Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական խոսքով՝ մարտը համարվում է գիժ ամիս: Իրոք, 2022թ. մարտը գիժ էր ոչ միայն եղանակային առումով, այլև` քաղաքական և կենցաղային: 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Արցախում մարտի 8-ին գազի խողովակաշարի պայթեցմանը զուգահեռ աննախադեպ ցուրտն ու ձյունը անակնկալի բերեցին Արցախի բնակչությանը: Այն Արցախում բնակվողների հոգեբանական ընկճվածությունն ու ցասումն առավելագույնի հասցնելու նպատակ էր հետապնդում: Այդ ամենին հաջորդեցին Փառուխ գյուղի և Շիկաքար բարձունքի իրադարձությունները: Քարագլուխի բռնազավթումը, հատկապես պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրետանային կրակի հետևանքով զոհերի և վիրավորների փաստը նոր մտահոգությունների տեղիք տվեց:
Միջազգային հանրությունը վերջին օրերին իր ուշադրությունը սևեռել էր Ուկրաինայի վրա: Ադրբեջանը, այդ առիթից օգտվելով, փորձեց նախ ստուգել Արցախի զինված ուժերի պատրաստվածության, ապա Ռուսաստանի հնարավոր հակազդեցության աստիճանը: Դեպքերի զարգացումը փաստեց, որ ՌԴ-ն ոչ միայն խաղաղապահ ուժերի միջոցով է պատրաստ խաղաղության երաշխավոր դառնալու, այլև չի խուսափում լայնամասշտաբ ճնշման միջոցներով Ադրբեջանին խաղաղություն պարտադրելուց: Մյուս կողմից, ըստ լրատվական կայքերի՝ Ադրբեջանի այժմյան նպատակը Արցախը զինաթափելն է, որի ուղղակի հետևանքը կլինի Արցախի հայաթափումն ու ցեղասպանության փաստացի շարունակությունը:
Այս բոլոր երևույթների համայնապատկերում ի՞նչ է կատարվում հայկական կողմում: Նախ և առաջ նկատեցինք, որ Արցախում դիտվող հումանիտար իրավիճակը ՀՀ իշխանությունների մտահոգության առարկան չէր: Միայն վերջին օրերին ՀՀ նորանշանակ ՄԻՊ-ը և ՀՀ վարչապետը գնահատական տվեցին դրան: Մինչ այդ, մարտի 10-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետը չցանկացավ գնահատական տալ Արցախում ադրբեջանցիների գործողություններին: Տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդին շինծու, սկանդալային նյութերով և լրատվությամբ զբաղեցնելով՝ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի օրակարգը հետևողականորեն մատուցվում է որպես երկրորդական, անկարևոր օրակարգ: ՀՀ իշխանությունների այս անհեռատես քաղաքականությունը ոչ միայն միջազգային ասպարեզում մեր վարկի ու հեղինակության անկման պատճառ է դարձել, այլև ներքին ճակատում ավելի շեշտակի է դարձրել անհանդուրժողականությունն ու պառակտոմը: Այս ամենով հանդերձ, վերջին հաշվով, հիմնականն ու առանցքայինը մնում է Արցախում բնակվողների՝ դժվարություններին դիմադրելը: Պետք է խոստովանել, որ Արցախում եւս առկա է անվստահության մթնոլորտ: Տեղեկատվական միտումնավոր խառնաշփոթությունը (հատկապես՝ համացանցային լրատվական միջոցներով և Facebook հարթակով) ապատեղեկատվության մեծ հոսք է ստեղծում, որը հաճախ անտեղի խուճապի, բարոյալքության և հուսահատության պատճառ է դառնում, ինչն էլ այս ծանր հոգեբանական իրավիճակում մեր գլխավոր շարքային թշնամին է: Այս բոլոր իրողություններից զատ՝ ժամանակն է, որ ավելի խորը համալրվենք, մեր հույսը միայն մենք ենք: Քարագլխի դիրքերի կորուստը ապացուցեց, որ մեր անվտանգության միակ երաշխավորը ԱՀ Պաշտպանության բանակն է:
«Ապառաժ»-ի խմբագրական
31 մարտի, 2022թ.