերբակալություններով ու արյունալի բախումներով և ուղեկցվել տարբեր մզկիթների փակմամբ ու ավերմամբ, հոգևորականության հետապնդումներով, բազմաթիվ կրոնական ծիսակատարությունների անցկացման արգելքներով և, իհարկե, արևմտյան արժեքների ներդրմամբ (եվրատեսիլյան օրինակով):
Անժխտելի է այն փաստը, որ շիա հավատացյալների խմբերը Բաքվի բռնապետի համար քաղաքական ընդդիմություն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում աշխարհիկ ընդդիմությունն ամբողջությամբ ճնշված է: Ադրբեջանական հանրապետության արշավը Նարդարանի դեմ և Հուսեյնի դրոշների հավաքումը, Նարդարանի շիաների ահաբեկումն ու հալածանքը վկայում են Բաքվի կողմից շիաների դեմ դավադրության նոր ծավալների մասին:
Սիրանույշ Վարդանյան