կարևոր
6322 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 13:55
Սփյուռք Արցախ Տարածաշրջան

Նոր Ջուղայի Հայ դատի յանձնախումբ. Դատապարտում ենք Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները Արցախի ժողովրդի դէմ

Նոր Ջուղայի Հայ դատի յանձնախումբ. Դատապարտում ենք Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները Արցախի ժողովրդի դէմ

Բաքւի բռանակալ Ալիեւի նկրտումներն ու ախորժակը սահման չունեն։ Ադրբեջանի հանրապետութիւնը հերթական յանցագործութիւնն է իրականացնում Արցախի դէմ, սեպտեմբերի 12-ից փակել է Հայաստանից Արցախ տանող կեանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը, իսկ հետագային անջատել է նաեւ գազի հոսանքը, լկտիաբար խօսելով իբր բնապահպանական խնդիրների մասին։ Ադրբեջանը Արցախը հայաթափելու յստակ նպատակ է հետապնդում. Հայաստան-Արցախ ցամաքային կապն անջատելով ծանրացնում է արցախահայութեան բնականոն կեանքի պայմանները, միաժամանակ սադրելով խաղաղապահ առաքելութիւն իրականացնող զօրամիաւորումներին, նրանց հեռացման նախադրեալներն է ստեղծում` թիրախաւորելու արցախահայութեան անվտանգութիւնը։

Ադրբեջանի Հանրապետութիւն կեղծ գոյացութիւնից ի վեր չեն փոխւել նրա նպատակները` բնաջնջել հայութիւնն իր մայր հողում, վերացնել նրա հազարամեակների գոյութեան պատմութիւնն` իր չեղածը հաստատելու համար։ Եւ դա ոչ միայն հայութեան նկատմամբ, այլեւ ուրիշ ազգերի եւ հարեւանների դէմ, նրանց հայրենիքի եւ քաղաքակրթութիւնների հաշւին «քաղաքակրթութիւն, պատմութիւն, մշակոյթ եւ երկիր» յօրինելու անվերջանալի ցանկութեամբ։

Չեն փոխւել նաեւ Ադրբեջանի միջոցները. ֆիզիքական բնաջնջում` ինչպէս Սումգայիութում եւ Բաքւում, պատերազմական յանցագործութիւններ` ինչպէս Արցախի բնակավայրերի թիրախաւորումը, ֆոսֆորային զէնքի օգտագործումը, վանդալիզմը` ինչպէս հայութեան պատմամշակութային կոթողների աւերումը Նախիջեւանում եւ Արցախում, հայատաեացութեան պետական հետեւողական ծրագրերը եւ գործողութիւնները` ինչպէս հայ գերիների կտտանքները միջնադար յիշեցնող ամենասոսկալի ձեւերով ….

Ադրբեջանն վայելում է իր մեծ եղբօր եւ ուսուցչի` Թուրքիայի հովանաւորութիւնն ու ցուցմունքները, որը յատկապէս Արցախի 44-օրեայ պատերազմից յետոյ ուղղակիօրէն ներգրաււած է եղել ե́ւ պատերազմական գործողութիւններում ե́ւ հետագայ դիաւանագիտական աշխատանքներում։ Ադրբեջանին խրախուսում է նաեւ միջազգային ու տարածաշրջանային ներկայ անկայուն պայմանները եւ ուժային կենտրոնների առճակատումները։

Բոլորիս համար պարզ է հայ ժողովրդի թշնամիների նպատակներն ու գործելակերպը, քիչ թէ շատ պարզ է նաեւ միջազգային ուժերի առաջանահերթութիւններն ու շահերը, սակայն անբացատրելի է Հայաստանի եւ Արցախի մեր երկու հանրապետութիւնների եւ առհասարակ հայ ժողովրդի իրաւունքները պաշտպանելու կոչւած Հայասատանի իշխանութիւնների պարտւողական` հայութեանը խեղճացնող մօտեցումները։ Առաւելաբար անընդունելի է նրանց «խաղաղութիւն դարաշրջան» կոչւող քաղաքական ուղղութիւնը, որը համաձայնւել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ուղղութիւն` որն ի զօրու չէ այս կարգի ոխակալ թշնամու ծրագրերը կանխել ու ձախողեցնել, ուղղութիւն` որն արդէն անդառնալի հետեւանքներ է ունեցել մեր ժողովրդի համար, թշնամին մխրճւել է նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան ինքինշխան տարածք, եւ գրաւել կարեւոր նշանակութեամբ դիրքեր, պատճառել հարիւարւոր մարդկային կորուստներ։

Հաշւի առնելով, որ Ադրբեջանը բացայայտօրէն սպառնում է արցախահայութեանը ցեղասպանութեան ենթարկել` նրանց կեանքի եւ գոյութեան պայմանների անհնարինութիւն ստեղծելով, ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժելու կոնվենցիայի հիմամբ պահանջում ենք միջազգային կառոյցներից ազդեցիկ գործողութիւններով դատապարտել եւ կանխել ադրբեջանական հերթական ոտնձգութիւննեըը։

Թէեւ միջազգային որոշ շրջանակներ «խրատական» յայտարարութիւններով կոչ են ուղղել Ադրբեջանին զերծ մնալ նման սադրիչ գործողութիւններից, սակայն համոզւած ենք, որ հայ ժողովրդի եւ հայոց հայրենիքի անվտանգութեան համար վճռական քայլ պէտք է կատարի հենց ինքը հայ ժողովրդը եւ հայոց պետականութիւնը` գերական ու առաջանհերթը համարելով ազգային շահի պաշտպանութիւնը։

Զօրակցում ենք Արցախի Հանրապետութեանն ու արցախահայութեանը եւ պատրաստակամութիւն ենք յայտնում ինչպէս միշտ մեր միջոցներով նպաստել նրանց արժանավայել ու անվտանգ կեանքի ապահովման եւ ինքնորոշման արդար իրաւունքի իրացմանը։

Նոր Ջուղայի Հայ դատի յանձնախումբ

Նոր Ջուղա, Իրան
15 Դեկտեմբերի 2022 թ.