Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն թաղամասում, ուր տարիներով ապրել և որի մասին պատմել է Մկրտիչ Մարկոսյանը, այսօր նրան հիշելով՝ ասում են․ «Ո՛չ գյավուրը մնաց, ո՛չ էլ թաղը…»։
Մեթին Յոքսու
ԴԻԱՐԲԵՔԻՐ-«Գյավուր թաղ» (1992), «Մարկո՛ս, ասա, որտեղացի՞ ես» (1995), «Մեր տոմսը մինչև Ստամբուլ է» գրքերով հայտնի, հայ գրականության վարպետ Մկրտիչ Մարկոսյանին կորցրեցինք երեկ չէ առաջի օրը, իսկ իրենից առաջ էլ կորցրել էինք Գյավուր թաղը, որի մասին նա պատմում էր…
Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է 1938 թ․ դեկտեմբերի 23-ին, Դիարբեքիրի Հանչեփեք թաղամասում, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես Գյավուր թաղ։ Նա իր գրչով վարպետորեն ներկայացրել է այն հողը, որտեղ ապրել է:
Տարիներ շարունակ իր ապրած հողերը նկարագրած Մարկոսյանի թաղամասում այսօր, ինչպես ինքն է ասում, «ո՛չ գյավուր է մնացել, ո՛չ էլ թաղ»… 2017-ին տված հարցազրույցում Մարկոսյանը (Դիարբեքիրի-Ակունքի խմբ․) Սուր շրջանը համեմատում էր «կարկտած կապոցի» հետ։
Փողոցների պատմական ցանցը, որտեղ նա ապրում էր, ամբողջովին ավերվել է։ Պատմական Սուրը, որ հողին է հավասարվել 2015 թվականից հետո, (թուրք-քրդական-Ակունքի խմբ․) հակամարտությունների ընթացքում, նախկինում նույնիսկ Քեչիբուրջուից էլ գեղեցիկ էր, իսկ այժմ աչք է հոգնեցնում իր արտառոց սպիտակությամբ։ Մարկոսյանի նկարագրած «Գյավուր թաղում», այսինքն՝ Հասըրլը թաղամասում, բախումների և դրան հաջորդած ավերածությունների հետևանքով վնասվել են նաև կրոնական տաճարներ։ «Նոր» կառույցների անվան տակ բանտային շենքեր են կառուցվել։ Գունեղ պատմական փողոցները փոխարինվել են սպիտակ ներկված տներով։
Գյավուր թաղի հարևանությամբ, Ջեվաթ փաշա թաղամասում, ուր այժմ գտնվում են պատմական Սուրի նորակառույց տները, TRT-ի կողմից սերիալի նկարահանումների համար ընտրված տարածքում շարունակվում են նկարահանումները։ Եվ տպավորություն է ստեղծվել, թե իբր պատմական Սուրը գեղեցկացել է։
Լավ, իսկ Մարկոսյանի նկարագրած պատմական Սուրում որտե՞ղ է մնացել Գյավուր թաղը։ Թաղամասի մուտքը սկսվում է հենց այն վայրի կողքին, որտեղ՝ պատմական Չորսոտանի մինարեի մոտ, Թահիր Էլչին զոհեց իր կյանքը, ինչը, ըստ նրա, պետք է վերջ դներ հակամարտություններին։
Մեջքով Չորսոտանի մինարեին շրջվելիս «Yeni Kapı Sokağı»-ն, կամ ինչպես Մարկոսյանն է ասում՝ Գյավուր թաղը ձգվում է մինչև Դիարբեքիրի արևելյան դարպասը։ Դիարբեքիրի քիչ հայտնի դարպասը գտնվում է հենց հին հրեական թաղամասի կողքին և բացվում է դեպի Տիգրիս գետի Հեվսելի այգիները: Այսօր այս փողոցին նայելիս հանդիպում ես միայն շղթայական սրճարանի ցուցանակների, աջ ու ձախ գտնվող ոսկերչական և թանկարժեք ապրանքաների ցուցանակների։
Իր հարցազրույցներից մեկում Մարկոսյանն ասել էր. «Ո՛չ գյավուրն է մնացել, ո՛չ էլ թաղը»… 2017 թ․ տված հարցազրույցում Մարկոսյանը Սուրը համեմատում էր «կարկտած կապոցի» հետ։ Նրա փողոցն այսօր բավականին դժվար է գտնել։ Այն փողոցում, ուր նա ապրել է տարիներ, ինչպես նաև իր պատմվածքներում ներկայացված վայրերում այժմ միայն սպիտակ բետոն է։
Առաջ սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հին դռնից դուրս գալով՝ հասնում էիր Գյոչմեն փողոց։ Մարկոսյանի մտերիմ ընկերներից Շեհմուս Դիքենն ասում է. «Երբ ելնում էիր հին դռնից, դուրս էիր գալիս Էսմա Օջաքի տուն։ Հայ Բաբուշի տունը… Այն նույնպես ավերվել է հակամարտության ժամանակ. Հիմա այդ վայրը վերածում են թանգարանի»:
Երբ այսօր Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուց նայում ես թաղամասին, պատկերացնում ես, թե ինչպես է ավերվել Մարկոսյանի նկարագրած թաղամասը…
Գյավուր թաղի եկեղեցում, այսինքն՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում էլ տենդագին աշխատանքներ են տարվում մինչև մայիս վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար։
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու տանիքը բարձրանալիս անմիջապես դիմացդ է հայտնվում Չորսոտանի մինարեն՝ փոքրիկ տեսարանով։
Դրանից բացի, սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մինչ այժմ չօգտագործվող հետևի դուռը բացվել է վերանորոգման աշխատանքների համար։ Եկեղեցու գլխավոր մուտքը փոխվել է «Yeni Kapı Sokağı»-ի։
Թաղամասի վերջում հին հրեական թաղամասն է, որտեղ 1950-ականներից հետո Բինգյոլի զազաներն են սկսել բնակություն հաստատել։ Պարիսպների հենց կողքերին հրեական գերեզմաններն էին։
Արդեն ո՛չ հրեաներից հետք կա, ո՛չ էլ նրանց գերեզմաններից։ 1950-ական թվականներից հետո այն օգտագործվել է որպես դիարբեքիրցիների և շրջակայքում բնակություն հաստատածների գերեզմանոց..
https://www.gazeteduvar.com.tr/ne-gavuru-kaldi-ne-mahallesi-hancepekgavur-mahallesi-galeri-1559110
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net